ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, նպատակ ունենալով համատեղ ուժերով նպաստելու գիտական ու կրթական ոլորտների զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների և ուսանողների համար ստեղծելու տեսական ու գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր։
Համագործակցության համաձայնագրով հնարավորություն է ընձեռվում ԵՊՀ ուսանողների պրակտիկան անցկացնելու Բուսաբանության ինստիտուտում։
Բացի դրանից՝ համագործակցության շրջանակում ԵՊՀ-ի և Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցների ներգրավմամբ կկազմակերպվեն համատեղ դասախոսություններ, կիրականացվեն գիտահետազոտական և աշխատանքային այլ ծրագրեր, կանցկացվեն գիտական սեմինարներ, գիտաժողովներ, աշխատարաններ ու այլ միջոցառումներ։
Կողմերի հավաստմամբ համագործակցության համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հաստատելու փոխշահավետ, բազմաբնույթ փոխգործակցային հարաբերություններ։