- Գլխավոր
- Նորություններ
- Գիտական հետազոտություն՝ միտված նախկին արդյունաբերական քաղաքների ակտիվացմանը
Նոյեմբեր 28, 2024 | 15:25
Հասարակություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Գիտական հետազոտություն՝ միտված նախկին արդյունաբերական քաղաքների ակտիվացմանը
Խորհրդային Հայաստանի արդյունաբերական քաղաքները ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպե՞ս է փոխվել մարդկանց կյանքը։ Ի՞նչ նպատակներ և պատկերացումներ ունեն նրանք իրենց ապագայի, այդ քաղաքներում ապրելու, ստեղծագործական գործունեությունն ու աշխատանքը շարունակելու մասին, ի՞նչ քայլերով է հնարավոր վերականգնել այդ քաղաքները: Այս հարցերը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանի ու նրա գիտական խմբի ուսումնասիրության տիրույթում են:
Յուլիա Անտոնյանի «Հայաստանի խորհրդային արդյունաբերական քաղաքները և նրանց հետխորհրդային սոցիոմշակութային փոխակերպումները» վերտառությամբ գիտական նախագիծն արժանացել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի արդյունքում:
Մշակութային մարդաբան Յուլիա Անտոնյանն իր գիտական խմբի հետ կատարելու է Խորհրդային Հայաստանի արդյունաբերական քաղաքների մարդաբանական ուսումնասիրություն: Նրանց հետաքրքրության տիրույթում են այն քաղաքները, որոնք ձևավորվել են 1950-ական թվականներին ԽՍՀՄ-ի արդյունաբերականացման ծրագրի շրջանակում:
«Այդ արդյունաբերական քաղաքները ձևավորվում էին կառուցվող որևէ արդյունաբերական օբյեկտի, օրինակ, գործարանի, ՀԷԿ-ի շուրջ՝ գյուղական բնակավայրի հիմքի վրա, կամ ամբողջությամբ նորովի՝ չբնակեցված վայրում, որից հետո կազմակերպվում էր ներգաղթի ծրագիր: Արդյունաբերական քաղաքներում տարբեր վայրերից եկած մարդիկ էին բնակվում, որոնք խոսում էին տարբեր բարբառներով ու լեզուներով: ԽՍՀՄ-ում, երբ մարդիկ ավարտում էին բուհերը, նրանց մի քանի տարով ուղարկում էին որևէ բնակավայր աշխատելու։ Մարդիկ գալիս էին ինչպես ողջ Հայաստանից, այնպես էլ ԽՍՀՄ այլ երկրներից: Նրանցից ոմանք ամուսնանում ու հաստատվում էին այդ քաղաքում, ոմանք հետ էին գնում ժամկետի ավարտից հետո»,- նշում է Յուլիա Անտոնյանը:
ԵՊՀ դոցենտին ու իր գիտական խմբին հետաքրքրում է այդ քաղաքային միջավայրի ձևավորման տրամաբանությունը, այդ թվում, թե ինչպես էին մարդիկ ձևավորում իրենց ինքնությունը, և ինչն էր ձևավորում այդ քաղաքի հետ նրանց կապվածությունը:
«Խորհրդային միության փլուզումից հետո տեղի է ունեցել տնտեսական ճգնաժամ: Անկախության շրջանում տասնամյակներ շարունակ անտեսվել են այդ քաղաքները քաղաքացիական ենթակառուցվածքների տեսանկյունից՝ ճանապարհները, առողջապահական, մշակութային, կրթական ենթակառուցվածքները, ինչի հետևանքն էլ դառնում է քաղաքային կյանքի կազմաքանդումը: Եթե մենք ուզում ենք այդ քաղաքները պահպանել, այնտեղ վերստեղծել քաղաքային միջավայր, պետք է առաջին հերթին հասկանանք՝ ինչի հիման վրա է ստեղծվել այդ քաղաքային միջավայրը, ինչն էր պահում այդ մարդկանց, և ինչը կարող է հետագայում պահել նրանց»,- ասում է Յուլիա Անտոնյանը:
Նա ընդգծում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ առաջացավ տնտեսական ճգնաժամ, մարդիկ այդ քաղաքներից սկսեցին արտագաղթել բավականին մեծ տեմպերով։ Գիտական նախագծի շրջանակում ուսումնասիրվելու են նաև, թե այնտեղ մնացած մարդիկ ինչպես են վերագտել իրենց. «Խորհրդային տարիներին ստեղծվում էին գործարաններ, մշակույթի տներ, կինոթատրոններ։ Երբ գործարանները կազմալուծվեցին, քաղաքաստեղծ այդ կենտրոնները հաջորդաբար սկսեցին փակվել»:
Յուլիա Անտոնյանի դիտարկմամբ՝ այդ քաղաքները կրկին աշխուժացնելու, ՀՀ օգտին ծառայեցնելու համար պետք է նաև հասկանալ այնտեղ ապրող մարդկանց դիրքորոշումը՝ սպասու՞մ են որևէ հնարավորության այդ քաղաքից դուրս գալու, թե՞ իրենց կապվածությունն այնքան ամուր է, որ պատրաստ են աշխատելու, ստեղծագործելու։ Պետք է ճշտել նաև, թե ինչ են հասկանում «աշխատանք» ասելով, արդյոք մեծ գործարանային աշխատա՞նք են պատկերացնում, թե՞ պատրաստ են իրենց սեփական գործն սկսելու և այլ կերպ փորձելու գումար աշխատել: Նման քաղաքներից են, օրինակ, Չարենցավանը, Հրազդանը, Սպիտակը, Արտաշատը, Արարատը, Ալավերդին, Կապանը։
«Մեր գիտական խումբը նախ ծանոթանալու է լանդշաֆտին, գործարանների գտնվելու վայրին, վիճակին, ճշտելու է, թե գործարանների աշխատակիցներից ովքեր են այդ բնակավայրերում մնացել։ Կազմակերպելու ենք հարցազրույցներ ինչպես բնակիչների, այնպես էլ ՏԻՄ-երի ղեկավարների հետ, անցկացնելու ենք նաև խմբային այնպիսի քննարկումներ, որոնց ժամանակ մարդիկ ոչ թե հարցազրուցավարի, այլ միմյանց հետ են խոսում, քննարկում, բանավիճում։ Այդպիսի պարագայում բավականին նյութ է հավաքագրվում ոչ միայն փաստագրական, այլև մարդկանց ընկալումների մասին, ինչը ևս շատ կարևոր է»,- ասում է Յուլիա Անտոնյանը:
Դոցենտն ընդգծում է, որ քաղաքների մարդաբանությունն այսօր մշակութային մարդաբանության ամենակարևոր ուղղություններից մեկն է, որովհետև գյուղերում բնակչության թիվը կրճատվում է, մարդիկ կենտրոնանում են քաղաքներում կամ քաղաքատիպ ավաններում, իսկ պետության խնդիրն է պահպանել գյուղական բնակավայրերի բնակչությունը:
Գիտական խմբի կազմում են ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Հայկուհի Մուրադյանը, ԵՊՀ ասպիրանտ Լիլիթ Գաբրիելյանը, հնագետ, մշակութաբան Համազասպ Աբրահամյանը, ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ Նելլի Կարապետյանը: Հետազոտությունը կտևի 3 տարի:
Յուլիա Անտոնյանը, անդրադառնալով հետազոտությունների կատարման անհրաժեշտությանը, շեշտում է, որ յուրաքանչյուր դասախոս պետք է նաև լինի հետազոտող գիտնական։ Այդ հետազոտությունները, որպես «կենդանի նյութեր», պետք է տեղ գտնեն դասախոսություններում և ուսանողներին ներկայացվեն հստակ օրինակներով: