- Գլխավոր
- Նորություններ
- Միխայիլ Պիոտրովսկուն շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
Դեկտեմբեր 26, 2024 | 16:27
Գործընկերներ
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջազգային համագործակցություն
Միխայիլ Պիոտրովսկուն շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը Գիտական խորհրդի որոշմամբ Միխայիլ Պիոտրովսկուն Սանկտ Պետերբուրգում շնորհել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։
Այս տարվա ապրիլին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը ներկայացրել էր առաջարկ՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին: Գիտական խորհրդի որոշմամբ առաջարկը հաստատվել է՝ գնահատելով Պիոտրովսկու գիտական գործունեությունը և նրա նշանակալի դերակատարումը հայ-ռուսական գիտական կապերի զարգացման գործում: Պատմական այս իրադարձությունը հարուստ էր հետաքրքիր մանրամասներով:
Միխայիլ Պիոտրովսկու հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հայտնի է որպես Ուրարտուի, Էրեբունու և Կարմիր բլուրի պեղումների առաջատարներից մեկը: Նրա աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել Հայաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրության վրա։ Միխայիլ Պիոտրովսկին շարունակել է այս առաքելությունը՝ կարևոր դերակատարում ունենալով նաև արևելագիտության և հայագիտության զարգացման գործում:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հյուրընկալվել են Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ տեղի է ունեցել Միխայիլ Պիոտրովսկուն ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը։ Միջոցառման շրջանակում նրանք Պիոտրովսկուն են նվիրել նրա 80-ամյակին նվիրված «Արևելագիտության հարցեր» գիտական հոդվածների հատուկ ժողովածուն, որում ընդգրկված են արևելագետների հոդվածներ, այդ թվում՝ Պիոտրովսկու կենսագրությունը և տպագրված աշխատանքների ցուցակը: Համալսարանականները նրան նվիրել են նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցների և կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ձեռքի աշխատանքներից Մարիամ Աստվածածնի սրբապատկերը:
Այցի շրջանակում Ռուբեն Մելքոնյանը և Միքայել Հովհաննիսյանը հանդիպել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ղեկավարության և արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հետագա համագործակցության մի շարք նախագծեր: Հատուկ ուշադրություն է դարձվել 2025 թ․ կայանալիք ամառային դպրոցին, որը նախատեսվում է անցկացնել Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պետական համալսարանների ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: Ամառային դպրոցի շրջանակում կուսումնասիրվեն հիմնականում արևելագիտության ժամանակակից միտումները:
Մեկ այլ կարևոր նախաձեռնություն է աղբյուրագիտությանը նվիրված կոնգրեսի անցկացումը, որը կկայանա հաջորդ տարվա ապրիլին։ Այս գիտական միջոցառման արաբագիտության բաժնում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը հանդես կգա որպես համակազմակերպիչ: Բացի դրանից՝ նախատեսվում է իրականացնել դասախոսների փոխանակման ծրագրեր՝ հատուկ շեշտադրելով հայագիտական ուղղությունների ակտիվացումը: Այս համատեքստում Ռուբեն Մելքոնյանն առաջարկել է հայերեն սովորող ուսանողների համար ԵՊՀ-ում իրականացնել վերապատրաստման ծրագրեր, իսկ ԵՊՀ դասախոսները մեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ դասավանդելու հայագիտական առարկաներ:
ԵՊՀ ներկայացուցիչների խոսքով՝ Միխայիլ Պիոտրովսկին հատկապես ոգևորված էր Էրմիտաժում բացված «Էրեբունի թանգարանի անկյունը» դիտելու և դրանք համեմատելու հնարավորությամբ: Ավելին՝ նա հայտարարել է, որ 2025 թվականին նախատեսում է այցելել Երևան՝ ԵՊՀ-ում դասընթացներ անցկացնելու արդեն նոր կարգավիճակով՝ որպես ԵՊՀ պատվավոր դոկտոր:
Այս այցը ևս մեկ անգամ ընդգծեց Մխայիլ Պիոտրովսկու՝ որպես գիտնականի, ղեկավարի և մշակույթի գործիչի բացառիկ դերը ոչ միայն իր ոլորտում, այլև միջազգային գիտական համագործակցության ամրապնդման հարցում:
Հավելենք, որ ԵՊՀ-ի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջև այս տարի ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու համալսարանների միջև գիտակրթական կապերը, իրականացնելու գիտահետազոտական նոր ծրագրեր։