- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթում հաղթելը՝ մասնագիտական նոր ճանապարհի սկիզբ
Օգոստոս 01, 2024 | 12:00
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
«ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթում հաղթելը՝ մասնագիտական նոր ճանապարհի սկիզբ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Վահե Ասատրյանը «ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթի հաղթողներից է: Ֆինանսաբանկային ոլորտի հանդեպ հետաքրքրությունները նրան ուղղորդեցին դեպի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունն աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով և հաղթանակներով, որոնց մասին պատմել է ուսանողը:
Վահեն կարծում է՝ այս կոչումը նոր ճանապարհի սկիզբ է, և այն կնպաստի գիտագործնական ոլորտում առաջընթաց գրանցելուն:
««ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթում հաղթանակն ինձ դրական զգացողություններ է պարգևել. այն պարտավորեցնող է, քանի որ լավագույնի կոչմանն արժանանալ նշանակում է, որ մշտապես պետք է բարձր պահել մասնագիտական հետագա վերելքի նշաձողը: Նախկինում լավագույն ճանաչված ուսանողներին անձամբ ծանոթ չեմ, սակայն լսել եմ նրանց հաջողությունների, գիտական առաջընթացի, հասարակական ակտիվության մասին: Ոգեշնչող է տեսնել նման ուսանողների, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ինձ համար օրինակելի կերպար է, իսկ ես էլ մշտապես ցանկացել եմ գործել իմ ուժերի առավելագույնի սահմանում՝ շարունակաբար ինքնակատարելագործվելով»,- նշեց նա:
Վահեն ընդգծում է, որ թվային աշխարհում բանկերը վերափոխում են իրենց ավանդական գործունեությունը, ինչն իր ազդեցությունն է թողնում ֆինանսական և հասարակական ոլորտների վրա: Տվյալները և դրանց հասանելիության աղբյուրները բազմաթիվ են, սակայն քիչ են տվյալների հետ ճշգրիտ և գիտելիքահենք աշխատանք կատարող մարդիկ, իսկ ֆինանսական տվյալների հետ աշխատանքը ցանկացած ոլորտում պահանջում է զգուշավորություն, վերլուծելու մեծ կարողություն:
Գործունեությանս յուրաքանչյուր դրական արդյունք ինձ համար կարևոր ձեռքբերում է, քանի որ դրանց համախումբն է դառնում կյանքում առանցքային նշանակություն ունեցող գործոն, խթան՝ նպատակներին հասնեու ճանապարհին:
Վահեն իր ձեռքբերումներից է համարում ԵՊՀ ընդունվելու և անվճար հիմունքներով կրթություն ստանալու հանգամանքը, ինչպես նաև ԵՊՀ-ի տրամադրած «Ջոն Կիրակոսյանի» անվան կրթաթոշակին արժանանալը: Նա ստացել է բազմաթիվ հավաստագրեր, մրցանակներ՝ մասնակցելով մի շարք ծրագրերի, մրցույթների և միջոցառումների:
«Այս ամենը մեծ նշանակություն ունի ինձ համար, որովհետև դրանք արտացոլում են իմ անցած ճանապարհը: Նշեմ, որ ակտիվորեն մասնակցել եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կազմակերպած գիտական սեմինարներին, որոնք առնչվել են այնպիսի բովանդակալից թեմաների, ինչպիսիք են երկրների անվտանգության համեմատական գնահատումը և վերլուծությունը, բիզնեսի թվայնացման հիմնախնդիրները և այլն: Դրանք գիտելիքի հավելյալ աղբյուր են, որոնք օգտագործվել են սեփական հետազոտություններում և վերլուծություններում, որոնց շնորհիվ ես և իմ գործընկերները կարողացել ենք կատարել առանցքային եզրահանգումներ»,- կարևորեց Վ. Ասատրյանը։
Վերջին տարիներին նա համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և կուրսընկերների հետ սկսել է կատարել գիտական հետազոտություններ և բացահայտել տնտեսության բազմաբովանդակ հատվածների փոխառնչությունները, առանձնահատկությունները։
Ներկայում Վահեն մասնագիտական փորձաշրջան է անցնում ՀՀ բանկերից մեկում՝ զուգահեռ շարունակելով կատարել հետազոտություններ: Անդրադառնալով որպես մասնագետ կայանալու գործում համալսարանի դերակատարմանը՝ ուսանողը շեշտում է. «ԵՊՀ-ում սովորելը հնարավորություն է տալիս ընդլայնելու տեսական գիտելիքների պաշարը, հարստացնելու իմացություններն ու կարողությունները մասնագիտական և հարակից ոլորտների վերաբերյալ: Կարևոր է, որ համալսարանում ստացած գիտելիքները մենք՝ ուսանողներս, կարողանում ենք գործնականում հեշտորեն կիրառել»:
Ապագա տնտեսագետի ցանկությունն է շարունակել ուսումը տվյալագիտության ոլորտում և համախմբելով այս երկու մասնագիտացումները՝ իրականացնել մյուս նպատակները: Նա վստահ է, որ հաջողության հասնելու համար բոլոր խնդիրները պետք է դիտարկել որպես հնարավորություններ:
Ցանկացած ջանք, որն ուղղված է այդ խնդիրների լուծմանը, մարդուն մի քայլով առաջ է մղում և մոտեցնում ցանկալի հաջողությանը: