- Գլխավոր
- Նորություններ
- Արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկի՝ Նիզար Կաբանիի բանաստեղծությունները ներկայացվեցին հայերեն
Դեկտեմբեր 04, 2023 | 11:00
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկի՝ Նիզար Կաբանիի բանաստեղծությունները ներկայացվեցին հայերեն
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում տեղի ունեցավ արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկի՝ սիրիացի գրող Նիզար Կաբանիի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Նիզար Կաբանին քաղաքական գործիչ է և բանաստեղծ, որը ստեղծագործել է սիրո, կրոնական, հայրենասիրական թեմաներով՝ իր ստեղծագործություններում անդրադառնալով նաև կանանց իրավունքներին ու ազատություններին՝ ընդգծելով կնոջ դերը արաբական հասարակության մեջ։ Նրա հայրենասիրական բանաստեղծությունների մի մասը նաև երգերի է վերածվել։
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողներն արաբերենից հայերեն են թարգմանել Կաբանիի բանաստեղծությունները, որոնք հնչեցին միջոցառմանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։ Նա, կարևորելով միջոցառումը, նշեց, որ նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են ուսումնական գործընթացն առավել արդյունավետ դարձնելուն և ուսանողներին փոխանցում են հավելյալ գիտելիքներ ու հմտություններ։
«Գրականությունն ուսումնասիրելն արաբագետի մասնագիտության տեսանկյունից անկյունաքարային նշանակություն ունի, որովհետև գեղարվեստական գրականությունը հնարավորություն է տալիս խորապես ճանաչելու տվյալ երկիրն ու ժողովրդին»,-ասաց պրոռեկտորը՝ հավելելով, որ Նիզար Կաբանին այն հեղինակներից է, որը կարողացել է իր ստեղծագործությունների մեջ միահյուսել ավանդույթն ու ժամանակի զարգացման միտումները։
Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը, շնորհակալություն հայտնելով սիրիական գրականությամբ հետաքրքրված դասախոսներին ու ուսանողներին, կարևորեց ուսանողների գործադրած մեծ ջանքերը․ «Նիզար Կաբանին չէր ցանկանում, որ իր բանաստեղծությունները թարգմանվեն՝ մտավախություն ունենալով, որ թարգմանություններն ամբողջությամբ չեն համապատասխանի բնագրին։ Հայ ուսանողները բավականին բարդ աշխատանք են կատարել, և վստահ եմ, որ նրանց կատարած հայերեն թարգմանությունների շնորհիվ կընձեռվի գրական գործերն ըմբոշխնելու հնարավորություն»։
Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, խոսելով Նիզար Կաբանիի թողած մեծ ավանդից, նշեց, որ նա իր ստեղծագործություններով աշխարհի հետ խոսում է համամարդկային լեզվով, որը ճշմարտության լեզուն է՝ համամարդկային ճշմարիտ արժեքներ դավանելու և դրանք գեղարվեստական գրականության միջոցով աշխարհին քարոզելու սկզբունքով։ Դեկանն ուսումնագիտական գործընթացում կարևորեց նաև արևելյան գրականության ուսումնասիրության անհրաժեշտությունն ապագա արևելագետների համար։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցեցին Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչները։