- Գլխավոր
- Նորություններ
- Իսպանական մշակույթ, կրթություն և հաղորդակցություն. ԵՊՀ-ում անցկացվեց եռօրյա դասընթաց
Հուլիս 02, 2024 | 15:35
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Իսպանական մշակույթ, կրթություն և հաղորդակցություն. ԵՊՀ-ում անցկացվեց եռօրյա դասընթաց
Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Իսպանական մշակույթը և Իսպանիայի դեմոկրատական ու եվրոպական կառուցումը. հաղորդակցություն, գրականություն, թատրոն, կինո, երաժշտություն» խորագրով եռօրյա դասընթացը, որի նպատակն էր ներկայացնել իսպանական մշակույթի առանձնահատկությունները, ինչպես նաև մշակույթի, կրթության և համալսարանական հետազոտությունների դերը Իսպանիայի ժողովրդավարության կերտման գործում:

Եռօրյա դասընթացը կազմակերպվեց ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հայագիտության ամբիոնի համագործակցության շրջանակում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։ Կարևորելով Կոմպլուտենսե համալսարանում բացված Հայագիտության ամբիոնի դերն ու համագործակցության արդյունքները՝ նա ասաց․ «Կոմպլուտենսե համալսարանը Եվրոպայի ամենահին համալսարաններից է, և ընդամենը երկու տարի է, ինչ այնտեղ բացվել է Հայագիտության ամբիոն, սակայն մենք արդեն իսկ տեսնում ենք համագործակցություն շոշափելի արդյունքներ: Ակադեմիական միջավայրի մարդիկ շատ նման են․ մեր նպատակը կրթության միջոցով աշխարհը և մարդկանց ավելի լավը դարձնելն է: Ուստի, զարգացումը հնարավոր է միայն համագործակցության միջոցով»:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ընդգծելով նախաձեռնության կարևորությունը, նշեց․ «Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի առնվազն երկու-երեք անգամ Ռոմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվի հետաքրքիր ծրագիր՝ համագործակցության յուրօրինակ կամուրջ ստեղծելով Հայաստանի և Իսպանիայի բուհերի միջև: Այսօրինակ նախաձեռնությունները կարող են լավ հարթակ դառնալ հայ-իսպանական հարաբերությունների սերտացման համար»:
Դասընթացը նվիրված էր իսպանական մշակույթի տարբեր հայեցակերպերին. այն առանձնանում էր իր բազմամասնագիտական, միջգիտակարգային, բազմահայեցակարգային բնույթով և ընդգրկում էր գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ՝ կինո, թատրոն, գրականություն, երաժշտություն, հաղորդակցություն: Իսպանական մշակույթին նվիրված դասընթացը վարեցին Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի տարբեր ֆակուլտետների (Հաղորդակցության, Բանասիրության, Պատմության և Աշխարհագրության) անվանի 5 դասախոսներ, պրոֆեսորներ:

Խոսելով Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հետ համագործակցության մասին՝ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանն ասաց, որ տարիների ընթացքում ձևավորվել են հետաքրքիր ավանդույթներ՝ նպաստելու իսպաներենի և իսպանական մշակույթի տարածմանը ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ Հայաստանում:
«Այս ուսումնական տարվա ընթացքում մեր ամբիոնը կազմակերպել է 5 դասընթացներ, որոնց շրջանակում իսպանական մշակույթին և բանասիրության տարբեր հիմնահարցերին առնչվող թեմաներով բանախոսություններով են հանդես եկել տարբեր համալսարանների 15 դասախոսներ, պրոֆեսորներ: Եվ այս եռօրյա դասընթացը, որը կազմակերպել ենք Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հայագիտության նորաստեղծ ամբիոնի հետ համագործակցությամբ, ևս բացառություն չէր: Կարծում եմ, որ Հայագիտության ամբիոնի ստեղծումը ուղենշում է համագործակցության նոր փուլ և հեռանկարներ»,- ընդգծեց Հ. Բաղդասարյանը:
«Մշակույթը մերձեցնում է ժողովուրդներին»,- ասաց Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ֆրանսիսկո Զուրյանը՝ խոսելով մշակութային ընդհանրությունների մասին: Նա ընդգծեց, որ եթե տվյալ մշակույթը արմատացած է որևէ վայրում, չի նշանակում, որ այն չի կարող ունենալ համամարդկային բնույթ։

«Թվում է՝ ԵՊՀ-ն և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը «քույր» համալսարաններ են, քանի որ ունեն մի շարք ընդհանրություններ։ Ներկայում ստեղծվում են համագործակցության և հաղորդակցության շատ հնարավորություններ, ինչպես դասախոսների՝ շատ ավելի մեծ թվով փոխայցելություններ, համալսարանների միջև ինտեգրված ակադեմիական համայնքի ստեղծում (համատեղ հետազոտական աշխատանքներ, կրթական ծրագրեր, հրապարակումներ և այլն): Կցանկանայինք, որ այն փորձառությունը, կրթական մակարդակը, հետազոտական ներուժը, որ ունենք Իսպանիայում, հնարավոր լիներ օգտագործել՝ ի նպաստ ինչպես հայագիտական հետազոտությունների խթանման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կրթական այլ ոլորտների զարգացման»,- շեշտեց Ֆ. Զուրյանը։
Անդրադառնալով նախաձեռնության շարունակական լինելու կարևորությանը՝ Ֆ. Զուրյանն ընդգծեց․ «Ողջունելի կլիներ, եթե Կոմպլուտենսեի ներկայացուցչություն ունենայինք Հայաստանում, ինչը կնպաստեր Հայաստանի և Իսպանիայի գործընկերային կապերի ամրապնդմանը։ Հնարավորության սահմաններում կկարողանայինք հասկանալ Հայաստանի հետ համագործակցության ոլորտները, կծանոթանայինք հայկական կողմի խնդիրներին և համագործակցության հնարավոր հեռանկարներին»։

Նշենք, որ եռօրյա դասընթացի ավարտին կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում՝ արժևորելու մշակույթի, կրթության և համալսարանական հետազոտության դերը Իսպանիայի ժողովրդավարության կառուցման գործում:
Հավելենք, որ դասընթացի մասնակիցները մասնակցության վկայականներ կստանան Երևանի պետական համալսարանի և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի կողմից:
Ավելին՝ տեսանյութում: