- Գլխավոր
- Նորություններ
- «Մշտապես պետք է ինքնակատարելագործվել, բացահայտել նորը և շարժվել առաջ». Անահիտ Ռոստոմյան
Հունվար 11, 2024 | 11:21
Մրցույթներ
Ուսանողական
«Մշտապես պետք է ինքնակատարելագործվել, բացահայտել նորը և շարժվել առաջ». Անահիտ Ռոստոմյան
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Անահիտ Ռոստոմյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բնագիտական ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով 3-րդ տեղի մրցանակակիր է: Նրա պատմությունը հնարավորություն կտա պատկերացում կազմելու, թե ինչպես կարելի է տեսական գիտելիքները կիրառել լաբորատոր հետազոտություններ կատարելիս, ինչպես նաև համատեղել ուսումն ու աշխատանքը:
Անահիտն այժմ սովորում է «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսում: Մեզ հետ զրույցում նա նշում է՝ ԵՊՀ-ում առկա են առաջատար մասնագետ դառնալու համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները, հարկավոր է միայն նպատակասլաց լինել և ձգտել ավելիին:
- Անահի՛տ, արդարացվե՞լ են Ձեր ակնկալիքները համալսարան ընդունվելուց հետո:
- Այո՛, արդարացվել են: Ֆակուլտետում ձեռք եմ բերել տեսական հարուստ գիտելիքներ, որոնք այժմ գործնականում կիրառելու հնարավորություն ունեմ: Համալսարանում ուսումնառության տարիներին ընդլայնվել է մտահորիզոնս, ձևավորվել է այնպիսի մտածողություն, որն ինձ մղում է անընդհատ գտնելու նորը, կայանալու և առավել հմուտ մասնագետ դառնալու: ԵՊՀ դասախոսների խստպահանջությունն ուսանողին մղում է այլընտրանքային մեթոդներով ևս նոր տեղեկություններ գտնելու և լավագույնս տիրապետելու իր մասնագիտությանը: Այդպիսով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուսանողների համար մատնանշում է ապագայի բազմաթիվ ուղիներ:
- Ուսումնառությանը զուգահեռ՝ ակտիվ մասնակցել եք լաբորատոր տարաբնույթ աշխատանքների։ Կպատմե՞ք այդ մասին:
- Գործնական աշխատանքներում ընդգրկվելով՝ պարբերաբար գիտափորձեր ենք կատարում և որոշակի արդյունքներ գրանցելուց հետո ձեռնամուխ լինում ստացված արդյունքները գիտական հոդվածների տեսքով տպագրելու գործին: Ներգրավված լինելով լաբորատոր աշխատանքներում՝ նաև «The effects of UV, gamma- and X-ray irradiation on the growth, antibacterial activity and radio-protective of Lactobacillus rhamnosus» հոդվածի համահեղինակ եմ: «Letters in Applied Microbiology» միջազգային ամսագրում հրատարակված այդ հոդվածը ուլտրամանուշակագույն, գամմա, ռենտգենյան ճառագայթումների մասին է, թե ինչպես են դրանք ազդում կաթնաթթվային բակտերիաների վրա և ինչպես են խթանում կամ ճնշում դրանց աճը, կենսաբանական տարբեր ակտիվությունները: Ինքս աճեցրել և ճառագայթել եմ կաթնաթթվային բակտերիաներ, ուսումնասիրել ճառագայթների նկատմամբ դրանց կայունությունը, ճառագայթման նկատմամբ դրանց կայունության մեխանիզմները:
Նշեմ, որ հնարավորություն եմ ունեցել նաև ստացածս գիտելիքները կիրառելու գործնականում: Մեկ տարուց ավելի աշխատել եմ «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանում որպես քիմիկ-մանրէաբան: Այստեղ աշխատելու ժամանակ ԵՊՀ ուսանողների համար կազմակերպել եմ շրջայցեր՝ ցույց տալով նրանց, թե որտեղ կարելի է աշխատանք գտնել ուսումն ավարտելուց հետո: Իսկ այժմ ամբողջ ժամանակս տրամադրում եմ ուսմանս և մասնագիտական հմտություններիս կատարելագործմանը:
- Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այս մրցույթում գրանցած հաղթանակը:
- ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում գրանցած հաղթանակը պարտավորեցրեց ինձ ավելի լավ սովորել, մտածել առաջ շարժվելու և նորանոր հաջողություններ գրանցելու մասին: Գիտակցում եմ, որ հաջողության են հասնում միայն սովորելու, ինքնակրթվելու և անընդհատ աշխատելու շնորհիվ: Պետք է շարունակաբար բացահայտել նորը, կրթվել, պրպտել ու շարժվել առաջ:
- Կենսաբանության բնագավառում ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
- Հիմնական նպատակս ոլորտի լավագույն մասնագետների շարքերը համալրելն է: Վստահ եմ՝ զարգացնելով նեղ մասնագիտական գիտելիքներս ու հմտություններս՝ ես ևս իմ ներդրումը կունենամ գիտության մեջ: