- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանող լինելը՝ մանկության երազանք
Հուլիս 25, 2024 | 14:16
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ուսանող լինելը՝ մանկության երազանք
«ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթի հաղթողներից է Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ Էմմա Նոնինյանը: Մրցույթին մասնակցելու ցանկություն, երազանք վաղուց է ունեցել, սակայն միայն այս տարի է որոշել դիմել:
«Զգացողություններս հաճելի են, իսկ կոչումը պարտավորեցնող»,- ասում է ԵՊՀ ուսանող Էմմա Նոնինյանը: Էմման մեզ հետ զրույցում պատմեց համալսարանական կրթության, իր հաջողություններում ԵՊՀ անփոխարինելի դերի և ապագա անելիքների մասին:
Երբ ընդունվեցի ԵՊՀ…
ԵՊՀ-ում ուսանելը մանկությանս երազանքներից էր։ Ծնողներս միշտ առանձնահատուկ դրական վերաբերմունք են ունեցել համալսարանի հանդեպ։ Այժմ վստահորեն կարող եմ ասել՝ կյանքիս լավագույն որոշումներից է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ընտրելը։
Կրթությունը կյանքի կարևոր բաղադրիչն է. առանցքային է՝ որտեղ և ումից ես ստանում այն։
Մասնագիտությունն ընտրելիս ծնողներիս խորհուրդներին ականջալուր եմ եղել, սակայն վերջնական որոշումն ինքս եմ կայացրել: Չնայած երբևէ չեմ մտածել հայոց լեզվի և գրականության ուղիով գնալու մասին, բայց տարաբնույթ մասնագիտություններից ի վերջո բանասիրությունն ընտրեցի գուցե նաև նրա շնորհիվ, որ մայրս գերմաներենի մասնագետ է, տատիկս (հորս մայրը)՝ հայոց լեզվի և գրականության։ Փաստորեն մորս և տատիս՝ լեզվաբանության հանդեպ ունեցած սիրո «գենը» հաղթեց:
Ուսումը՝ կյանքի ճանապարհին…
Նպատակներին հասնելու ճանապարհին ուսումն իհարկե կարևոր նախապայման է, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հզոր կամք, նպատակասլացություն և կենսասիրություն: Ուսումնառության ընթացքում առիթ եմ ունեցել թե՛ կազմակերպողի, թե՛ մասնակցողի դերում հանդես գալու տարբեր գիտաժողովների, օլիմպիադաների, գիտական սեմինարների, տարաբնույթ մրցույթների ժամանակ։
Առաջին կուրսից ակտիվ ներգրավված եմ ուսանողական երկու կառույցների՝ թե՛ Ուսանողական գիտական ընկերության, թե՛ Ուսանողական խորհրդի աշխատանքներում։ Շուրջ մեկ տարի եղել եմ ՈՒԽ քարտուղար: Երկու տարի ղեկավարել եմ Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, այժմ էլ ԵՊՀ ՈՒԳԸ քարտուղարն եմ։ Կյանքիս արդյունավետության ու հիշարժանության համար պարտական եմ նաև ինձ համար անփոխարինելի այս կառույցներին։
Ձեռքբերումներս՝ առաջ շարժվելու գրավական…
Կյանքիս կարևորագույն ձեռքբերումն ընտանիքս է, նախ այն, որտեղ ծնվել եմ, ապա այն, որը ստեղծել եմ։ Թե՛ ծնողներս, թե՛ ամուսինս մշտապես իմ կողքին են և աջակցում են բոլոր հարցերում:
Այժմ…
Զբաղվում եմ մասնագիտական գործունեությամբ։ Աշխատում եմ «Դասական դպրոց» կրթական հիմնադրամում և «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնում» որպես գրաբարի մասնագետ և կրտսեր գիտաշխատող։
Ուսումն ավարտելուց հետո կրթագիտական գործունեությունը շարունակելու ցանկությունս մեծ է։ Կարծում եմ, որ հաջողության հասնելու համար պետք է աշխատել ամեն օր՝ առանց այդ մասին բարձրաձայնելու։
Գիտական գործունեությունը իմ սիրելի գործն է, թեպետ առայժմ միայն մեկ հոդված ունեմ, բայց զուգահեռ գրում եմ ևս երկուսը։ Նշեմ, որ աշխատավայրում էլ զբաղվում եմ տարբեր հետազոտություններով, գրքերի կազմման և խմբագրման աշխատանքներով։ Կարող եմ ասել, որ բովանդակալից ու խոչընդոտներով լի ճանապարհ եմ անցել: Այս հանգամանքը կրկնակի պարտավորեցնող է ճանապարհս շարունակելու և նոր հորիզոններ բացահայտելու համար: