- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ պրոֆեսորը՝ «Աշխարհացույց»-ի նոր բացահայտումների հեղինակ
Հուլիս 02, 2024 | 13:30
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
ԵՊՀ պրոֆեսորը՝ «Աշխարհացույց»-ի նոր բացահայտումների հեղինակ
V դարում Մովսես Խորենացու կազմած, այնուհետև VII դարում Անանիա Շիրակացու կողմից լրացված «Աշխարհացույցը» շարունակում է մնալ գիտնականների ուշադրության կենտրոնում։ ԵՊՀ hամաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․դ, պրոֆեսոր Հակոբ Հարությունյանը «Աշխարհացույցի» մասին հեղինակել է ավելի քան 40 գիտական հոդվածներ, որոնցից 7-ը տպագրվել են «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ներկայացված բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում:
«Աշխարհացույցի» ուսումնասիրության արդյունքում պրոֆեսորի վերջին հրապարակումը նվիրված է Լիկաոնիա երկրամասին, որը նախկինում զբաղեցրել է ներկայիս Անթալիա քաղաքի հարակից տարածքը Փոքր Ասիա թերակղզում։ «Անտիկ Լիկաոնիայի աշխարհագրությունից դեպի Խորենացու և Շիրակացու աշխատությունները» խորագրով հոդվածը հրապարակվել է «Ս. Պետերբուրգի համալսարանի տեղեկագիր» հանդեսում։
ԵՊՀ պրոֆեսորի հեղինակած հոդվածը Լիկաոնիայի վերաբերյալ առաջին գիտական հրապարակումն է ամբողջ աշխարհում։
«Մինչ այդ Լիկաոնիայի մասին որևէ լեզվով գիտական հոդված չի տպագրվել, իսկ «Աշխարհացույցում» գրված է ընդամենը մեկ նախադասություն այն մասին, որ եղել է այդպիսի երկրամաս, ինչպես նաև նշված է, որ Լիկաոնիան եղել է բարձրադիր լեռնային երկիր»,- նշեց Հ. Հարությունյանը։
Ներկայացնելով իր հետազոտության արդյունքները՝ նա ընդգծեց, որ Լիկաոնիայում ապրել են տարբեր ազգեր և մշտապես անզիջում պատերազմներ են ընթացել այդ տարածաշրջանի պետությունների միջև՝ գերիշխանության հասնելու նպատակով: Հ. Հարությունյանն այս համատեքստում հավելեց, որ ուսումնասիրել է նաև Լիկաոնիայում տեղի ունեցած իշխանափոխությունները, թե ինչպես է այս տարածքը մի երկրից անցել մյուսի տիրապետության տակ։
«Տիգրան Մեծը ևս մեծ ցանկություն է ունեցել Լիկաոնիան միացնելու Մեծ Հայքին, որ կարողանար գերիշխող դիրք ունենալ նաև Փոքր Ասիայի նկատմամբ, սակայն նրան չի հաջողվել իրագործել այդ ծրագիրը։ Դա պայմանավորված էր նրանով, որ Տիգրան Մեծի նվաճումներն ուղղված են եղել դեպի հարավ, և այդ ուղղությամբ նա հասել է մինչև Եգիպտոս»։
«Աշխարհացույցում» վկայություններ կան 58 երկրների մասին, համառոտ ներկայացված են նաև փաստեր տվյալ երկրների բուսական և կենդանական աշխարհների մասին։ Երրորդ գրքից սկսվում է երկրների նկարագրությունը, որը վերաբերում է Եվրոպային: Այստեղ նկարագրված են եվրոպական 12 երկրներ, Աֆրիկայի՝ 8, ինչպես նաև ասիական 38 պետություններ, այդ թվում՝ V-VII դարերում կործանված։ Ինչ վերաբերում է «Աշխարհացույցի» առաջին երկու գրքերին, ապա դրանք ունեն ներածական բովանդակություն, որոնցում տրված են աշխարհագրության հետազոտման հիմնական սկզբունքները:
«Աշխարհացույցին» վերաբերող իր հոդվածներում Հ. Հարությունյանն անդրադարձել է նաև հին Իսպանիային, Բրիտանիային, Գերմանիային, Գալլիային, Դալմաթիային, Իտալիային, Մակեդոնիային, Հունաստանին, Թրակիային, Չինաստանին, Պարթևստանին, Փռյուգիային, գրել Բյուզանդական Հայաստանի, ասիական և բազմաթիվ այլ պետությունների մասին։
ԵՊՀ պրոֆեսորը նշեց, որ նպատակ չունի սահմանափակվելու այսքանով, այլ մտադիր է ուսումնասիրել «Աշխարհացույցում» ներկայացված բոլոր 58 երկրները։ Նա արդեն հետազոտել է մոտ 40 երկիր կամ երկրամաս։
«Ամբողջովին ուսումնասիրել եմ Եվրոպայի բոլոր 12 երկրները, որոնց մասին հրապարակել եմ գիտական հոդվածներ։ Գրեթե ավարտել եմ նաև ասիական 38 երկրների հետազոտությունը, և մնացել են հետազոտելու Աֆրիկայի 8 երկրները»,- նշեց նա։
Հ․ Հարությունյանը մատնանշեց, որ նախկինում «Աշխարհացույցը» օգտագործվում էր միայն այն ժամանակ, երբ ուսումնասիրում էին Հայաստանը կամ հարակից երկրները, այսինքն՝ վրացական երկու պետությունները՝ Իբերիան և Կոլխիդան, Կովկասյան Աղվանքը, մասամբ՝ Հյուսիսային Կովկասը և Պարսկաստանը։
««Աշխարհացույցում» շատ հետաքրքիր տեղեկություններ կան Պարսկաստանի (Իրանի)՝ Փոքր Ասիա թերակղզում գոյություն ունեցած 16 պետությունների մասին։ Խոսվում է պարսկական առաջին պետության՝ Էլամի մասին, որը հիմնվել է մ.թ.ա. IV հազարամյակի վերջերին, խոսվում է պարսկական երկրորդ պետության՝ Մարաստանի մասին, ինչպես նաև Աքեմենյան ու Սասանյան Պարսկաստանի մասին: Կա նաև հիշատակում Պարթևական պետության մասին, որն ինչ-որ տեղ ևս պարսկական պետություն է դիտարկվում»,- ասաց նա։
«Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվում են «Աշխարհացույցի» մեծ թվով ձեռագրեր՝ գրված գրաբարով։ Այդ ձեռագրերը ժամանակի ընթացքում թարգմանվել են տարբեր լեզուներով՝ լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, այդ թվում՝ աշխարհաբար: Ըստ Հ. Հարությունյանի՝ «Աշխարհացույցի» աշխարհաբարով հրատարակություններից լավագույնը պատմաբան Ա. Գ. Աբրահամյանի և ԵՊՀ նախկին ռեկտոր Գ. Բ. Պետրոսյանի թարգմանությունն է, չնայած, որ վերջիններս որոշ բառեր՝ կենդանիների, բույսերի և այլ անուններ, թողել են գրաբարով։ Իսկ ռուսերեն թարգմանվել է միայն Մ․ Խորենացու հեղինակած համառոտ «Աշխարհացույցը», որի թարգմանության հեղինակը Ք. Պ. Պատկանովն է։ Առաջին անգամ Ա. Շիրակացու կողմից հավելված ու լրացված «Աշխարհացույցի» ամբողջական տեքստը, որը կոչվում է ընդարձակ, ռուսերեն է թարգմանել ԵՊՀ պրոֆեսոր Հ. Հարությունյանը: Ռուսերեն թարգմանված «Աշխարհացույցը» հրատարակվել է ՌԴ-ում և հրատարակիչների կողմից տարածվել է այնտեղի մի շարք խոշոր գրադարաններում։
««Աշխարհացույցի» հայերեն բնագիր տեքստը (մոտ 55 էջ ծավալով) թարգմանել եմ 4 ամսում, բայց մոտ 4 տարի աշխատել եմ արդեն թարգմանված տեքստի վրա, որպեսզի որքան հնարավոր է, այն մոտ լինի բնագրին: Բացի հատուկ անուններից՝ օրինակ՝ ազգերի, լճերի, գետերի ու ծովերի, երկրների ու քաղաքների և այլ անուններ ներկայացրել եմ ոչ միայն ռուսերեն, այլև լատիներեն ու հունարեն տարբերակներով»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորն ու ընդգծեց, որ որոշ դժվարությունների է հանդիպել նաև կենդանիների ու բույսերի անունները գրաբարից ռուսերեն թարգմանելիս՝ մեկ բառի համար ստիպված լինելով օգտագործելու մինչև 15-20 բառարան, իսկ որոշ դեպքերում դիմել է տեղի և արտասահմանցի գործընկերներին:
Նշենք, որ ԵՊՀ պրոֆեսորը 200-ից ավելի գիտական հոդվածների և 7 գրքերի հեղինակ է։ Նրա աշխատությունները հրատարակվել են ՀՀ-ում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլդովայում, Նորվեգիայում, Լիբանանում, Ավստրիայում։