- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ այցելեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանը
Ապրիլ 10, 2024 | 15:02
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ այցելեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանը
Նպատակ ունենալով ամրապնդելու գործընկերային կապերը, նպաստելու միջմշակութային հաղորդակցությանը՝ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց հանդիպում ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: Հանդիպման ժամանակ Բրազիլիայի դեսպանը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար:
Դասախոսության ժամանակ դեսպանը ներկայացրեց Բրազիլիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հայ-բրազիլական դիվանագիտական հարաբերությունների պատմությունը՝ անդրադառնալով նաև համագործակցության առանցքային դրույթներին։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, խոսելով դասախոսության անցկացման մասին, նշեց, որ օրեր առաջ հանդիպում է եղել ԵՊՀ ռեկտորի և Բրազիլիայի դեսպանի միջև, որի ժամանակ դեսպանին դասախոսությամբ հանդես գալու առաջարկ է արվել:
«Այսպիսի հանդիպումներ կազմակերպելիս տարբեր միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունենում ներկայացնելու սեփական երկիրը, պատմությունը, մշակույթը, ինչպես նաև պատմելու համագործակցության մասին, որն առկա է ՀՀ-ի և տվյալ երկրի միջև: Մյուս կողմից մենք հնարավորություն ենք ընձեռում մեր ուսանողներին ծանոթանալու, տեղեկանալու այդ երկրների, նրանց վարած քաղաքականության մասին հենց առաջին ձեռքից»,- ասաց Ա. Մարգարովը՝ հավելելով, որ նմանօրինակ հանդիպումները թույլ են տալիս համալսարանում ստեղծելու համապատասխան միջավայր, որը նպաստում է համագործակցության ամրապնդմանը և ուսանողների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:
Ընդգծելով ԵՊՀ-ի հետ գործակցության նշանակությունը՝ ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան նշեց․ «Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ ԵՊՀ-ում, և ինձ հնարավորություն է ընձեռված անցկացնելու դասախոսություն Բրազիլիայի, հայ-բրազիլական հարաբերությունների մասին: Ես կարևորում եմ այս համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ, քանի որ ԵՊՀ-ն Հայաստանի բարձր վարկանիշ ունեցող համալսարաններից է: Ես հիանում եմ՝ տեսնելով, թե ինչպես է ԵՊՀ-ն համագործակցում մեզ հետ և մեր երկրի համալսարանների հետ: Ամփոփելով՝ կարող եմ հաստատել, որ ներկայում մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»:
Հանդիպման ավարտին ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատասխանեց ԵՊՀ ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ կարևորելով ապագա դիվանագետների դերն ու կարևորությունը միջազգային գործընթացներում:
Նշենք, որ համալսարանը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում օտարերկրյա հրավիրյալ դասախոսների, դիվանագետների, դեսպանների հետ՝ նպատակ ունենալով ընդլայնելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև ապահովելու ԵՊՀ ուսանողների արտալսարանային շփումները ոլորտի լավագույն մասնագետների հետ: