- Գլխավոր
- Նորություններ
- Ամփոփվեցին ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի արդյունքները
Դեկտեմբեր 18, 2024 | 11:30
Միջոցառումներ
Մրցույթներ
Ուսանողական
Ամփոփվեցին ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի արդյունքները
Ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն էր ընձեռվել բակալավրիատի կրթական ծրագրի առաջին կուրսն ավարտած ուսանողներին՝ բացառությամբ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների:
Ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադան շուրջ 20 տարվա պատմություն ունի և կրում է շարունակական բնույթ: Այս տարի օլիմպիադային մասնակցել է 148 ուսանող:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան, կարևորելով օլիմպիադայի ընթացքում ուսանողների արձանագրած բարձր արդյունքները, շեշտեց, որ դրանք վկայում են մասնակիցների հարուստ գիտելիքները: Դեկանն ընդգծեց նաև, որ այլ ֆակուլտետների ուսանողների հետաքրքրությունը ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի նկատմամաբ է՛լ ավելի է մոտիվացնում իրենց:
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Մարտիրյանն ասաց, որ օլիմպիադան անցկացվում է երկու փուլով՝ ստուգելով տարբեր կարողություններ ու գիտելիքներ. «Առաջին փուլում ուշադրություն է դարձվում բանավոր խոսքին․ ուսանողներն ընթերցում են հանձնարարված տեքստն ու պատմում այն՝ միաժամանակ պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին: Երկրորդ փուլում 80 հարցից բաղկացած հարցաշար է տրվում նրանց: Երկրորդ փուլի հարցերը վերաբերում են և՛ ռուսաց լեզվի քերականությանը, և՛ ռուսական մշակույթին, և՛ Ռուսաստանի պատմությանը: Հարցաշարում կա նաև գովազդային տեքստ գրելու հանձնարարություն, որպեսզի ստուգենք ուսանողների ստեղծագործական հմտությունները»:
Ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ, ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Լալայանն էլ նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում ռուսերենի զարգացմանը նաև Ռուս բանասիրության ֆակուլտետից դուրս։ Այլ ֆակուլտետների ուսանողների շրջանում նմանօրինակ օլիմպիադայի կազմակերպմամբ նաև նպաստում են ուսանողների շրջանում ռուսերենի և ռուսական մշակույթի նկատմամբ հետաքրքրության զարգացմանը:
Ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ալբերտ Շահբազյանը: Երկրորդ տեղին արժանացան Ֆիզիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողներ Ալեքսանդր Աջոյանը և Վաչե Այվազյանը: Երրորդ տեղը զբաղեցրին Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Ասրյանն ու Ֆիզիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Արման Սարգսյանը:
Մրցանակակիրները ԵՊՀ-ի կողմից ստացան Ծաղկաձորի եռօրյա ուղեգրեր, իսկ օլիմպիադային մասնակցած այն ուսանողները, որոնք տարբերվում էին իրենց ստեղծագործական ոճով, արժանացան գովասանագրերի:
Հավելենք, որ ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի հանձնաժողովում ներգրավված էին Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներ Սուսաննա Լալայանը (հանձնաժողովի նախագահ), Լարիսա Ֆարամազյանը, Գայանե Հովհաննիսյանը, Ալլա Բաղդասարյանը և Մարինա Այվազյանը: