- Գլխավոր
- Նորություններ
- Բրենդինգի նոր մոտեցումներ Լիլիթ Շաքարյանի գրքում
Օգոստոս 09, 2024 | 12:00
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Բրենդինգի նոր մոտեցումներ Լիլիթ Շաքարյանի գրքում
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Շաքարյանը առարկայական տասը ծրագրերի, մի շարք գիտական հոդվածների և մասնագիտական գրքերի հեղինակ է: Վերջերս հրատարակվել է նրա նոր՝ «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքը: Մեզ հետ զրույցում նա պատմել է նոր գրքի, ԵՊՀ-ում և եվրոպական առաջատար համալսարաններում դասավանդման փորձառության, սոցիոլոգիայի և մարքեթինգային հաղորդակցությունների ոլորտում իր ունեցած ձեռքբերումների մասին։
Սկիզբը՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ
Լիլիթ Շաքարյանի մասնագիտական ուղին սկսվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետից:
«Երբ սկսում էի մասնագիտական ուղիս, թերևս ինձ համար մեկ կարևորագույն նպատակ կար՝ դառնալ համալսարանական: Ես մեծացել եմ այդ ոգով և միշտ երազել եմ լինել ԵՊՀ մի մասնիկ»,- նշեց Լիլիթը՝ հավելելով, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում ուսանելուց հետո հարազատ ֆակուլտետում դասավանդել է ավելի քան 14 տարի:
Լիլիթի բնորոշմամբ բազմաբնույթ այս գիտության՝ սոցիոլոգիայի ուսումնասիրության ոլորտում է սոցիալական կյանքը՝ անձնային մակարդակից մինչև համայնքային և մակրոհամաշխարհային մակարդակի փոփոխություններ, սոցիալական կառուցվածքներ ու ինստիտուտներ: Այս տեսանկյունից բարդ էր մասնագիտական նեղ ուղղվածության ընտրությունը. «Կարևոր խնդիր ունեի. պետք է գտնեի ինձ առավել հոգեհարազատ տիրույթ: Շուտով հասկացա, որ ինձ համար առավել կարևոր են մարդկային փոխհարաբերություններն ու ըստ այդմ՝ հաղորդակցությունների ոլորտը. այս հանգամանքն էլ դարձավ մարքեթինգային հաղորդակցությունների ու բրենդինգի ընտրության նախադրյալ»,- ներկայացրեց Լիլիթը:
Սոցիոլոգիական կրթությունը՝ Հայաստանում և եվրոպական առաջատար բուհերում
Լիլիթ Շաքարյանը ուրախությամբ արձանագրում է, որ կրթական համակարգի մի շարք փոփոխություններ՝ պրակտիկ դասաժամերը, նեղ մասնագիտացմամբ առարկաների ավելացումը, կարևոր են գիտության առավել համակողմանի ուսումնասիրման և ուսանողների կողմնորոշման համար: Նրա կարծիքով փոխված է նաև գիտության նկատմամբ հասարակության մոտեցումը:
«Եթե 2000-ականների սկզբին սոցիոլոգիան նույնականացվում էր միայն սոցիալական հարցումների հետ, ապա այսօր դա այդպես չէ. սոցիոլոգիան այլևս ընկալվում է որպես վերլուծական, անալիտիկ գիտություն»,- նշեց նա:
Խոսելով եվրոպական առաջատար երկրներում դասախոսություններով հանդես գալու մասին՝ պատմեց, որ դա կարևոր է թե՛ գիտնականի զարգացման, թե՛ սեփական երկրի՝ միջազգային հարթակում ներկայացման, դիրքավորման ու բրենդի ձևավորման տեսանկյունից:
«Եվրոպական առաջատար տարբեր բուհերում դասավանդելը շատ կարևոր փորձառություն է, քանի որ այն դասավանդման մեթոդներն ու մոտեցումները վերանայելու հրաշալի միջոց է։ Օրինակ՝ Արիզոնայի համալսարանի «Կանանց առաջնորդություն» ծրագրին մասնակցելիս թե՛ դասավանդողի, թե՛ ուսանողի դերում էի։ Ժամանակակից ուսանողի պահանջները, ակնկալիքներն ու սպասելիքները հասկանալն արդեն խթան է՝ ամբողջությամբ փոխելու դասավանդման իմ մեթոդներն ու մոտեցումները և հստակ գիտակցելու, որ դասավանդումը ևս հաղորդակցական ընթացք է»,- մանրամասնեց Լիլիթ Շաքարյանը։
Նա այժմ ԱՄՆ-ի Նևադայի պետական համալսարանի կրթության ֆակուլտետում իրականացնում է դոկտորական ծրագիր։ Լիլիթ Շաքարյանը դասավանդում և հետազոտական գործունեություն է ծավալում միաժամանակ: Նրա մասնակցությամբ իրականացվել է «Ընտանեկան բռնությունը Նևադայում» շուրջ մեկ ու կես տարի տևողությամբ հետազոտական նախագիծ, որի արդյունքում մշակված վերապատրաստման ծրագիրը 2024 թվականին արժանացել է տարվա լավագույն թրեյնինգային ծրագիր մրցանակին՝ «2024 Purple Ribbon Award Winner»։ Ի հավելումն այս ամենի՝ հետազոտական թիմը ստացել է հրավեր՝ իրականացված կրթական նախագիծը ներկայացնելու 2024 թվականի նոյեմբերին Վաշինգտոնում կայանալիք Ընտանեկան հարաբերությունների ազգային խորհրդի (NCFR) ամենամյա միջազգային գիտաժողովին, որտեղ Լիլիթ Շաքարյանը հանդես կգա «Advocate Training and Family Life Education» թեմայով զեկուցմամբ։
Լիլիթ Շաքարյանը՝ գրքերի և գիտական հոդվածների հեղինակ
«Համալսարանական լինելը պարզապես խոսք չէ. դա կոչում է, որն ամփոփում է հստակ գաղափարախոսություն. եթե դու ընտրել ես բուհն ու գիտությունը, ապա պարտավոր ես ունենալու քո ներդրումն այդ ոլորտի զարգացման մեջ»,- մեզ հետ զրույցում շեշտեց Լիլիթը՝ հավելելով, որ գիտական հոդվածներն ու տարաբնույթ աշխատանքները իր ընտրած ոլորտը զարգացնելու նպատակաուղղված քայլեր են: Նա կարևորագույն ներդրում է համարում իր «Բրենդի կառավարում» (2021), «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» (2022), ինչպես նաև «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» (2024) գրքերի հրատարակումը:
«Իմ առաջին՝ «Բրենդի կառավարում» ուսումնական ձեռնարկի նպատակն է ընթերցողին մանրամասնորեն ներկայացնել բրենդինգ գիտակարգը՝ բրենդ հասկացության սահմանումից մինչև մարքեթինգային ռազմավարության մշակում, բրենդների դիրքավորում ու կառավարում: Գիրքը հատկապես կարևոր է հայալեզու մասնագիտական գրականության բացը լրացնելու տեսանկյունից»,- նշեց Լիլիթ Շաքարյանը:
Երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը նախատեսված է գիտական հանրույթի առավել մասնագիտական նեղ շրջանակի համար: Այն տեղեկատվական հասարակության շրջանակում հաղորդակցության զարգացման ու բոլոր հնարավոր փոփոխությունների մասին է: Նրանում անդրադարձ է արվում նաև մեդիագրագիտությանն առնչվող որոշ հարցերի:
«Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» (2024)
«Երրորդ՝ «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքը թերևս իմ մասնագիտական տարերքի վառ դրսևորումն է: Շատ տարածված է բրենդինգի մարքեթինգային կողմը, իսկ քիչ ուսումնասիրված ու լուսաբանված՝ բրենդինգի սոցիալական դերն ու ազդեցությունը հասարակական կյանքում: Այս տեսանկյունից ինձ համար հիանալի հնարավորություն էր ուսումնասիրելու այս երևույթի սոցիալական ազդեցության տիրույթը»,- ներկայացրեց Լիլիթ Շաքարյանը:
«Չափից դուրս կարևորում եմ հայալեզու մասնագիտական գրականության առկայությունը, քանի որ եթե չկա մայրենի լեզվով գրականություն, ապա կրթության զարգացումը ևս դանդաղում է: Այդ պատճառով գիրքը գրելիս առաջադրել էի երկու կարևոր խնդիր. ցույց տալ բրենդինգ գիտակարգն իր «նրբերանգներով», ինչպես նաև ստեղծել ուսումնական, գիտական, հանրամատչելի նյութ՝ սովորողների և ոլորտով հետաքրքրվողների համար»,- ներկայացրեց Լիլիթ Շաքարյանը:
Բրենդը պարզապես վիզուալ կառուցվածք չէ, այլ գաղափարախոսություն՝ ինքնատիպ բովանդակությամբ. այս հայեցակարգն է ընկած գրքի մտահղացման հիմքում: Գիրքը բաղկացած է չորս բաժիններից: Առաջին բաժինը ներկայացնում է բրենդինգ գիտակարգի կառուցվածքը, գործառույթները, պատմությունը:
Երկրորդ բաժինը պատմում է կազմակերպական բրենդի մասին՝ ներկայացնելով ամերիկյան, եվրոպական, ռուսական հեղինակների մոտեցումներն ու տեսությունները:
Երրորդ բաժինն անդրադառնում է անձնային բրենդին՝ մատնանշելով տվյալ բրենդի ստեղծման կարևորությունը, կառուցվածքային տարրերն ու մեթոդները: Գրքում ներկայացված է պրակտիկ քայլերի ամբողջություն, որով բացատրվում է անձի բրենդի ստեղծման գործընթացը՝ նպատակի սահմանումից մինչև վերջնական գործողությունների իրականացում:
Հարափոփոխ աշխարհում բրենդը սոսկ անուն չէ․ այն հաղորդակցություն է, որով փոխանցվում է մի ամբողջ պատմություն, գաղափարախոսություն, արժեքներ ու տեսլական: Հետևաբար խիստ կարևոր է ոչ միայն առևտրային ապրանքների բրենդինգը, այլև երկրների․ չէ՞ որ յուրաքանչյուր երկիր յուրահատուկ այցեքարտ է համաշխարհային մեծ շուկայում։
«Պետք է հիշել, որ բրենդի ստեղծումը ստեղծագործ ընթացք է։ Բրենդը տարբերակման արվեստ է. պետք է գտնել ու արտահայտել ինքնատիպությունն ու դիրքավորվել շուկայում՝ հիմնվելով ոչ միայն բրենդի վիզուալ, այլև գաղափարական կողմերի վրա»,- ամփոփեց Լիլիթ Շաքարյանը։
Այս իմաստով գիրքը ևս մեկ քայլ առաջընթաց է հայալեզու մասնագիտական գրականությունը հարստացնելու տեսանկյունից: