- Գլխավոր
- Նորություններ
- Կրթական և հետազոտական գործընթացների բարելավում, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում․ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
Հունիս 13, 2024 | 15:00
Գործընկերներ
Կրթություն
Հետազոտություն
Կրթական և հետազոտական գործընթացների բարելավում, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում․ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Գեո-Նալ» ընկերության տնօրեն Աննա Նալջյանը ստորագրել են երկու կառույցների միջև փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ ուժերով նպաստելու կրթության ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետների համար ստեղծելու տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման ու խորացման հնարավորություններ, ինչպես նաև նպաստելու բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը։
«Գեո-Նալ» ընկերությունը «Լեյկա Գեոսիստեմս» («Leica Geosystems») և «Լեյկա Միկրոսիստեմս» («Leica Microsystems») ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: «Լեյկա Գեոսիստեմս» ընկերությունն առաջարկում է լավագույն գեոդեզիական լուծումներ, չափագրում, լազերային սկանավորում, իսկ «Լեյկա Միկրոսիստեմս»-ը՝ օպտիկական, թվային և լազերային մանրադիտակներ։
Համագործակցության արդյունքում կողմերն իրականացնելու են կրթական և ճանաչողական ծրագրեր, կատարելու են փորձի փոխանակում և անցկացնելու են դասընթացներ։
Գործակցության շրջանակում կատարվելու են գեոդեզիայի, տեղագրական, կադաստրային քարտեզագրման, օդալուսանկարահանման, եռաչափ արտապատկերման, երկրատեղեկատվական համակարգերի կիրառման, մետաղների, բյուրեղների, օպտիկական միջավայրերի ուսումնասիրություն, հյուսվածքների և բջիջների կենսաբանական հետազոտություն՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաները։
Բացի դրանից՝ ընկերությունն ուսանողների համար կազմակերպելու է կրթական ծրագրեր, պրակտիկա, իրազեկման հանդիպումներ և այլ միջոցառումներ, ԵՊՀ-ն էլ ընկերության աշխատակիցների համար կազմակերպելու և անցկացնելու է ոլորտին առնչվող դասընթացներ։
Ի դեպ՝ ընկերությունը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետին նվիրաբերել է գեոդեզիական և քարտեզագրական սարք-սարքավորումներ, որոնք նպաստելու են կրթական և հետազոտական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։