- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ն ներկայացնելը պատիվ է և պարտավորեցնող». Մարիա Եսայան
Հունվար 05, 2024 | 14:00
Կրթական ծրագրեր
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-ն ներկայացնելը պատիվ է և պարտավորեցնող». Մարիա Եսայան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիա Եսայանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հասարակագիտության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով 2-րդ տեղի մրցանակակիր է:
ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթում հաղթելու, իր հաջողություններում ԵՊՀ ունեցած դերի, ապագա ծրագրերի ու նպատակների մասին պատմել է Մարիան:
Երբ հանձն եմ առնում որևէ գործ, ձգտում եմ լավագույնս անել այն։
Լավագույն ուսանողի կոչմանն արժանանալը իմ նպատակներից մեկն էր, որը հաջողությամբ իրագործել եմ: Հաղթանակի հասնելու ուղին դյուրին չէր՝ 4 տարիների աշխատանք, անդադար փնտրտուքներ, նորի յուրացում ու ինքնակատարելագործում․․․ Այս շրջանում միշտ կողքիս են եղել ընտանիքս և ընկերներս, սակայն իմ մասնագիտական ուղու կերտման հարցում անգնահատելի են ԵՊՀ-ում ստացած որակյալ կրթությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներդրումը:
Լավագույն ուսանող ճանաչվելը ոգևորիչ է, միաժամանակ՝ պարտավորեցնող։
Գիտակցումը, որ մրցույթում ներկայացրել եմ ԵՊՀ-ն և հաղթել, անասելի հաճելի է: Այս հաղթանակին հասել եմ առաջին հերթին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում ստացածս հարուստ գիտելիքների շնորհիվ։
Ֆակուլտետ ընտրելիս հաշվի եմ առել մի քանի հանգամանքներ, որոնցից ամենակարևորը ոլորտի՝ արդիական ու բազմագործառույթ լինելն է: Շատ երջանիկ եմ ընտրությանս համար և վստահ եմ` եթե նորից բուհ և մասնագիտություն ընտրելիս լինեի, ապա միանշանակ ընտրելու էի ԵՊՀ-ն և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժինը: Այստեղ ընձեռվող հնարավորությունները բազմազան են, կրթական հիմքը՝ ամուր, ինչը նոր հեռանկարներ է ստեղծում յուրաքանչյուր ուսանողի համար։
Դեռ առաջին կուրսից ակտիվ ուսանող եմ եղել: Թեև համավարակով պայմանավորված՝ առաջին կուրսում դասընթացներն անցկացվել են հեռավար, այնուամենայնիվ ներգրավվել եմ ֆակուլտետային ուսանողական խորհրդում (ՈՒԽ) և մասնակցել տարատեսակ միջոցառումների: Հենց այդ ժամանակ էլ հաղթել եմ ՈՒԽ կազմակերպած «Խոսի՛ր, թե կարող ես» հրապարակախոսական մրցույթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Այս մրցույթով էլ, կարծես, հաջողություններիս շղթայի սկիզբը դրվեց:
Կյանքիս ամենակարևոր ձեռքբերումներից էր այն, որ «Էրազմուս+» միջազգային փոխանակման ծրագրով մեկնել եմ Հունաստան՝ Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանում սովորելու: 5 ամիս սովորել եմ քաղաքագիտության բաժնում, որտեղ ձեռք բերած փորձառությունն ու հմտություններն իմ կյանքում առանցքային նշանակություն են ունեցել:
Հաջորդ կարևոր ձեռքբերումս «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակում աշխատանքի անցնելն էր: Այժմ կառույցում աշխատում եմ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում, ինչն ինձ համար մեծ պատասխանատվություն է: Համամարդկային հիմնախնդիրներն ու դրանց լուծումները գտնելն իմ հետաքրքրության կենտրոնում են: Ուստի, սա արտակարգ հնարավորություն է նպատակներիս հասնելու համար:
Մեկ տարի եղել եմ «Եվրոպական երիտասարդական պառլամենտ» հասարակական կազմակերպության անդամ և արդեն 2-րդ տարին է՝ երիտասարդ եվրոպական դեսպան եմ: ԵՄ արևելյան գործընկերության շրջանակում ամեն տարի 6 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) ներկայացուցիչներ են ընտրվում, որոնք կոչվում են երիտասարդ եվրոպական դեսպաններ: Ընտրված ներկայացուցիչներն ապահովում են հաղորդակցությունն իրենց երկրի և ԵՄ-ի միջև, հանդես գալիս նոր նախաձեռնություններով, բարձրաձայնում հատկապես երիտասարդության շրջանում առկա խնդիրներն ու մարտահրավերները, առաջարկում հնարավոր լուծումներ և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր:
Ակտիվ մասնակցում եմ նաև «Երիտասարդների հնարավորությունների ակումբ», «Թևեր հանուն ապագայի», «Հայ առաջադեմ երիտասարդություն» կազմակերպությունների աշխատանքներին:
Գիտության ոլորտում գործունեությունս սկսել եմ վերջերս: ԵՄ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) ամսագրում արդեն ունեմ տպագրված հոդված՝ «Կայուն զարգացումը Հայաստանի մարզերում» վերտառությամբ («Sustainable development in the regions of Armenia»): Հետազոտել եմ նաև կայուն զարգացումը Իջևան և Կապան համայնքներում և մտադիր եմ շարունակել հետազոտությունս՝ ուսումնասիրելով ՀՀ մյուս համայնքները ևս:
Կարևորելով կրթական ծրագրերում ընդգրկվելու շարունակականությունը՝ տարբեր թեմաներով մի շարք միջազգային դասընթացների եմ մասնակցել Հայաստանում, Գերմանիայում, Ռումինիայում: 2023 թվականի ամռանը մասնակցել եմ Հարվարդի, ապա Ժնևի համալսարանի անցկացրած առցանց դասընթացներին: Ստանալով կրթաթոշակներ՝ հաջողությամբ ավարտել եմ «Առաջնորդություն» և «Միջազգային կազմակերպությունների կառավարում» թեմաներով դասընթացները և ստացել հավաստագրեր:
ԵՊՀ-ում ստացած կրթության դերն անգնահատելի է։
Հաջողության հասնելու համար պետք է ջանալ, պայքարել, երբեք չհանձնվել և ամենակարևորը՝ հավատալ: Չպետք է հնարավորությունը բաց թողնել ձեռքից, պետք է անդադար փորձել և անկոտրում պայքար մղել, իսկ արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Հենց որակյալ կրթությունն է, որ մոտ ապագայում հիմք է դառնալու պետության բազմաբևեռ զարգացման համար: Ինչպես ժամանակին ասել է Նելսոն Մանդելան՝ «Կրթությունն ամենաուժեղ զենքն է, որի միջոցով կարելի է փոխել աշխարհը»:
Մասնագիտական գիտելիքները՝ ի նպաստ երկրի զարգացման...
Շատ մեծ ցանկություն ունեմ շարունակելու ուսումս մագիստրոսական կրթական ծրագրով և առավել հետաքրքրված եմ զարգացման ուսումնասիրությունների (Development studies) ոլորտով:
Մեծագույն նպատակս համամարդկային հիմնախնդիրների լուծմամբ մարդկությանն ու հայրենիքիս օգտակար լինելն է: Հուսով եմ ու հավատում եմ, որ ապագայում իմ ներդրումը կունենամ տարատեսակ հիմնախնդիրների լուծման հարցում:
Կանեմ առավելագույնը՝ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության անունը բարձր պահելու և ըստ արժանվույն ներկայացնելու համար: