- Գլխավոր
- Նորություններ
- Բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված կոնֆերանս ԵՊՀ-ում
Մարտ 12, 2024 | 15:27
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված կոնֆերանս ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում կայացավ թուրքմենական գրականության դասական գրող, հայտնի բանաստեղծ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս, որի ժամանակ հայ և թուրքմեն պրոֆեսորները ներկայացրին գրողի կյանքին, ստեղծագործական ուղուն և ոճին առնչվող հետաքրքիր փաստեր։
Համալսարանում ամեն տարի (2014 թվականից սկսած) կազմակերպվում է մեծ մտավորական Մահթումկուլի Ֆրագիին նվիրված գիտագործնական կոնֆերանս, որին ներկա են լինում դիվանագետներ, ինչպես նաև հյուրեր Թուրքմենստանից։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ասաց․ «Այսօրվա գիտագործնական կոնֆերանսը Հայաստանի և Թուրքմենստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է, որի նպատակն է երկու երկրների միջև գործակցային նոր կապերի հաստատումը»։
Անդրադառնալով շուրջ տասը տարի առաջ Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների երրորդ ժողովածուի հայերեն թարգմանությանը՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ թարգմանությունը կատարվել է ԵՊՀ պրոֆեսորների նախաձեռնությամբ և գիտական խորհրդի որոշմամբ։
Խոսելով համալսարանի և Թուրքմենստանի գիտակրթական կենտրոնների գործակցությունից՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ համալսարանի արևելագետները, պատմաբանները վաղուց սերտ համագործակցում են Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի, ինչպես նաև Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի տարբեր ինստիտուտների հետ՝ մասնակցելով նաև Թուրքմենստանում կազմակերպվող միջազգային գիտաժողովներին։ Հովհաննես Հովհաննիսյանն այս համատեքստում նշեց, որ վերջերս Թուրքմենստանի կազմակերպած Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցություն ունեցան նաև համալսարանականները՝ հավաքելով բավական բարձր միավորներ։
Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը ասաց․ «2014 թ․, երբ Թուրքմենստանում նշում էին Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակը, ԵՊՀ-ում անցկացվեց առաջին կոնֆերանսը՝ նվիրված բանաստեղծի ստեղծագործություններին։ Այդ օրվանից արդեն կոնֆերանսի անցկացումը ԵՊՀ-ում դարձավ ավանդույթ»։
Դեսպանը, անդրադառնալով Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործություններին, նշեց, որ դրանք նվիրված են համամարդկային արժեքներին և ուղղված են բոլոր սերունդներին։
«Մահթումկուլի Ֆրագին հորդորում է լինել մարդկային, եղբայրական, հարգել միմյանց ազգային ավանդույթները, սովորույթներն ու հոգևոր արժեքները։ Նա իր բանաստեղծություններում բազմիցս անդրադարձել է իր երկրին, երկրի ու ժողովրդի հանդեպ անկեղծ սիրուն»,- ասաց դեսպանը։
Թուրքմեն գրող, մտավորական Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ հրատարակվել են տարբեր տարիների՝ 1959 թ․, 1983 թ․, 2014 թ․։
2014 թ․ թարգմանությունների հեղինակը պոետ, թարգմանիչ Վարուժան Խաստուրն է։ Վերջինս ընդգծեց, որ թարգմանությունները կատարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի առաջարկով։
Վարուժան Խաստուրը, ներկայացնելով Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների թարգմանության առանձնահատկությունները, նշեց, որ ինքն արդեն քաջատեղյակ էր Արևելքի գրականությանը, քանի որ արդեն իսկ թարգմանել էր պարսիկ գրող Օմար Խայամի ստեղծագործությունները։
«Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունները թարգմանելու համար ինձ մեծ ուժ է տվել հայ աշուղական արվեստը, քանի որ Սայաթ-Նովայի ստեղծագործության «բույրը» զգացել եմ նաև Ֆրագիի ստեղծագործություններում»,- ասաց Վարուժան Խաստուրը։
Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանն ընդգծեց, որ Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործություններում կան շատ բառեր, որոնք թարգմանության կարիք չունեն, քանի որ ծանոթ են հայ ընթերցողին։ Օրինակ՝ «սուփրա», «գյոզալ», «ռեհան» և մի շարք այլ բառեր։ Պրոֆեսորը փաստեց նաև, որ ֆակուլտետը սերտ համագործակցում է Թուրքմենստանի դեսպանության հետ և գրեթե ամեն շաբաթ հանդիպումներ են կազմակերպվում, այդ թվում՝ դեսպանությունում։
Նշենք, որ կոնֆերանսին ներկա էին Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության ներկայացուցիչները, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները, Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի և այլ ինստիտուտների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։