- Գլխավոր
- Նորություններ
- Կրթություն և աշխատանք․ անցկացվեց կարիերայի տոնավաճառ
Նոյեմբեր 21, 2024 | 15:52
Գիտություն
Գործընկերներ
Կարիերա
Կրթություն և աշխատանք․ անցկացվեց կարիերայի տոնավաճառ
Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։ Այն նպատակ ուներ աջակցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:
Տոնավաճառի շրջանակում անցկացվեցին հանդիպումներ 40-ից ավելի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կրթական միջոցառումներ՝ ուղղված աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը, կլոր սեղան-քննարկումներ՝ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծեց, որ այսօրինակ նախաձեռնությունները բացառիկ հնարավորություն են՝ համատեղելու կրթությունն ու աշխատանքը: Նա շեշտեց, որ տոնավաճառը ճիշտ ժամանակին է կազմակերպվել՝ կարիերայի նոր ուղիներ բացելով մեր հայրենակիցների համար: ԵՊՀ պրոռեկտորը հույս հայտնեց, որ միջոցառումը կդառնա բազմաթիվ հաջող համագործակցությունների սկիզբ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ միջոցառման շրջանակում կազմակերպվեցին մասնագիտական զարգացմանն ուղղված մի շարք դասընթացներ, որոնք անցկացվեցին երեք տարբեր սրահներում։ Դասընթացավարները մասնակիցներին ներկայացրին սեփական հմտությունները ճիշտ ներկայացնելու և գործատուների հետ արդյունավետ կապեր հաստատելու ուղիները:
Տոնավաճառում ներկայացված էին ավելի քան 20 թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց անմիջապես դիմելու գործատուին:
Նշենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագիրն իրականացվում է HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» բարեգործական հիմնադրամի ու «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ:
Երևանի պետական համալսարանը մշտապես աջակցում և շարունակելու է աջակցել նմանօրինակ նախաձեռնություններին՝ նպաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը:
Ավելին՝ տեսանյութում։