- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմը՝ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում նվաճեց եզրափակիչի ուղեգիր
Դեկտեմբեր 19, 2023 | 15:40
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ թիմը՝ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում նվաճեց եզրափակիչի ուղեգիր
ԵՊՀ ուսանողները, մասնակցելով «ICPC» միջազգային ծրագրավորման մրցույթին, արձանագրեցին լավագույն արդյունք։
«ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչի արդյունքներով ԵՊՀ 5 թիմեր իրավունք էին ստացել մասնակցելու «ICPC» մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային կիսաեզրափակիչ (NEF) փուլին։
Մրցույթն անցկացվեց ս.թ․ դեկտեմբերի 13-ին միաժամանակ 4 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում և Քութայիսում։ Քութայիսի մրցույթին մասնակցում էին 44 թիմեր (12-ը՝ Հայաստանից, 14-ը՝ Վրաստանից և 18-ը՝ Ադրբեջանից)։ 4 քաղաքներում ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում էին 276 թիմեր։
5 ժամ տևած մրցույթի արդյունքում ԵՊՀ «SD3» թիմը (թիմի անդամներ՝ Սամվել Անդրեասյան, Ռոբերտ Քոչարյան, Համլետ Պետրոսյան, մարզիչ՝ Արմեն Անդրեասյան), լուծելով 8 խնդիր, նվաճեց «ICPC» մրցույթի եզրափակիչի ուղեգիր։
Քութայիսում անցկացված մրցույթի 44 թիմերից լավագույն արդյունքը ցույց տվեց ԵՊՀ «SD3» թիմը և հռչակվեց Հարավային Կովկասի չեմպիոն։ Այդպիսով՝ 2-րդ տարին անընդմեջ Հարավային Կովկասի չեմպիոն է դառնում ԵՊՀ-ն։
Ընդհանուր հաշվարկով «SD3» թիմը գրավեց 15-րդ տեղը և ստացավ առաջին կարգի դիպլոմ։
Նշենք, որ եզրափակիչին յուրաքանչյուր համալսարանից մասնակցելու հնարավորություն ուներ առավելագույնը 1 թիմ։ Եզրափակիչի ուղեգիր նվաճած համալսարաններն ընդհանուր առմամբ 12-ն են:
Այս օլիմպիադաներին մասնակցության 23 տարիների ընթացքում 4-րդ անգամն է, որ ԵՊՀ թիմերը նվաճում են եզրափակիչի ուղագիր։ Սա լավագույն ցուցանիշն է Հարավային Կովկասի համալսարանների համար։
Ս.թ. դեկտեմբերի 14-ին անցկացվեց Հարավային Կովկասի ծրագրավորման անհատական օլիմպիադան, որտեղ լավագույն ցուցանիշը գրանցած մասնակիցներն առկա 10 խնդիրներից լուծել էին 7-ը։
7 խնդիր լուծած 10 ուսանողներից 6-ը ԵՊՀ ուսանողներ են՝ Սամվել Անդրեասյան, Սերգեյ Գրիգորյան, Համլետ Պետրոսյան, Սամվել Աբելյան, Դավիթ Մարգարյան, Ռոբերտ Քոչարյան։
Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցելու են աշխարհի շուրջ 150 լավագույն թիմերը, անցկացվելու է 2024 թ․ սեպտեմբերին Աստանա քաղաքում (Ղազախստան)։