- Գլխավոր
- Նորություններ
- «Մեկ առողջություն»․ մարդուն, կենդանիներին և բնությանը միավորող գիտական մոտեցում
Ապրիլ 16, 2025 | 11:00
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
«Մեկ առողջություն»․ մարդուն, կենդանիներին և բնությանը միավորող գիտական մոտեցում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, շարունակելով գիտական համագործակցությունների ընդլայնման քաղաքականությունը, հյուրընկալեց կենսաբանական գիտությունների դոկտոր, Գ․ Էլիավայի անվան բակտերիոֆագերի, մանրէաբանության և վիրուսաբանության ինստիտուտի (Վրաստան) պրոֆեսոր Մարինա Թեդիաշվիլիին։ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանի հրավերով համալսարան այցելած պրոֆեսորը հանդես եկավ ««Մեկ առողջություն» հայեցակարգում Էլիավայի ինստիտուտի փորձառությունը» թեմայով դասախոսությամբ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների, դասախոսների և հետազոտողների շրջանում։

Ի՞նչ է «Մեկ առողջություն»-ը, և ինչո՞ւ է այն կարևոր այսօր
«Մեկ առողջություն» հայեցակարգը համակցված մոտեցում է՝ ուղղված մարդկանց, կենդանիների, բույսերի և շրջակա միջավայրի առողջության պահպանմանը։ Այս գաղափարի հիմքում ընկած է այն գիտակցումը, որ այդ չորս համակարգերը փոխկապակցված են․ վարակները կարող են փոխանցվել կենդանիներից ու բույսերից մարդկանց, ինչպես նաև տարածվել միջավայրի միջոցով՝ խմելու ջրի, հողի կամ օդի։

Այս օրակարգը առավել արդիական է համաշխարհայնացման, կլիմայական փոփոխությունների և միգրացիոն գործընթացների պայմաններում, որոնք նպաստում են հիվանդությունների տարածման արագացմանը։ Հետևաբար, «Մեկ առողջություն»-ը դարձել է կենսաբանական անվտանգության ապահովման և համաճարակների կանխարգելման առանցքային ռազմավարություն։
Մանրէաբանության դերը «Մեկ առողջություն» մոտեցման շրջանակում
Մանրէաբանությունը այս հայեցակարգի հիմնասյուներից մեկն է։ Մարինա Թեդիաշվիլին ընդգծեց, որ միկրոօրգանիզմների, հատկապես բակտերիաների և վիրուսների վարքագծի ուսումնասիրությունը կարևոր է հիվանդությունների աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման տեսանկյունից։ Շրջակա միջավայրի փոփոխությունները հաճախ հանգեցնում են այնպիսի վարակների առաջացման, որոնք նախկինում մարդկային օրգանիզմի համար վտանգավոր չէին։ Այս դինամիկայի գիտական վերլուծությունն ու կանխատեսումը դառնում են հրատապ անհրաժեշտություն։

Գ․ Էլիավայի անվան բակտերիոֆագերի, մանրէաբանության և վիրուսաբանության ինստիտուտի 100-ամյա փորձը «Մեկ առողջություն» հայեցակարգում
Պրոֆեսոր Թեդիաշվիլին ներկայացրեց Թբիլիսիում գործող Էլիավայի ինստիտուտի գործունեությունը, որը շուրջ մեկ դար է, ինչ զբաղվում է վարակիչ հիվանդությունների կանխարգելմամբ։ Ինստիտուտում կատարվում են լայնածավալ ուսումնասիրություններ՝ կապված բակտերիաների վերահսկման, պատվաստանյութերի ստեղծման, շիճուկների մշակման և հատկապես բակտերիոֆագերի կիրառման հետ։
Վերջին տարիներին ինստիտուտը նաև կենտրոնացել է կենդանիների առողջության, ձկնաբուծության (ակվակուլտուրա) ոլորտներում վարակների վերահսկման վրա, ինչպես նաև կատարում է շրջակա միջավայրի պաթոգեն միկրոօրգանիզմների մշտադիտարկում։

Բակտերիոֆագերը՝ հակաբիոտիկների արդյունավետ այլընտրանք
Մարինա Թեդիաշվիլին անդրադարձավ նաև բակտերիոֆագերի՝ որպես հակաբիոտիկների արդյունավետ այլընտրանքի «վերածննդին»։ Չնայած այն հանգամանքին, որ ֆագերը կիրառվել են դեռևս 20-րդ դարի սկզբին, դրանք մի պահ մոռացության մատնվեցին հակաբիոտիկների տարածման պատճառով։ Սակայն այսօր, երբ աշխարհում աճում է հակաբիոտիկների նկատմամբ դիմադրությունը, ֆագերը կրկին հայտնվում են գիտական ուշադրության կենտրոնում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆագերը կարող են դառնալ կարևոր գործիք բարդ վարակների բուժման գործում, հատկապես այն դեպքերում, երբ այլ դեղամիջոցներն անարդյունավետ են կամ ունեն կողմնակի ազդեցություններ։
Խորհուրդներ երիտասարդ հետազոտողներին
Պրոֆեսոր Թեդիաշվիլին ոգեշնչող ուղերձ հղեց կենսաբանությամբ հետաքրքրված երիտասարդներին՝ կոչ անելով լինել գիտակ, հետևել ոլորտի զարգացումներին, չվախենալ նոր գաղափարներից և աշխատել հետևողականորեն։
«Առանց աշխատասիրության և նորարարական միտքի՝ հնարավոր չէ առաջընթաց ապահովել գիտության մեջ»,- ընդգծեց նա։