- Գլխավոր
- Նորություններ
- Եվս մեկ հաջողություն միջազգային ասպարեզում․ ԵՊՀ ուսանողները՝ «Համաշխարհային տնտեսություն» օլիմպիադայի հաղթողներ
Հունիս 28, 2024 | 11:00
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Եվս մեկ հաջողություն միջազգային ասպարեզում․ ԵՊՀ ուսանողները՝ «Համաշխարհային տնտեսություն» օլիմպիադայի հաղթողներ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորս ուսանողներ մասնակցել են Թուրքմենստանի տնտեսագիտության և կառավարման պետական ինստիտուտի կազմակերպած միջազգային հեռավար օլիմպիադային: «Համաշխարհային տնտեսություն» խորագրով միջազգային օլիմպիադայի ամփոփիչ արդյունքներով ԵՊՀ ուսանողները զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները:
Թուրքմենստանի տնտեսագիտության և կառավարման պետական ինստիտուտում ս․թ․ մայիսի 16-ին անցկացվել է «Համաշխարհային տնտեսություն» միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 33 բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Թուրքմենստանից, Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Պակիստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Տաջիկստանից։ Օլիմպիադայում ուսանողները մրցել են 45 տեղերի համար (11 առաջին, 16 երկրորդ և 18 երրորդ):
Օլիմպիադայի պաշտոնական լեզուներն էին թուրքմեներենը, ռուսերենը և անգլերենը: Մրցույթն անցկացվել է անհատական մրցումների ձևով, որտեղ հաղթողները որոշվել են վաստակած միավորների հիման վրա։ Յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատությունից օլիմպիադային մասնակցել են ոչ ավելի, քան չորս ուսանողներ: Երևանի պետական համալսարանից օլիմպիադային մասնակցել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ Զինա Ղազարյանը, Ալեն Ղազարյանը, Էվա Միրզոյանը և Աիդա Գյուրջօղլյանը, խմբի ղեկավարն էր Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Հայրապետյանը: Օլիմպիադային մասնակցած ուսանողները պատմել են հեռավար օլիմպիադային մասնակցելու փորձառության, դժվարությունների, գրանցած հաջողության մասին:
«Օլիմպիադայի մասին տեղեկացել ենք մեր դասախոս Գրիգոր Հայրապետյանից: Նա մեզ առաջարկել է մասնակցել, և մենք սիրով համաձայնել ենք: Հետաքրքիրն այն էր, որ օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ էր ունենալ գիտելիքների այնպիսի պաշար, որը սովորաբար ունենում են երրորդ կուրսում: Օլիմպիադայից առաջ մենք առցանց ձևաչափով պարապել ենք մեր ղեկավարի հետ՝ ուսումնասիրելով միջազգային տնտեսագիտությունը: Ստացած նոր գիտելիքները համադրելով՝ մենք կարողացել ենք հաջողությամբ մասնակցել օլիմպիադային»,- նշեց Զինա Ղազարյանը՝ ընդգծելով, որ կուրսընկերների միջև որևէ մրցակցություն չի եղել, ավելին՝ մինչև քննությունների մեկնարկը միմյանց օգնել են, վերհիշել անցածը:
Խոսելով օլիմպիադայի առաջադրանքների բովանդակությունից՝ Ալեն Ղազարյանն ասաց, որ հարցերը վերաբերում էին տնտեսագիտության բոլոր ոլորտներին:
«Օլիմպիադան բավականին համընդգրկուն էր, և հարցերը կոնկրետ որևէ առակայի շուրջ չէին․ կային այնպիսի թեմաներ, որոնք մենք ուսումնասիրել էինք առաջին կուրսում, կային նաև տրամաբանական հարցեր, տնտեսագիտական տարբեր խնդիրներ: Մենք մասնակցել ենք տարբեր օլիմպիադաների, սակայն սա իր ձևաչափով տարբերվում էր նախորդներից: Օլիմպիադայում մեր գրանցած արդյունքները մատնանշում են, որ մեր ստացած որակյալ կրթության շնորհիվ ենք կարողացել հաջողություններ գրանցել: Հավաքելով նույն միավորները՝ ես և Զինան առաջին տեղն ենք զբաղեցրել, իսկ Աիդան և Էվան՝ երկրորդ»,- ընդգծեց Ալենը:
Պատմելով օլիմպիադայի ընթացքի մասին՝ Էվա Միրզոյանը նշեց, որ համեմատաբար հեշտ առաջադրանքները կատարել է սկզբում, այնուհետև անցել ավելի բարդ խնդիրների լուծմանը:
«Օլիմպիադայի սկզբում նախ ծանոթացել եմ խնդիրներին, այնուհետև կատարել առաջադրանքները՝ պարզից բարդ տրամաբանությամբ: Մենք որոշակի պատկերացում ունեինք ընդգրկված հարցերի մասին, այդ իսկ պատճառով մեծ դժվարությունների չենք հանդիպել: Թեև առկա էին տնտեսագիտական բարդ խնդիրներ, որոնց պահանջները անհասկանալի էին թվում, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք ճիշտ ժամանակին ավարտել: Կարելի է ասել՝ օլիմպիադան մեզ համար նոր և հետաքրքիր փորձառություն էր»,- մատնանշեց Էվան:
Ըստ ուսանողների՝ հետադարձ կապը եղել է արագ և արդյունավետ: Նրանք օլիմպիադայում գրանցած արդյունքների մասին տեղեկացել են էլեկտրոնային նամակների միջոցով:
«Ի սկզբանե՝ ձախողելու մտավախություն կար, քանի որ առաջին անգամ էինք մասնակցելու նմանօրինակ միջազգային հեռավար օլիմպիադայի: Սակայն մեր դասախոսների խրախուսական, շարունակական աշխատանքների շնորհիվ մենք կարողացել ենք լավ արդյունքներ գրանցել: Օլիմպիադայի հաղթողները որոշվել են վաստակած միավորներով, և այն մասնակիցները, որոնք բարձր ցուցանիշներ են գրանցել, ստացել են դիպլոմներ»,- ամփոփեց Աիդա Գյուրջօղլյանը:
Նշենք, որ օլիմպիադայի յուրաքանչյուր մասնակցին տրվել է լուծելու 10 առաջադրանք, որոնք կատարելու համար նրանք ունեցել են 120 րոպե (2 ժամ):