- Գլխավոր
- Նորություններ
- «Մեր կրթությամբ մենք մրցունակ ենք նաև միջազգային ասպարեզում». ԵՊՀ ուսանող Արտյոմ Ղազարյան
Օգոստոս 07, 2024 | 11:00
Գիտություն
Կրթություն
Ուսանողական կյանք
«Մեր կրթությամբ մենք մրցունակ ենք նաև միջազգային ասպարեզում». ԵՊՀ ուսանող Արտյոմ Ղազարյան
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արտյոմ Ղազարյանը մասնակցել է «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և ուղիները. քաղաք, տարածաշրջան, երկիր, աշխարհ» խորագրով համառուսական գիտագործնական 13-րդ գիտաժողովին՝ նախատեսված ուսանողների և ասպիրանտների համար: Գիտաժողովին մասնակցելու կարևորության, ներկայացրած հոդվածի և այլ մանրամասների մասին պատմել է ուսանողը:
Արտյոմ Ղազարյանի համար մասնագիտական ընտրություն կատարելը բավականին բարդ է եղել։ Նա երկար ժամանակ երկմտել է բժշկության և տնտեսագիտության ոլորտների ընտրության հարցում, սակայն տնտեսական տարբեր գործընթացները լավագույնս պատկերացնելու ցանկությունը գերազանցել է մյուս նախասիրություններին: Ներկայում հետաքրքրված է տնտեսական հետազոտություններ կատարելու գործընթացով և ուսումնասիրում է ոլորտի արդի միտումները, առաջատար մասնագետների հետազոտությունները: Ուսումնառության տարիներին ներգրավվել է համալսարանում կազմակերպվող միջոցառումներում թե՛ որպես մասնակից, թե՛ որպես կամավոր:
Մասնագիտության հմտությունները բարելավելու նպատակով Արտյոմը մասնակցել է միջազգային հավատարմագրում ունեցող դասընթացների, գիտաժողովների: Այս տարի նա առցանց մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և ուղիները. քաղաք, տարածաշրջան, երկիր, աշխարհ» թեմայով գիտաժողովին:
- Արտյո՛մ, կպատմե՞ք գիտաժողովին ներկայացրած թեմայի արդիականության մասին:
- Ա․ Ս․ Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանը կազմակերպել էր համառուսական գիտագործնական 13-րդ գիտաժողով, որին մասնակցում էին շուրջ 60 ուսանողներ և ասպիրանտներ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովը միտված էր զարգացնելու ուսանողների և ասպիրանտների հետազոտական հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով հարստացնելու գիտելիքներն ու կարողությունները, կատարելու փորձի փոխանակում:
Գիտաժողովի ժամանակ ներկայացրել եմ ռիսկի հավելավճարի կարևորության և ներդրողների որոշումներում դրա ազդեցության մասին հոդված: Գիտակցելով ներդրողների վարքագծի ուսումնասիրության կարևորությունը՝ փորձել եմ կատարել այնպիսի հետազոտություն, որը որոշակիորեն կբացահայտի նրանց քայլերի դրդապատճառները: Զարգացող երկրներում բավականին կարևոր է ներդրումների վարքագծի հստակ պատկերացումը: Այս հետազոտությունը որոշակիորեն պարզաբանում է ներդրողների վարքագիծը բարձր/ցածր ռիսկի հավելավճարի պայմաններում: Ուսումնասիրության ընթացքում փորձել եմ դիտարկել, թե ինչ պատճառներով են ներդրողները պահում իրենց ակտիվները այս կամ այն արժույթով: Ըստ հետազոտության՝ հիմնական պատճառներից մեկը ռիսկի հավելավճարն է: Չափելով ռիսկի հավելավճարը՝ ուսումնասիրել էի դրա տատանումների (աճի կամ անկման) ընթացքում ներդրողների վարքագծի փոփոխությունը: Հիմնական արդյունքը հետևյալն էր՝ բարձր ռիսկի պայմաններում ներդրողները հրաժարվում են ռիսկային արժույթից՝ իրենց ֆինանսական միջոցները պահելով արտարժույթով: Ուսումնասիրության համար օգտագործվել են էկոնոմետրիկ մոդելներ, որոնց օգնությամբ էլ հասել եմ վերջնարդյունքին: Արդյունքները փաստում են, որ մեր առջև դրված նպատակներին հասել ենք, ավելին՝ դրանք հետաքրքրություն են առաջացրել գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների շրջանում՝ դառնալով նաև հավելյալ քննարկումների պատճառ:
Գիտաժողովի շրջանակում արծարծված թեմաները հիմնականում առնչվում էին հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման միտումներին, մարզերի և քաղաքների սոցիալ-տնտեսական կառավարման, ինչպես նաև մեր օրերում գործող համակարգերի և ինստիտուտների հիմնախնդիրներին:
- Ի՞նչ տվեց Ձեզ գիտաժողովին մասնակցելը։
- Այս գիտաժողովին մասնակցությունը նախևառաջ նոր գիտելիք ձեռք բերելու հիանալի առիթ էր: Այն նաև հնարավորություն ընձեռեց միջազգային հանրությանը ներկայացնելու կատարված ուսումնասիրությունը, լսելու ոլորտի մասնագետների առողջ քննադատությունները, ծանոթանալու օտարերկրյա հետազոտողների կատարած հետազոտություններին և իմանալու այն մեթոդները, որոնք նրանք կիրառում են տնտեսագիտական հետազոտություններ կատարելիս։ Սա լավ հնարավորություն էր միջազգային հանրությանը ներկայացնելու մեր համալսարանը ու ցույց տալու, թե ինչպիսի հետազոտություններ կարող են կատարել երիտասարդները դեռ ուսանողական տարիներից։ Մասնակցելով միջազգային գիտաժողովներին՝ մենք պատկերացում ենք կազմում մյուս երկրների մասնակիցների տնտեսագիտական կրթության մասին, ինչ-որ առումով նաև չափում մեր գիտելիքներն ու համեմատականներ անցկացնում բուհերի տված կրթության միջև։ Պետք է նշեմ, որ սա լավ հնարավորություն է նաև համոզվելու, որ ԵՊՀ-ում ստացած մեր կրթությամբ մենք մրցունակ ենք նաև միջազգային ասպարեզում։ ԵՊՀ-ն ուսանողին հնարավորություն է տալիս ձեռք բերելու հենքային գիտելիքներ և դրանք կիրառելու մասնագիտական բնագավառում։ Նախատեսում եմ զբաղվել մակրոտնտեսական հետազոտություններով, ինչպես նաև ցանկանում տպագրել գիտական հոդվածներ միջազգային բարձր վարկանիշավորում ունեցող պարբերականներում:
- Ի՞նչ եք կարծում, գիտության ոլորտում հաջողության հասնելու համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:
- Կարծում եմ՝ մասնագիտության հանդեպ սերը, աշխատասիրությունը, համբերատարությունը գլխավոր գործոններն են, որոնք անհրաժեշտ են գիտության ոլորտում հաջողելու համար, իսկ փորձառու մասնագետների սրտացավ խորհուրդներն օգնում են բնագավառում առաջին քայլերը կատարելիս։