- Գլխավոր
- Նորություններ
- Վայրի և ենթափորձային կենդանիների հետազոտությունները ԵՊՀ-ում կկատարավեն միջազգային չափանիշներին համապատասխան
Մարտ 14, 2024 | 13:57
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Հետազոտություն
Վայրի և ենթափորձային կենդանիների հետազոտությունները ԵՊՀ-ում կկատարավեն միջազգային չափանիշներին համապատասխան
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը կհամալրվի նոր սերնդի համակարգով՝ նախատեսված ենթափորձային և վայրի կենդանիների պահպանման և փորձարարական միջամտությունների համար։
Նոր սերնդի համակարգը բաղկացած է չորս սարքերից, որոնցից երկուսը նախատեսված են ենթափորձային կենդանիների (առնետներ, մկներ), իսկ մյուս երկուսը՝ վայրի կենդանիների (ավազամկներ, դաշտամկներ, աքիսներ) համար։
Համակարգը ձեռք կբերվի ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի» արդյունքում։
Ենթափորձային կենդանիների համար նախատեսված սարքերում հնարավոր է տեղակայել մկներին, առնետներին պահելու համար նախատեսված մինչև 56 վանդակ։ Համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով կարգավորելու լուսավորությունը, խոնավությունը, թթվածնի չափաբաժինը, կերակրաբաժինը, մաքրությունը։ Համակարգը ներառում է նաև մանիպուլյացիոն մեծ պահարան, որտեղ ենթափորձային կենդանիները միջամտությունների են ենթարկվելու հետազոտողների կողմից։ Իսկ վայրի կենդանիները կպահվեն համակարգի առանձին սարքերում։ Ենթափորձային և վայրի կենդանիների սենյակներն առանձին են լինելու՝ տարանջատված մուտքերով։
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, ավագ գիտաշխատող Աստղիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստանում են թույլտվություն՝ Կարմիր գրքում չգրանցված որոշ վայրի կենդանատեսակների, այդ թվում՝ առնետների, դաշտամկների, չղջիկների վրա փորձեր կատարելու համար։
«Լինում է, որ կիսահիվանդ, վնասված, հյուծված վիճակում ենք գտնում կենդանուն։ Այդ դեպքում նրան անհրաժեշտ է տեղափոխել լաբորատորիա և կա՛մ որոշ ժամանակ պահել վերականգնվելու նպատակով, այնուհետև հետ ուղարկել վայրի բնություն, կա՛մ փորձեր կատարել։ Նոր ձեռք բերվող համակարգն ունի վայրի կենդանիներին տեղափոխելու համար նախատեսված շարժողական վանդակներ՝ բնությունից համալսարանի լաբորատորիա տեղափոխելու համար։ Օրինակ, եթե կենդանին նվազ է, հերձում ենք կատարում՝ ներքին մակաբույծներին ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև կատարում հյուսվածքաբանական, արյան և այլ ուսումնասիրություններ», պատմեց ԵՊՀ դոցենտը։
Նա նշեց նաև, որ ներկայում իրենք նման ուսումնասիրություններ են կատարում դաշտային պայմաններում՝ ստեղծելով ժամանակավոր դաշտային լաբորատորիա։ Այս նոր համակարգի ձեռքբերումը կնպաստի համալսարանում բավարար պայմաններում պատշաճ ուսումնասիրություններ կատարելուն։
Աստղիկ Ղազարյանը, ներկայացնելով Կենդանաբանության ամբիոնի աշխատանքները, նշեց, որ իրենք հիմնականում կատարում են վայրի կենդանիների կարգաբանական հետազոտություններ, այսինքն` ԴՆԹ-ի նմուշ են վերցնում՝ վերլուծության միջոցով որոշելով նրանց տեսակը, ենթատեսակը, ինչպես նաև հետազոտում են այն մակաբույծ տեսակները, որոնք ապրում են կենդանու մորթու վրա։
«Վայրի կենդանու ականջներից, մորթու վրայից հավաքում ենք մակաբույծներին և ուսումնասիրություններ կատարում։ Այն դեպքում, երբ կենդանուն բերում ենք կիսամեռ վիճակում, մեզ համար հետաքրքիր է դառնում նրանց ներքին մակաբույծների ուսումնասիրությունը, քանի որ այդ վայրի կենդանիներն ապրում են մարդկանց բնակավայրերին մոտ, և անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք այդ մակաբույծները կարող են որոշակի հիվանդությունների, համաճարակների բռնկման պատճառ դառնալ մարդկանց համար, թե՞ ոչ»,- ասաց նա։
Աստղիկ Ղազարյանը վստահ է, որ նոր սերնդի համակարգի ձեռքբերմամբ և հստակ գիտափորձերի շնորհիվ գիտնականները կկարողանան իրենց հետազոտությունների արդյունքները գիտական հոդվածների տեսքով ավելի հաճախ տպագրել բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։
«Սովորաբար, երբ դիմում ենք բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում գիտական հոդված տպագրելու համար, առաջին հերթին հարցնում են՝ ինչ գիտափորձեր ենք կատարել և որտեղ։ Այս սարքի ձեռքբերումը և դրանով անհրաժեշտ գիտափորձերի կատարումը կնպաստեն մեծաթիվ հոդվածներ տպագրելուն։ Այժմ վիվարիումում կենդանիները կպահվեն միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կխթանի գիտական փորձի բարելավումը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Կենսաբանության ֆակուլտետի գրասենյակի աշխատակից Տիգրան Հայրապետյանը, որը զբաղվում է ենթափորձային կենդանիների ձեռքբերմամբ ու խնամքով, ասաց, որ կենդանիների վրա փորձեր կատարելու և ճշգրիտ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է, որ կենդանիները պահվեն միևնույն պայմաններում։
«Բոլոր այն կենդանիները, որոնք ենթարկվում են նույն փորձին, պետք է պահվեն միևնույն ջերմաստիճանային, խոնավության, լուսային ռեժիմի պայմաններում։ Նոր ձեռք բերվող համակարգը հնարավորություն է տալիս կարգավորելու ջերմաստիճանը, լուսավորությունը, թթվածնի չափը։ Համակարգը ներառում է նաև վանդակներ, որտեղ ստերիլ պայմաններում պահվելու են կենդանիները, և նվազագույնի է հասցվելու արտաքին աշխարհի հետ նրանց շփումը»,- ընդգծեց նա։
Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ այդպիսով իրենք կբացառեն բոլոր այն արտաքին գործոնները (օրինակ՝ շոգը, օդի աղտոտվածությունը, զովը), որոնք կարող են կենդանու, ինչպես նաև փորձի արդյունքի վրա որոշակի ազդեցություն ունենալ։
«Կենդանիներն ստանում են նույն դեղորայքը, և որպեսզի հասկանանք, թե ինչ ազդեցություն ունի տվյալ դեղը, պետք է բացառենք արտաքին միջավայրի ազդող գործոնները։ Համակարգը նաև հնարավորություն է տալիս գրանցելու կենդանու ակտիվության փոփոխությունները։ Ժամանակին կենդանուն հատուկ տարածքում էին պահում և ստուգում արտաշնչած օդում ածխաթթու գազի քանակը, ինչի հիման վրա էլ որոշում էին ֆիզիոլոգիական փոփոխությունները։ Այսինքն՝ հետազոտողների մի ամբողջ խումբ աշխատում էր այդ տվյալների հավաքագրման ուղղությամբ։ Այսուհետ դա կատարվելու է ավտոմատ եղանակով»,- նշեց Տիգրան Հայրապետյանը։
Նոր համակարգն ունի նաև համակցված համակարգիչ, որի միջոցով հետազոտողները կտեսնեն կենդանու ֆիզիոլոգիական փոփոխությունները, օրինակ՝ շնչառության ինտենսիվությունը, արտաշնչած օդում թթվածնի մնացորդի և ածխաթթու գազի կոնցենտրացիաների տարբերությունը, ինչը նույնպես որոշակի պատկերացում է տալու կենդանու ֆիզիոլոգիական վիճակի մասին։
Հավելենք, որ նշված համակարգը ձեռք բերելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին ԵՊՀ-ից հայտ է ներկայացվել Աստղիկ Ղազարյանի, Տիգրան Հայրապետյանի և Գեորգի Պոպովի (Կենդանաբանության ամբիոնի դոցենտ) կողմից։