- Գլխավոր
- Նորություններ
- «Աշխարհացոյց»-ի ռուսերեն առաջին ամբողջական հրատարակությունը՝ ԵՊՀ պրոֆեսորի թարգմանությամբ
Մարտ 14, 2024 | 11:47
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
«Աշխարհացոյց»-ի ռուսերեն առաջին ամբողջական հրատարակությունը՝ ԵՊՀ պրոֆեսորի թարգմանությամբ
ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանի թարգմանությամբ Բելգորոդում 2023 թ․ ռուսերեն հրատարակվել է V-VII դդ. ստեղծված Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ը (Աշխարհի ատլաս)։
Հ. Հարությունյանը թարգմանել է ոչ միայն «Աշխարհացոյց»-ի ամբողջական տեքստը, այլև գրել է ընդարձակ առաջաբան, տվել շուրջ 1070 մեկնաբանություններ և կազմել հավելվածների բաժինը: Նշենք, որ ԵՊՀ պրոֆեսորը միջազգային հանդեսներում «Աշխարհացոյց»-ի մասին տպագրել է 40-ից ավելի հոդվածներ, որոնց մի մասը հրատարակվել է «Scopus»-ում ընդգրկված գիտական հանդեսներում:
Առաջաբանում Հ. Հարությունյանը հիմնավորում է «Աշխարհացոյց»-ի՝ երկու հեղինակներ ունենալու խնդիրը և հանգամանալից ներկայացնում, թե նրանցից որը ինչ հատվածներ կարող էր գրել: «Աշխարհացոյց»-ը հայ իրականության մեջ առաջին պատմաաշխարհագրական աղբյուրն է, որը ներկայացնում է, թե վաղ միջնադարյան Հայաստանում զարգացման ինչպիսի միտումներ է ունեցել հասարակագիտությունը, և ինչպես են հայ մեծանուն գիտնականներն այն միավորել բնագիտությանը: «Աշխարհացոյց»-ն ունի երկու ներածական գլուխ, իսկ հաջորդ երեքը վերաբերում են Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի 58 երկրների նկարագրությանը (Բրիտանիայից և Իսպանիայից մինչև Չինաստան, հարավում մինչև Եթովպիա): «Աշխարhացոյց»-ը կարելի է համարել ոչ միայն V-VII դդ. աշխարհի քաղաքական քարտեզի ամփոփ նկարագիրը, այլև անցած ժամանակների: Այդտեղ թվարկված են նաև անցյալում գոյություն ունեցած բազմաթիվ նշանավոր պետությունները` իրենց բնական և օգտակար հանածոների ռեսուրսներով:
Հ. Հարությունյանը շեշտում է, որ «Աշխարhացոյց»-ը հույժ կարևոր աղբյուր է վերևում թվարկված տարածքների պատմական աշխարհագրությունն ուսումնասիրողների համար։
«1992 թ. անգլերենով հրատարակվել են «Աշխարհացոյց»-ի համառոտ և ընդարձակ թարգմանությունները։ Ռուսերեն այս թարգմանությունը գալիս է լրացնելու թարգմանությունների բնագավառում գոյություն ունեցած բացը։ «Աշխարհացոյց»-ի ուսումնասիրությամբ զբաղվելու նախորդ 20 տարիների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել ռուսալեզու ուսումնասիրողների այն իրավացի դժգոհությանը, որ ափսոսանք են հայտնում «Աշխարհացոյց»-ի՝ ամբողջական ռուսերենով թարգմանված չլինելու համար։ Ռուսերեն ամբողջական բնագրի առկայությունն ավելի կընդլայնի այս աշխատությունն ուսումնասիրողների շրջանակը»,- նշեց Հ. Հարությունյանը։
Հավելենք, որ գրքի երկու խմբագիրները (Ն.Ն. Բոլգով, Է.Շ. Խուրշուդյան) և երեք գրախոսները (Ս.Ս. Կազարով, Ա.Վ. Պոդոսինով, Օ.Յու. Կլիմով) միջազգային մեծ հեղինակություն վայելող գիտնականներ են ՌԴ-ից և Ղազախստանից:
Նշենք նաև, որ դեռևս 1877 թ. «Աշխարհացոյց»-ի համառոտ տարբերակը ռուսերենով հրատարակել է հայագետ Ք.Պ. Պատկանովը: