- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր
Մայիս 20, 2024 | 16:47
Գործընկերներ
Կրթական ծրագրեր
ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է կողմերի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ և իրականացնել համատեղ մի շարք ծրագրեր: Համագործակցության արդյունքում կհրատարակվի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, կարևորելով նման համագործակցությունը, նշեց, որ այն կօգնի ուսանողների համար մարքեթինգային տարբեր միջոցառումներին մասնակցելու հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից:
«Նախատեսվում է հայկական մարքեթինգային ընկերությունների անցած ճանապարհի և պատմության հիման վրա դասագիրք մշակել, որի ստեղծմանը կմասնակցի ֆակուլտետի անձնակազմը: Այնուհետ հնարավորություն կտանք ուսանողներին սովորելու այդ ուսումնական ձեռնարկով, քանի որ մինչ այս մարքեթինգի հետ կապված տարբեր դասընթացների շրջանակում ուսանողներին ներկայացվել են միջազգային խոշոր ընկերությունների օրինակները: Ձեռնարկը առանձնանում է հենց դրանով, քանի որ շատ կարևոր է, որ մեր ուսանողները ծանոթանան նաև հայկական ընկերությունների հաջողության պատմություններին և մոտեցումներին»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:
ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանն ընդգծեց՝ այն հաջողության պատմությունները, որոնք կտպագրվեն ձեռնարկում, կվերամշակվեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից և կունենան ակադեմիական բովանդակություն:
«Գիրքը լույս կտեսնի երկու լեզուներով: Սկզբում կտպագրվի անգլերեն տարբերակը մոտ 10 հազար օրինակով: Այն կվաճառվի ամբողջ աշխարհում, այնուհետև կթարգմանվի հայերեն, ինչից հետո հույս ունենք, որ կկարողանանք գիրքը ներառել հայկական բոլոր բուհերի կրթական ծրագրերում»,- նշեց Մերի Գրիգորյանը:
Համագործակցության արդյունքում ԵՊՀ ուսանողները կստանան նաև Մարքեթինգի համաշխարհային գիտաժողովի մասնակցության տոմսեր: