- Գլխավոր
- Նորություններ
- Ամփոփվեցին ԵՊՀ-ում անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի արդյունքները․ հայտնի են հաղթողների անունները
Մարտ 12, 2024 | 16:31
Կրթություն
Հասարակություն
Մրցույթներ
Ամփոփվեցին ԵՊՀ-ում անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի արդյունքները․ հայտնի են հաղթողների անունները
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը։ Յուրաքանչյուր տարի անցկացվող օլիմպիադայի նպատակն է դպրոցականների շրջանում զարգացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, բացահայտել բնագավառում արտակարգ ընդունակություններ ունեցող աշակերտներին, ինչպես նաև ամրապնդել բուհ-դպրոց կապը։
Ի տարբերություն առարկայական մյուս օլիմպիադաների՝ ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվում է տարիքային 2 խմբի՝ 6-9-րդ և 10-12-րդ դասարանցիների համար՝ առցանց ձևաչափով: Թե՛ դպրոցական, թե՛ մարզային ու հանրապետական փուլերի թեստերը կազմում են ԵՊՀ մասնագետները՝ հանձնաժողովի նախագահ, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովում ընդգրկված են նաև ֆակուլտետի մեկ ասպիրանտ և երեք ուսանող: «Ինֆորմատիկա» առարկայի հանրապետական փուլին այս տարի մասնակցեցին 39 աշակերտներ ՀՀ 10 մարզերից և Երևանից: Նրանցից 3-ն արժանացան առաջին, 5-ը՝ երկրորդ, 8-ը երրորդ կարգի դիպլոմների, ևս 8-ը՝ գովասանագրերի:
«Ինֆորմատիկայի օլիմպիադաների կազմակերպման գործառույթը հենց սկզբից ստանձնել է ԵՊՀ-ն և մեծ պատվով շարունակում է կատարել: Օլիմպիադան չափազանց կարևոր է հատկապես տեղեկատվական այս դարաշրջանում, երբ համակարգչային գիտելիքներն ու հմտությունները դարձել են շատ խնդիրների լուծման բանալի: Օլիմպիադայի միջոցով նաև առանձնանում են հարուստ գիտելիքներ և մեծ հեռանկար ունեցող աշակերտները, ինչն էլ դառնում է որակյալ կադրերի պատրաստման հիմք»,- պատմեց Արմեն Անդրեասյանը:
Օլիմպիադայի հանրապետական փուլին յուրաքանչյուր տարի մասնակցում են շուրջ չորս տասնյակ աշակերտներ, որոնցից լավագույններից էլ ընտրվում են միջազգային օլիմպիադաների մասնակիցներ: Այս տարի ևս մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները վերապատրաստվելուց հետո կմասնակցեն միջազգային օլիմպիադաների:
Արմեն Անդրեասյանը նշեց, որ ինֆորմատիկայի ուղղությամբ դպրոցականների համար անցկացվում է միջազգային մի քանի օլիմպիադա: Դպրոցական ամենահայտնի օլիմպիադան IOI (International Olympiad in Informatics)-ն է, որին Հայաստանը մասնակցում է 1996 թվականից: Այս տարի օլիմպիադան կայանալու է սեպտեմբերի 1-ին Եգիպտոսում: Այդ օլիմպիադային մասնակցում են աշխարհի ավելի քան 90 երկրներ, յուրաքանչյուր երկրից՝ 4 մասնակից: Մյուս օլիմպիադան կրտսեր տարիքային խմբի աշակերտների՝ 6-9-րդ դասարանցիների համար է։ 2021 թվականից անցկացվում է նաև աղջիկների համար օլիմպիադա, որն անցկացնելու վերաբերյալ կայացվեց որոշում, քանի որ շախմատի նման ինֆորմատիկայի բնագավառում ևս աղջիկների մասնակցությունը համեմատաբար քիչ է։
Հավելենք, որ «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվել է մարտի 9-ին: Մասնակիցների և մրցանակակիրների անվանացանկը՝ հղումով: