- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանողները հարստացնում են իրենց գիտելիքները Հորդանանի համալսարանում
Հունվար 03, 2024 | 14:20
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԵՊՀ ուսանողները հարստացնում են իրենց գիտելիքները Հորդանանի համալսարանում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ուսումնառության տարիներին ուսանողները հնարավորություն են ստանում փոխանակման ծրագրերով սովորելու արաբական երկրներում: Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Արարատ Խաչատրյանը, Աննա Թարմինյանը և Մարո Մանուկյանը 2023-2024 ուստարին անցկացնում են Հորդանանի համալսարանի լեզվի կենտրոնում՝ խորացնելով արաբերենի գիտելիքները:
Հորդանանում սովորելու հնարավորության, կարևորության և առավելությունների մասին պատմել է Արարատ Խաչատրյանը։
Արաբական երկրներում ուսանելու հնարավորությունների մասին գիտեի վաղուց, սակայն բոլորից հեռու և միայնակ ապրելու անորոշության զգացումը չէի կարողանում հաղթահարել: Անսալով Հորդանանում սովորած ավագ ընկերներիս խորհրդին՝ ի վերջո ծրագրին դիմելու վերջնական որոշում կայացրի:
Առհասարակ, դիմելու ընթացակարգը բարդ չէ․ ցանկության դեպքում ուսանողը տեղեկացնում է ամբիոնին, այնուհետև ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը: Դիմումատուների թվից կախված՝ մեկնող ուսանողներին ընտրելու նպատակով անցկացվում է մրցույթ, որից հետո ձևակերպվում է 1 ուսումնական տարով գործուղում, և սկսվում է ամենահետաքրքիր փուլը՝ ապրել ու սովորել արտերկրում:
Ծրագիրն ինձ համար շատ մեծ կարևորություն ունի, քանի որ յուրահատուկ հնարավորություն է ընձեռում ունենալու կուրսընկերներ տարբեր երկրներից (օրինակ՝ ես այժմ ունեմ համակուրսեցիներ Գերմանիայից, Հնդկաստանից, Կորեայից, Շվեյցարիայից, Հունգարիայից, Ավստրիայից և Ֆրանսիայից) և շփվելու նրանց հետ՝ զարգացնելով օտարալեզու հաղորդակցման հմտություններս և ընդլայնելով գիտելիքներս:
Հորդանանում սովորելն ինձ համար շատ դռներ է բացում հետագա կրթությանս և կարիերայիս համար: Այսկերպ հետամուտ եմ լինում իմ մասնագիտական նպատակին՝ մուտք գործել դիվանագիտության և տուրիզմի բնագավառներ։ Երկու դեպքում էլ գոյություն ունեն ազգամիջյան շփում, բարեկիրթ վարք և ազգային պատմության արծարծում, որոնք էլ հետաքրքրում են ինձ:
Ավարտելով ուսումս Երևանի պետական և Հորդանանի համալսարաններում՝ հնարավորություն կունենամ աշխատելու հայկական և արտասահմանյան կառավարական, միջազգային և դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպություններում, տուրիստական և օտարալեզու այլ գործակալություններում, ԱԳՆ-ում, արաբական և այլ երկրների դեսպանություններում և հյուպատոսություններում, բուհերում, օտար լեզուների կենտրոններում և այլն, ինչը, կարծում եմ, հրաշալի է։
Հորդանանի համալսարանի լեզվի կենտրոնում ուսումնառության մանրամասներին անդրադարձել է Աննա Թարմինյանը։
Հորդանանի համալսարանում դասապրոցեսը շատ հետաքրքիր է անցնում, ուսանողները երբեք չեն հոգնում, որովհետև չկա միօրինակություն։ Դասախոսները շատ անմիջական են ու բարեհամբույր։ Նրանք պարբերաբար կազմակերպում են տարաբնույթ ուսուցողական խաղեր, որոնք միտված են ամրապնդելու արաբերենի գիտելիքները։ Առանձին դասընթացների շրջանակում զարգացնում ենք արաբերեն ընթերցանության, խոսակցական ու լսողական հմտությունները և այլն։ Երևանի պետական համալսարանի արաբագիտության բաժնի տված կրթությունը, անշուշտ, ինձ հնարավորություն է տվել այստեղ բավականին հեշտությամբ հաղորդակցվելու։ Դժվարությունների դեռ չեմ հանդիպել։
Ծրագիրը նաև հրաշալի հարթակ է՝ տարբեր երկրներից մեկ տեղում հավաքված մեր համակուրսեցիներին ներկայացնելու մեր երկրի պատմությունն ու մշակույթը։ Օրինակ՝ դասերից մեկի ժամանակ քննարկում էինք Հորդանանում ավանդական ամուսնության թեման, որի շրջանակում ես սահիկաշարով ներկայացրի Հայաստանում ավանդական ամուսնության վերաբերյալ մանրամասներ:
Հորդանանի համալսարանում նաև կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամրապնդելու ազգամիջյան հարաբերությունները և միջմշակութային կապերը։
Հորդանանի միջավայրին հարմարվելու ընթացքը, հայերի և արաբների տարբերությունները և արաբական մշակույթը ներկայացրել է Մարո Մանուկյանը։
Արդեն մի քանի ամիս է՝ Հորդանանում եմ, բայց կարելի է ասել՝ դեռ հարմարվում եմ, որովհետև մի բան է կարդալը տվյալ երկրի մասին, մեկ այլ բան՝ ապրելը այդ միջավայրում: Մշակութային շոկ եմ ապրել այստեղ գալու առաջին իսկ պահից: Մասնակցել եմ հարսանիքի, խնջույքների և բացարձակ նմանություններ չեմ գտել հայկական մշակույթի հետ: Օրինակ՝ Հորդանանի արաբները հիմնականում չեն օգտագործում դանակ, պատառաքաղ, գդալ, ուտում են ձեռքով։ Սփռոցի փոխարեն սեղանին գցում են մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակ, ինչը բավականին հարմար է ձեռքով ուտելու պարագայում։ Հարսանիքների ժամանակ հարսի դեմքը ամբողջությամբ փակ է (որ ուրիշները նրան դիմահարդարված չտեսնեն), սեղաններին դրված են միայն ջուր և թխվածք, ինչը ևս խիստ տարբեր է հայկականից: Այս ամենը սկզբում շոկային էր և խոչընդոտող միջավայրին հարմարվելու գործընթացին: Այնուամենայնիվ, շատ հյուրասեր և բարեհամբույր են Հորդանանի արաբները:
Արաբական մշակույթում ինձ ամենից շատ հետաքրքրում են երաժշտությունը և ճարտարապետությունը: Դեռևս չեմ այցելել Հորդանանի գլխավոր տեսարժան վայր` Պետրա, բայց հուսով եմ, որ կայցելեմ ապագայում: Պատրաստվում եմ անպայման այցելել նաև Վադի Ռամ անապատ, Մեռյալ ծով, Կարմիր ծով, Ջարաշ քաղաք և այլն։
Հորդանանի խոհանոցը ևս յուրահատուկ է․ ուտելիքներից փորձել եմ մաքլուբա (թեև պաղեստինյան է, բայց այստեղ ևս շատ են ուտում), իրաքյան տոլմա և այլն, սակայն պետք է խոստովանեմ, որ չեմ կարողանում հարմարվել համերին․ համեմունքներն ուտեստներում չափից շատ են ինձ համար։
Արտերկրում սովորելը հրաշալի փորձառություն է, սակայն պետք է զինվել համբերությամբ, որովհետև հեշտ չի լինելու: Ինչպես կասեր հինդու հոգևոր առաջնորդ Օշոն` երբ նպատակն իրականացված է, ճանապարհը մոռացվում է: