- Գլխավոր
- Նորություններ
- Ամփոփվել է միջմասնագիտական մագիստրոսական թեզերի կատարման համար կրթաթոշակի հատկացման մրցույթը
Հունիս 27, 2024 | 12:07
Գիտություն
Կրթություն
Ուսանողական կյանք
Ամփոփվել է միջմասնագիտական մագիստրոսական թեզերի կատարման համար կրթաթոշակի հատկացման մրցույթը
ԵՊՀ-ն միջմասնագիտական հետազոտական թեզերի կատարումը խրախուսելու նպատակով մագիստրատուրայի ուսանողներին տրամադրում է հետազոտական կրթաթոշակներ: 2023-2024 ուսումնական տարում միջմասնագիտական մագիստրոսական թեզերի կատարման համար կրթաթոշակ է տրամադրվել 8 ուսանողների։
Միջմասնագիտական մագիստրոսական թեզը հարակից մասնագիտական ոլորտի, միևնույն ուսումնական տևողություն ունեցող կրթական ծրագրերում սովորող երկու ուսանողների կողմից երկու գիտական ղեկավարների ընդհանուր ղեկավարությամբ իրականացվող հետազոտական աշխատանք է:
2023 թ․ Երևանի պետական համալսարանում ընդունվել է միջմասնագիտական թեզի կատարման համար կրթաթոշակի տրամադրման կարգ, ըստ որի՝ 2023-24 ուստարվա ուսանողներին տրամադրվել են կրթաթոշակներ (առավելագույնը՝ 1 միլիոն ՀՀ դրամ): 2023 թ․ բյուջեով սահմանված 3 մլն դրամը բաշխվել է ութ ուսանողներին, որոնք դիմել էին միջմասնագիտական մագիստրոսական 4 թեզերի կատարման համար:
Կրթաթոշակ ստանալու համար դիմելու հնարավորություն ունեն ԵՊՀ մագիստրատուրայի՝ նույն տևողությամբ տարբեր կրթական ծրագրերում սովորող, 16 և բարձր միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած ուսանողներ, որոնք, համապատասխան ուսումնական ստորաբաժանումից ներկայացված զեկուցագրի համաձայն, ներառվել են միջմասնագիտական մագիստրոսական թեզի կատարման ծրագրում և ունեն հաստատված հետազոտական թեմա:
Հայտատուն կրթաթոշակ ստանալու համար յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում e-request.ysu.am համակարգի միջոցով միջմասնագիտական թեզ գրելու վերաբերյալ հայտ է ներկայացնում ԵՊՀ ռեկտորին՝ կցելով մրցութային փաթեթը:
Միջմասնագիտական մագիստրոսական թեզի կատարման համար տրամադրվող կրթաթոշակի կարգը, հայտի և նախագծի ձևաչափը հնարավոր է գտնել այստեղ։
Միջմասնագիտական թեզեր գրելու կարևորության, առանձնահատկությունների և դժվարությունների մասին պատմել են ուսանողները։
Ավելին՝ տեսանյութում: