- Գլխավոր
- Նորություններ
- Հայ և վրաց փորձագետները քննարկեցին երկու երկրների քաղաքական զարգացումները
Հունիս 14, 2024 | 10:10
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
Հայ և վրաց փորձագետները քննարկեցին երկու երկրների քաղաքական զարգացումները
ԵՊՀ պատմության թանգարանում անցկացվեց «Հայաստան և Վրաստան-2024. զարգացման միտումներն անկայուն ժամանակներում» թեմայով քննարկում հայ և վրաց փորձագետների մասնակցությամբ: Փորձագետները ներկայացրին զեկույցներ` անդրադառնալով աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում Հայաստանի և Վրաստանի քաղաքական գործընթացներին:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը նշեց, որ կենտրոնի` «Ազատ ունկնդիր» բաց համալսարան հարթակը հանրության լայն շրջանակների համար որոշակի պարբերականությամբ տարբեր թեմաներով բաց միջոցառումներ է կազմակերպում` դասախոսությունների, հետազոտությունների ներկայացման կամ պանելային քննարկումների ձևաչափերով:
«Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Վրաստանում տեղի են ունենում քաղաքական ակտիվ զարգացումներ, մենք հույս ունենք, որ այս քննարկումը նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կօգնի առավել լավ պատկերացում կազմելու Վրաստանում տեղի ունեցող զարգացումների և Վրաստանի հետագա քաղաքական գործընթացների վրա դրանց ազդեցության մասին»,- ասաց Լուսինե Խառատյանը:
Վրաց փորձագետ Գեորգի Սայշմելաշվիլին անդրադարձավ վերջերս Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքին։
«Կարծում եմ, որ Վրաստանը պետք է շարունակի ԵՄ-ի հետ ինտեգրացիոն քաղաքականությունը, որը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի քաղաքական գործընթացների վրա»,- ասաց վրաց փորձագետն ու հավելեց, որ հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, և հույս հայտնեց, որ նոր կառավարության ձևավորմամբ կվերանայվի ընդունված օրենքը:
Փորձագետ Արսեն Խառատյանը մեկնաբանեց 2020 թ. պատերազմից հետո գործող իշխանության քայլերը ԵՄ-ի և ՌԴ-ի հետ զարգացումների համատեքստում:
Քննարկման շրջանակում բանախոսները խոսեցին նաև տարածաշրջանում անվտանգության նոր դերակատարներից:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ազգային կոմիտեի (Հայաստան) և Ազգայնականության ու կոնֆլիկտների հետազոտության ինստիտուտի (Վրաստան) համագործակցությամբ և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Հայաստան-Վրաստան հարևանություն. փորձագետների երկխոսության հարթակ» ծրագրի շրջանակում։ Քննարկմանը հրավիրված փորձագետներից էին նաև Աննա Գևորգյանը, Նժդեհ Հովսեփյանը, Էմիլ Ավդալիանին, Դավիթ Բրագվաձեն, Գեորգի Մասալկինին: Փորձագետների զեկույցներից հետո անցկացվեց ակտիվ քննարկում։