- Գլխավոր
- Նորություններ
- Վրացագիտությունը՝ արդիական և պահանջված մասնագիտություն
Հունիս 21, 2024 | 11:57
Ընդունելություն
Կրթական ծրագրեր
Շարունակական կրթություն
Վրացագիտությունը՝ արդիական և պահանջված մասնագիտություն
ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Վրացագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն սովորելու վրացերեն, ուսումնասիրելու Վրաստանի պատմությունն ու գրականությունը, ծանոթանալու վրացական արվեստին և մշակույթին՝ բացահայտելով հայ և վրաց ժողովուրդների պատմական փոխառնչությունները։
«Վրացագիտություն» կրթական ծրագիրը՝ պատմության դեռևս չուսումնասիրված աղբյուրները հետազոտելու շարժիչ ուժ
Վրացագիտությունը արևելագիտության կարևոր ճյուղերից է։ Կարևորելով Հայաստանի և Վրաստանի գիտական հանրույթների կապերի ամրապնդումը՝ «Վրացագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ Հայկ Մխոյանը նշեց, որ վերջին տասնամյակներին Հայաստանում վրացագետներ չեն պատրաստվել, այդ իսկ պատճառով ԵՊՀ պատմության ֆակուլտետում ներդրվել է «Վրացագիտություն» կրթական ծրագիրը՝ նպատակ ունենալով պատրաստելու անհրաժեշտ հետազոտություններ կատարելու ունակ որակյալ մասնագետներ։
«Մեր աղբյուրներում բազմաթիվ նյութեր կան Վրաստանի մասին, և հակառակը՝ Վրաստանում բազմաթիվ պատմական նյութեր կան Հայաստանի և հայերի մասին, որոնք պետք է ուսումնասիրեն հենց հայ հետազոտողները։ Վրացի և եվրոպացի գիտնականներն այսօր գալիս են Հայաստան՝ ուսումնասիրելու այդօրինակ աղբյուրները։ Նրանք, օրինակ, հետազոտում են «Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատությունները, որոնք տեղեկություններ են պարունակում վրաց ժողովրդի մասին։ Ուստի անհրաժեշտ է, որ մենք ևս ունենանք ոլորտի մասնագետներ, որոնք կուսումնասիրեն հայ ժողովրդի պատմությանն առնչվող պատմական աղբյուրները»,- ընդգծեց մագիստրոսական ծրագրի ղեկավարը։
Հայկ Մխոյանը վստահ է՝ վրացագետներ պատրաստելով՝ կունենանք գիտական հանրույթ, որի համար բաց կլինի ուսումնասիրության լայն դաշտ, և հայ գիտնականները, համագործակցելով վրաց գիտնականների հետ, կարձանագրեն գիտական նոր բացահայտումներ։
Կրթական ծրագրի առանձնահատկությունները և ընձեռած հնարավորությունները
«Վրացագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում մեծ տեղ է հատկացվում վրացերենի ուսուցմանը, որը ներառում է նաև հին վրացերենի ուսումնասիրությունը և դասավանդվում է լեզվակրի կողմից։ Ըստ Հայկ Մխոյանի՝ կրթական ծրագրին դիմելու համար վրացերենի իմացությունը պարտադիր չէ։
«Ուսանողները ուսումնառության տարիներին կծանոթանան թարգմանության նրբություններին, կուսումնասիրեն վրաց գրականությունը, Վրաստանի պատմության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ աղբյուրագիտությունը, պատմագրությունը։ Մեծ տեղ է տրված հայ-վրացական փոխառնչություններին, հատկապես՝ Վրաստանում հայկական համայնքի պատմությանը։ Մի շարք դասընթացների շրջանակում անդրադարձ է կատարվում նաև հարևան երկրների հետ Վրաստանի հարաբերություններին, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի հետ հարաբերությունների արդի զարգացումներին»,- նշեց Հայկ Մխոյանը։
Ըստ նրա՝ ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան նաև վերապատրաստվելու Վրաստանում։
Հայաստանում այսօր առկա է վրացագետների պահանջարկ, սակայն չկան բավարար թվով մասնագետներ
«Տարբեր կառույցներից պարբերաբար դիմում են ԵՊՀ՝ վրացերենին տիրապետող, Վրաստանի պատմությանը քաջատեղյակ մասնագետներ տրամադրելու համար, սակայն մինչ օրս մենք չենք կարողացել ապահովել մասնագետներով, քանի որ չկար մշակված կրթական ծրագիր, որը կպատրաստեր վրացագետներ։ Մինչդեռ Վրաստանի բուհերում հայագիտությունն ուսումնասիրվել է բավական մանրամասնորեն և առանց ընդհատումների»,- ասաց Հայկ Մխոյանը։
Նա համոզված է, որ ուսանողները կրթական ծրագիրն ավարտելուց հետո բացի գիտությամբ զբաղվելուց՝ կարող են իրենց գիտելիքները գործնականում կիրառել թե՛ պետական կառույցներում, թե՛ զբոսաշրջության ոլորտում։
«Վրացագետներ են անհրաժեշտ նաև պետական ինստիտուտների հետ հետազոտական, ռազմավարական պլանների մշակման, ազգային անվտանգությանն ուղղված հայեցակարգերի մշակման աշխատանքներում, քանի որ հնարավոր չէ մշակել արտաքին որևէ քաղաքական փաստաթուղթ և հարևան երկրին (այս պարագայում՝ Վրաստանին) հաշվի չառնել։ Աշխատաշուկայում վրացագետների պակաս կա, քանի որ երկար ժամանակ մասնագետներ չեն պատրաստվել․ եղել են միայն հետազոտողներ։ Կարծում եմ՝ կրթական ծրագրի շրջանավարտները հաջողությամբ կգտնեն իրենց տեղն աշխատաշուկայում»,- նշեց նա։
Նշենք, որ «Վրացագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ․ հունիսի 1-28-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 2-ին։ 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ․ հուլիսի 8-ից օգոստոսի 16-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 2-րդ փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 23-ին։
Մագիստրոսական ծրագրի շրջանակում հատկացված է անվճար 4 տեղ։ Անվճար համակարգով սովորելու հնարավորություն ունեն 1-ին փուլին մասնակցող բոլոր դիմորդները՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), բուհից և մասնագիտացումից։