- Գլխավոր
- Նորություններ
- Հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 100-ամյակին
Ապրիլ 11, 2024 | 15:00
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 100-ամյակին
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 100-ամյակին: Հոբելյանական միջոցառումը նպատակ ուներ վերարժևորելու մեծ լեզվաբանի գիտական ժառանգությունը, հարգանքի տուրք մատուցելու մեծ գիտնականին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Արժևորելով Ալեքսանդր Մարգարյանի մեծ ավանդը բառարանագիտության զարգացման գործում՝ նա ասաց․ «Անգնահատելի է Ալ․ Մարգարյանի դերը լեզվաբանության բնագավառում։ Կարելի է ասել, որ նա իր ողջ կյանքը նվիրել է համալսարանին: Այս միջոցառումը շատ կարևոր ուղերձ է՝ ուղղված երիտասարդ սերնդին, հատկապես ուսանողներին՝ մեր մեծերին հիշելու, հիշատակը վառ պահելու և նրանց սկսած գործը շարունակելու: Լիահույս եմ, որ այսօրինակ միջոցառումները ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում լինելու են շարունակական, և մենք մեր մեծերին հիշելու, գովաբանելու և հարգանքի տուրք մատուցելու բազմաթիվ առիթներ ենք ունենալու»:
Խոսելով միջոցառման կարևորության մասին՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը նշեց. «Մենք ուզում ենք, որ մեր ուսանողները հիշեն և ճանաչեն իրենց ուսուցիչներին, մարդկանց, որոնք իրենց վաստակն ու ներդրումն են ունեցել և՛ գիտության, և՛ մանկավարժության մեջ: Ի վերջո, Ալեքսանդր Մարգարյանը եղել է մեր ֆակուլտետի երկարամյա դասախոսներից. նա ավելի քան հիսուն տարի նվիրվել է գիտությանը, համալսարանին: Նրա վաստակը ևս մեկ անգամ արժանի է կարևորման: Նշեմ, որ այս միջոցառումը կյանքի կոչվեց նաև Ալ. Մարգարյանի ընտանիքի անդամների, որդու՝ Շիրազ Մարգարյանի, թոռան՝ Մհեր Մարգարյանի ջանքերով»:
Միջոցառման ժամանակ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանը ներկայացրեց Ալ. Մարգարյանի կենսագործունեությունը՝ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռելով բոլորին վերհիշելու գիտնականի գիտամանկավարժական գործունեությունը և կենսագրական առանձին դրվագներ:
«Շատ լայն է լեզվաբանի գիտական հետաքրքրությունների շրջանակը. նա զբաղվել է հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, աշխարհաբարի ձևավորման, արդի արևելահայերենի կառուցվածքի, քերականության, հնչունաբանության, բառագիտության, բառաքննության, բառարանագրության և այլ հարցերով: Բեղուն է եղել Մարգարյանի գիտական գործունեությունը. նա հեղինակ է հայերենագիտության ամենատարբեր խնդիրներին նվիրված գիտական բազմաթիվ հոդվածների, 2 տասնյակից ավելի մենագրությունների, բուհական դասագրքերի: Ալ. Մարգարյանը 3 տասնամյակ զբաղվել է նաև ստուգաբանության հարցերով՝ բարբառային բառերի, տեղանունների ստուգաբանական ճշգրտումներով»,- նշեց Ա. Աբաջյանը:
Պրոֆեսոր Ա. Աբաջյանը միջոցառման ժամանակ շեշտեց, որ մեկ ելույթում հնարավոր չէ վերլուծել և ներկայացնել այն ամենը, ինչով բնութագրվում է Ալ. Մարգարյանի գիտական վաստակը:
«Անուրանալի է նաև նրա ծավալած կեսդարյա մանկավարժական-դասախոսական արդյունավետ գործունեությունը մայր բուհում, հընթացս որի բծախնդիր ուսուցչապետը մեծագույն սիրով ուսուցանել է մեր ոսկեղենիկ մայրենին, պատրաստել բազմաթիվ մասնագետներ: Եվ ահավասիկ այսօր, նշելով խորահմուտ գիտնականի հարյուրամյա հոբելյանը, մեր երախտագիտությունն ենք հայտնում հայ լեզվաբանության անդաստանում նրա թողած մեծ ավանդի համար՝ասելով՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ամփոփեց Ա. Աբաջյանը:
Միջոցառման ժամանակ զեկուցում ներկայացրեց նաև գերմանացի հայագետ Մատթեաս Ֆրիտցը։ Հնչեցին ելույթներ, հուշեր Ալ. Մարգարյանի մասին, որոնք ուղղված էին լեզվաբանի կյանքի և գործունեության մեծարմանը և արժևորմանը:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ տարբեր բուհերի հայագիտական կենտրոնների, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ներկայացուցիչներ, Ալ. Մարգարյանի ընտանիքի անդամներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Հավելենք, որ Ալ. Մարգարյանը 1949 թվականին ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Նա 1950 թվականից մինչև իր կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում՝ նախ որպես դասախոս, ապա դոցենտ, 1970 թվականից՝ որպես պրոֆեսոր: