- Գլխավոր
- Նորություններ
- Նորագույն սարքավորումները՝ հետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման գրավական
Դեկտեմբեր 28, 2023 | 10:44
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Նորագույն սարքավորումները՝ հետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման գրավական
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ձեռք բերած գազային և հեղուկային քրոմատագրերի մաս սպեկտրոմետրերը հնարավորություն կտան ունենալու ավելի ճշգրիտ հետազոտական արդյունքներ:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ 2023 թվականին հայտարարած «Գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերում» մրցույթի շրջանակում կենտրոնը զինվել է նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան որոշելու տարբեր գազային, հեղուկ միջավայրերում օրգանական նյութերի տեսակը և քանակը:
Խոսելով սարքերի ընձեռած հնարավորություններից՝ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ, պրոֆեսոր Կարեն Թռչունյանը նշեց, որ սարքերի շնորհիվ հնարավոր է որոշել, օրինակ, Հայաստանում աճող էնդեմիկ բույսերի քիմիական կազմը, տարբեր կենսագործընթացներում խմորման կամ շնչառության ժամանակ առաջացող նյութերը, թափոնների բաղադրությունը մշակումից առաջ և մշակումից հետո և այլն:
«Եթե մինչ այժմ թափոնների վերամշակմամբ զբաղվող մեր խումբը թափոնի բաղադրության մեջ փնտրում էր այն նյութը, որն արդեն հայտնի էր մեզ, ապա այս սարքերի շնորհիվ հնարավորություն ունենք որոշելու նաև մեզ անհայտ նյութերը, ինչն արդեն առաջընթաց է»,- ասաց Կարեն Թռչունյանը:
Սարքերը կկիրառվեն ինչպես գիտական հետազոտություններ կատարելիս, այնպես էլ ուսումնական գործընթացում, մասնավորապես լաբորատոր աշխատանքներում, ուստի դրանք կօգտագործեն ոչ միայն ասպիրանտները և գիտաշխատողները, այլև մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողները՝ աշխատակիցների վերահսկողությամբ:
«Սա կարևոր ձեռքբերում է նաև այն տեսանկյունից, որ այսկերպ մեր ուսանողներն ուսումնառության տարիներից ծանոթանում են նորագույն սարքերին, տիրապետում դրանցով աշխատելու մեխանիզմին և մեթոդաբանությանը, ինչը նրանց առջև բացում է աշխատաշուկայի դռները և դյուրին դարձնում աշխատանքային գործընթացը»,- ընդգծեց Կարեն Թռչունյանը:
Անդրադառնալով մեր օրերում գիտության բնագավառի անընդհատ փոխակերպումներին ու զարգացումներին՝ Կ. Թռչունյանն ասաց. «Այսօր միայն մարդկային ներուժը բավարար չէ հաջողությունների հասնելու համար, ուստի սարքավորումների ձեռքբերումը պարզապես անհրաժեշտություն է նոր տվյալներով հետազոտություններ կատարելու, մեր մրցունակությունը չկորցնելու և միջազգային հարթակում մեր հաջողությունների շարունակականությունն ապահովելու տեսանկյուններից: Նախկինում ժամանակակից սարքավորումների բացակայության պատճառով հետազոտություն էինք կատարում արտերկրում և համատեղ հոդված տպագրում օտարերկրյա մեր գործընկերների հետ, իսկ այժմ նրանք են ուզում օգտվել մեր սարքերից և կատարել իրենց հետազոտական աշխատանքները մեր ինստիտուտում: Արդեն ունենք նման դեպքեր, ինչը շատ ողջունելի է»:
Նշենք, որ սարքերի տեղադրման, աշխատանքի մեխանիզմին և մանրամասներին ծանոթացնելու համար «Agilent Technologies» միջազգային ընկերության հավատարմագրված մասնագետը ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի աշխատակիցների համար անցկացրել է վերապատրաստման դասընթաց, որի օրինակով հետագայում պարբերաբար կանցկացվեն վերապատրաստման այլ դասընթացներ: