- Գլխավոր
- Նորություններ
- Շնորհվեցին հավաստագրեր ԵՊՀ-ի և «Fastex»-ի կազմակերպած դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին
Նոյեմբեր 25, 2024 | 15:25
Գործընկերներ
Կրթական ծրագրեր
Միջոցառումներ
Շնորհվեցին հավաստագրեր ԵՊՀ-ի և «Fastex»-ի կազմակերպած դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին
ԵՊՀ-ի և «Fastex» ընկերության համատեղ կազմակերպած «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ. կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթացի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: Բլոկչեյնի և թվային արժույթների ոլորտի զարգացմանը միտված երկամսյա դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեին ինչպես համալսարանականները, այնպես էլ ոլորտով հետաքրքրված անձինք:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը դեռևս ապրիլին կրթական ու գիտահետազոտական լրացուցիչ ծրագրերի իրականացման նպատակով «Fastex» ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ ստորագրել էր համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանելու բլոկչեյնի և թվային արժույթների ոլորտի զարգացումը։
Շնորհավորելով մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ դասընթացի պահանջները բավական խիստ էին դրված, և արդյունքում հավաստագրերի արժանացան լավագույնները։
Արժևորելով «Fastex»-ի հետ համագործակցությունը՝ նա ասաց․ «Բլոկչեյնի տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների պահանջարկը մեծ է ամբողջ աշխարհում: Այսօր որակյալ մասնագետների անհրաժեշտություն կա գրեթե բոլոր ոլորտներում, ուստի անառարկելի է այն փաստը, որ լավագույնները գտնելու են իրենց արժանի տեղը: Ինչպես մեր հանդիպումներից մեկի ժամանակ նշեց Վիգեն Բադալյանը, դասընթացի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու «Fastex» ընկերությունում»։
«Fastex»-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը մատնանշեց, որ ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին այս նոր նախաձեռնությանը։
«Սա միայն համատեղ նախաձեռնությունների սկիզբն էր․ մենք ունենք ապագայի մեծ ծրագրեր՝ սկսած մագիստրոսական կրթական ծրագրից մինչև համատեղ հետազոտությունների կատարում»,- ընդգծեց նա:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանը փաստեց, որ ներկայում աշխատանքներ են տարվում «Բլոկչեյն և թվային արժույթներ» մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի կհայտարարվի այդ ծրագրով ընդունելության մասին։
«Նախքան մագիստրոսական կրթական ծրագրի մշակումը՝ որոշվեց բլոկչեյն տեխնոլոգիաներին, թվային արժույթներին նվիրված դասընթացներ կազմակերպել Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Հետաքրքրվածները շատ էին, սակայն ընտրվեցին միայն հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները: Ամբողջ աշխարհն անցնում է բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործիքակազմի, և հաշվի առնելով, որ անցումն այդ տեխնոլոգիաներին կատարում են և՛ ֆինանսական, և՛ ոչ ֆինանսական ոլորտի կազմակերպությունները, հետևաբար այդ տեխնոլոգիաներին տիրապետող մանագետների կարիք ունեն բոլոր տեսակի ընկերությունները»,- շեշտեց Կարինե Ավետիսյանը:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական ծրագրի ուսանող, «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ. կրիպտո հավելվածների կիրառությունը» դասընթացի մասնակից Արևիկ Առուշանյանը նշեց, որ դասընթացի շրջանակում իրենք ստացան հիմնարար գիտելիք և ամբողջությամբ պատկերացրին, թե ինչպես է աշխատում Web3-ը, ինչպես նաև ծանոթացան կրիպտոներին։
«Դասընթացը հետաքրքիր էր նաև նրանով, որ ծանոթացանք ոլորտի նշանավոր ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրին այդ գործիքների կիրառությունը թե՛ մարքեթինգում, թե՛ հենց Web3 ծրագրավորման մեջ: Ինձ հետաքրքրում է նաև մագիստրոսական ծրագիրը, որը մշակման փուլում է»,- ասաց ուսանողն ու շեշտեց, որ այս պահին հետաքրքրված է արժեթղթերի շուկայով, թե ինչպես են կառավարում պորտֆեյլները․ ըստ նրա՝ բավական հետաքրքիր կլինի նաև դիտարկել կրիպտոգրաֆիան։
Համագործակցության հուշագրի շրջանակում անցկացված երկամսյա դասընթացի ընթացքում դասընթացավարներն անդրադարձել են բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտում առկա օրենսդրական կարգավորումներին:
Դասընթացները վարել են Web3 ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Վարդան Խաչատրյանը («Fastex»-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ), Արամ Ջիվանյանը («Fastex»-ի խորհրդական), Կարեն Թերջանյանը («Bahamut» բլոկչեյնի գլխավոր նախագծող), Պավել Արամյանը («Bahamut» բլոկչեյնի ծրագրի ղեկավար), Արմեն Բաղդասարյանը («Fastex»-ի համագործակցությունների գծով ղեկավար): Հիմնական դասընթացավարներից բացի՝ ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու նաև հրավիրյալ բանախոսների ելույթները:
ԵՊՀ-ի և «Fastex»-ի համագործակցությունը համալսարանի ուսանողներին հնարավորություն է ընձեռելու պարբերաբար անցնելու մասնագիտական պրակտիկա «Fastex»-ում, իսկ «Բլոկչեյն և թվային արժույթներ» մագիստրոսական ծրագրի լավագույն առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ ստանալու ընկերության կողմից հատկացված անվանական կրթաթոշակ։