- Գլխավոր
- Նորություններ
- Ֆինանսական ոլորտի զարգացման նոր հնարավորություններ․ կնքվել է համագործակցության համաձայնագիր
Դեկտեմբեր 13, 2023 | 16:20
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Ֆինանսական ոլորտի զարգացման նոր հնարավորություններ․ կնքվել է համագործակցության համաձայնագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Կոնվերս Բանկ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ջանքերը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ հաստատված համագործակցության ու ստորագրված համաձայնագրի շրջանակում կողմերը համատեղ մշակելու և իրականացնելու են կրթական ու հետազոտական ծրագրեր։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ կրթության զարգացման երաշխիքներից մեկը կապն է աշխատաշուկայի հետ. «Համալսարանի տրամադրած գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի աշխատանքում։ Այս համագործակցությամբ մենք կկարողանանք հասկանալ ու ձևակերպել արդի միտումները, վերանայել մեր կրթական ծրագրերն ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց»։
Անդրանիկ Գրիգորյանն իր խոսքում նշել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, մրցունակ կրթության կարևորությունը. «Այսօրվա ուսանողները վաղը համալրելու են տարբեր ոլորտների կառույցների, այդ թվում՝ բանկերի աշխատակիցների շարքերը: Մենք կարևորում ենք մասնակցությունը ֆինանսական համակարգի մասնագետների պատրաստման գործում և պատրաստ ենք աջակցելու ինչպես մեր փորձառությամբ, այնպես էլ համատեղ տարբեր նախագծերի իրականացման միջոցով»։
Սահմանված նպատակներին հասնելու համար կիրառվելու են ԵՊՀ ուսումնամեթոդական բազաները, լաբորատորիաները, մարդկային ռեսուրսներն ու մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև «Կոնվերս Բանկ» ընկերության ռեսուրսներն ու պրակտիկ գիտելիքները:
Բուհ-մասնավոր ընկերություն կապն ամրապնդելու և այն զարգացնելու համար կազմակերպվելու են գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, այդ թվում՝ միջազգային, միմյանց են ներկայացվելու կատարված հետազոտությունների արդյունքները։
Բացի դրանից՝ համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն ընկերության աշխատակիցների համար կազմակերպելու է կարճաժամկետ դասընթացներ, ինչպես նաև ապահովելու է նրանց մասնակցությունը ամբիոնի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի առանձին դասընթացներին։
Հաստատված գործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենալու իրենց մասնագիտական պրակտիկան անցնելու «Կոնվերս Բանկ» ընկերությունում։
Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, կարևորելով բուհ-աշխատաշուկա համագործակցությունը, քննարկել են ակնկալվող արդյունքներն ու նոր ծրագրերի իրագործման հնարավորությունները։