- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ հետազոտողները մասնակցել են Թբիլիսիում կայացած համաժողովին
Նոյեմբեր 22, 2023 | 13:21
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
ԵՊՀ հետազոտողները մասնակցել են Թբիլիսիում կայացած համաժողովին
Ս.թ. նոյեմբերի 20–22-ը «Caucasus Barcode of Life» («CaBol») ծրագրի շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել համաժողով՝ «Ընթացիկ միջազգային համագործակցության շրջանակում Կովկասի կենսաբազմազանության ուսումնասիրությունը» խորագրով:
«CaBol» ծրագրի նպատակն է ստեղծել Կովկասի ցամաքային ու ջրային բոլոր օրգանիզմների՝ բույսերի, կենդանիների, մանրէների հավաքածուներ, ինչպես նաև կենսաբազմազանության կենտրոն, որտեղ կհավաքագրվեն Կովկասի հարուստ կենսաբազմազանության նմուշներ:
Հայաստանում հավաքված նմուշների լաբորատոր մշակումը հիմնականում կատարվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում՝ ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի և ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանի ու Սարգիս Աղայանի ղեկավարությամբ: Ծրագրի շրջանակում ամբիոնի մասնագետներն իրականացրել են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից հավաքագրվել են մեծաքանակ նմուշներ:
Թբիլիսիում անցկացված համաժողովին մասնակցել են Կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներ և ուսանողներ, որոնք շնորհանդեսների և պաստառային զեկույցների տեսքով ներկայացրել են ծրագրի շրջանակում իրենց կատարած գիտական աշխատանքներն ու ձեռքբերումները:
«CaBol» ծրագրի շրջանակում նախատեսվում է ամրապնդել գործակցությունը գործընկերների միջև և նախաձեռնել հետազոտական նոր նախագծերի իրականացում կենսաբազմազանության ոլորտում: «CaBol»-ի տվյալների բազան կարևոր հիմք կդառնա Հայաստանի բնության հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հանրային միջոցառումների իրագործման համար:
Հավելենք, որ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում հավաքված նյութերը հիմք են դարձել թեկնածուական 1, մագիստրոսական 2 և ավարտական 6 աշխատանքների ստեղծման համար։