- Գլխավոր
- Նորություններ
- Գնահատման համակարգում նոր փոփոխություն` ի շահ ուսանողի
Նոյեմբեր 20, 2024 | 15:00
Կրթական ծրագրեր
Ուսանողական
Գնահատման համակարգում նոր փոփոխություն` ի շահ ուսանողի
ԵՊՀ-ում 2024/2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից գնահատումը կատարվելու է տասներորդական մասի պահպանմամբ: Դասընթացների արդյունարար գնահատականը ևս ամրագրվելու է նույն սկզբունքով։ Այս փոփոխությունը նպատակ ունի բարձրացնելու գնահատման ճշգրտությունը՝ հնարավորություն ընձեռելով առավել հստակ գնահատական տալու ուսանողների կատարած աշխատանքներին, հասկանալու նրանց կարողությունների մակարդակը։
ԵՊՀ առաջնահերթություններից է ուսումնական գործընթացի բարելավումը՝ շարունակաբար ներմուծելով նորարարական մոտեցումներ, ապահովելով գիտակրթական հավասար պայմաններ բոլորի համար։ Ըստ նոր փոփոխության՝ ԵՊՀ-ում գնահատման 20-միավորային համակարգով կրթական վերջնարդյունքի ստուգման բոլոր բաղադրիչները գնահատվելու են տասներորդական մասի պահպանմամբ։ Գնահատման մեթոդը նպաստելու է առավել անաչառ, ճշգրիտ և օբյեկտիվ գնահատման համակարգ ունենալուն:
Խնդիրներ, մոտեցումներ և օգտակարություն
ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ այսօրինակ մեխանիզմը նպաստելու է գնահատականների կլորացումների հետևանքով առաջացող մտահոգությունների նվազեցմանը:
«Երբ մենք գնահատում ենք կլորացման մեխանիզմով, բախվում ենք ուսանողների կատարած աշխատանքները համեմատելու և գնահատելու խնդիրների։ Կլորացման համակարգը հաճախ հանգեցնում է 1-2 միավորի արհեստական բարձրացման, ինչը բարդացնում է դասախոսի աշխատանքը։ Օրինակ, երբ ուսանողը կատարում է առաջադրանքի միայն կեսը (որը լիարժեք կատարելու դեպքում գնահատվում է 1 միավոր)՝ ստանալով 0,5 միավոր, վերջինս կլորացվում ու դառնում է 1։ Ըստ այդմ՝ տվյալ ուսանողի գնահատականը հավասարվում է առաջադրանքն ամբողջությամբ կատարած ուսանողի գնահատականին։ Ուստի, կլորացման դեպքում հստակ չի արտահայտվում ուսանողի կատարած աշխատանքի ճշգրտությունը»,- ասաց Ա․ Սարգսյանը։
Նոր մոտեցմամբ, երբ գնահատականներն ամրագրվեն տասներորդական մասի պահպանմամբ, բոլոր ուսանողների համար ապահովվելու է հավասար մրցակցություն։
Գնահատման համակարգում նոր փոփոխությունը` ի շահ ուսանողի
Փոփոխության շնորհիվ յուրաքանչյուր ուսանող կստանա իր կատարած աշխատանքին համարժեք գնահատական՝ առանց կլորացումների։ Սա հնարավորություն կտա հստակ տարանջատելու չկատարված, թերի կատարված և լիարժեք կատարված առաջադրանքները։
«Ուսանողի համար սա մեծ առավելություն է, քանի որ նա ակնհայտորեն տեսնելու է տարբերությունը։ Մեր նպատակն է ապահովել որակյալ կրթություն և պատրաստել որակյալ մասնագետներ։ Համոզված եմ, որ այս փոփոխությունը միայն դրական արդյունքների կբերի»,- շեշտեց Ա․ Սարգսյանը։
Նշենք, որ ԵՊՀ ուսանողներն ու դասախոսներն արդեն տեղեկացված են փոփոխության մասին և ստացել են համապատասխան էլեկտրոնային նամակներ։