- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ նպատակներին հասնելու ուղի
Օգոստոս 15, 2024 | 10:50
Մրցույթներ
Շրջանավարտներ
Ուսանողական
ԵՊՀ-ն՝ նպատակներին հասնելու ուղի
ԵՊՀ լավագույն ուսանող, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ Արամ Ամիրջանյանը, երբ առաջին անգամ ոտք դրեց համալսարան, զգաց, որ ցանկություն ունի իր ապագան ԵՊՀ-ի հետ կապելու. նրա ամենամեծ նպատակը ԵՊՀ-ում դասավանդելն է։
Միջազգայնագետի մասնագիտության ընտրության հարցում Արամը կողմնորոշվել է դեռևս դպրոցական տարիներին, քանի որ նրան մանկուց հետաքրքրել են պատմությունը, պատերազմների պատճառները, աշխարհակարգերը:
«Ուսումս կշարունակեմ նաև ասպիրանտուրայում։ Դասավանդելու համար, կարծում եմ, կընտրեմ այնպիսի թեմաներ, որոնց միջոցով կներկայացնեմ միջազգային հարաբերությունների տեսությունները, դիվանագիտական արվեստը մեր օրերում, միջազգային հարաբերությունները նոր ժամանակներում»,- մեզ հետ զրույցում իր ցանկությունն արտահայտեց ԵՊՀ լավագույն ուսանողը։
Նա, կարևորելով միջազգայնագետի դերը, շեշտեց, որ միջազգայնագետը պետք է հանրությանը կարողանա ներկայացնել միջազգային իրավիճակն առանց կողմնապահության և ցույց տա նպատակներին հասնելու ուղին` միաժամանակ պետական շահն առաջնային դասելով։
«Պատրաստվում եմ մեկնելու ՀՀ ԶՈՒ ծառայության՝ որպես սպա, բայց քանի որ ես սպա եմ լինելու, հնարավորություն ունեմ մագիստրատուրան ու ծառայությունը համատեղելու»,- ասաց Արամն ու հավելեց, որ թեև կրթությունը շատ կարևոր է, բայց կրթությունից զատ՝ երիտասարդները պետք է կենտրոնանան նաև պետության պաշտպանության հարցում։
«Ցանկացած մարդ իր կարողությունների չափով պետք է ծառայություն մատուցի հայրենիքին»,- այս համոզմունքն ունի նա:
Համալսարանում Արամ Ամիրջանյանը, բացի բարձր առաջադիմություն ցուցաբերելուց, նաև ակտիվ մասնակցություն է ունեցել ՈՒԽ-ում` փորձելով օգնել համակուրսեցիներին տարաբնույթ հարցերում, զբաղվել է ուսանողական տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, կատարել հետազոտական աշխատանք: Նա համահեղինակել է «ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական մոտեցումները «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի շրջանակում» վերտառությամբ գիտական հոդվածը, որը հրապարակվել է «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդեսում:
Ներկայում Արամը պատրաստվում է ուսումնասիրելու հարավկովկասյան պետությունների հայեցակարգային մոտեցումները` նոր գիտական հոդված հեղինակելու ակնկալիքով: