- Գլխավոր
- Նորություններ
- Նախկին արդյունաբերական քաղաքների զարգացումը՝ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում․ հետխորհրդային ճգնաժամ և նոր հնարավորություններ
Հունվար 17, 2025 | 15:30
Հասարակություն
Հետազոտություն
Նախկին արդյունաբերական քաղաքների զարգացումը՝ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում․ հետխորհրդային ճգնաժամ և նոր հնարավորություններ
ԵՊՀ ասպիրանտ Արմինե Ղալամդարյանը գիտական հետազոտության միջոցով բացահայտելու է Հայաստանի մի շարք նախկին արդյունաբերական քաղաքների հետխորհրդային պատկերը՝ փորձելով մատնանշել այդ քաղաքների զարգացման հեռանկարները: Ըստ նրա՝ ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանի մի շարք արդյունաբերական քաղաքներ կորցրին իրենց դիմագիծը․ գործարանները, արտադրական հզորություններն ու ռեսուրսները մասնատվեցին և սեփականաշնորհվեցին անհատների կողմից, թուլացավ բնակչության բարեկեցության տնտեսական հենքը: Սեփականաշնորհված արտադրական այդ «բեկորները», արդյունավետ չներառվելով առաջացող շուկայական հարաբերություններում, հիմնականում ոչնչացան:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Արմինե Ղալամդարյանի «Քաղաքային տարածության սոցիալական վերափոխումները հետխորհրդային շրջանում» վերտառությամբ գիտական նախագիծը ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքում արժանացել է ֆինանսավորման:

Ասպիրանտը նախատեսում է իր ուսումնասիրությունները կատարել ՀՀ նախկին արդյունաբերական քաղաքներում, ինչպիսիք են, օրինակ, Չարենցավանը, Սիսիանը, Ստեփանավանը:
«Նախագծի նպատակը նախկին արդյունաբերական քաղաքների ուսումնասիրությունն է, քանի որ դրանք առավել խնդրահարույց են: Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի մի շարք քաղաքներ արդյունաբերականացվեցին, հիմնվեցին մեծ գործարաններ, արտադրություններ։ ԽՍՀՄ անկումից հետո փլուզվեցին այդ գործարանները, և մարդկանց ապրելակերպն ամբողջությամբ փոխվեց, քանի որ այդ քաղաքները կառուցված էին արդյունաբերության շուրջ»,- ասաց ԵՊՀ ասպիրանտը:
Արմինե Ղալամդարյանն ուսումնասիրելու է նշված քաղաքներում տեղի ունեցած փոփոխությունները՝ միգրացիան, տնտեսական զբաղվածության տեսակները, ռեսուրսների բաշխման առանձնահատկությունները, քաղաքին բնորոշ ոճը, ճարտարապետությունը, դիմագիծը։
Քաղաքների պատմական, մշակութային, տնտեսական, սոցիալական շերտերը վերհանելուն զուգահեռ՝ ԵՊՀ ասպիրանտն արձանագրելու է նաև այնտեղ ապրող մարդկանց պատումները. «Անցկացվելու են հարցազրույցներ քաղաքների բնակիչների հետ՝ բացահայտելու, թե ինչով էին զբաղվում խորհրդային ժամանակաշրջանում, ինչպիսին էր քաղաքը, ինչ հիշողություններ ունեն նրանք և ներկայում ինչպես են ապրում ու ինչ գործունեություն են ծավալում»։

Արմինե Ղալամդարյանն ընդգծեց, որ հետազոտության նպատակը ապագայի համար նոր հեռանկարների բացահայտումն է, թե նշված քաղաքները որ ուղղություններով կարող են զարգանալ, քանի որ դրանք լճանում են. չկա տնտեսական մրցակցություն, առկա է սակավաթիվ բնակչություն, իսկ բնապահպանական, քաղաքացիական ենթակառուցվածքների, զբաղվածության խնդիրները շատ են:
ԵՊՀ ասպիրանտն արդեն ավարտին է հասցնում հետազոտության անցկացման մեթոդաբանության մշակումը, և շուտով կսկսվի դաշտային աշխատանքների փուլը, որը ենթադրում է փաստաթղթերի, վիճակագրական տվյալների վերլուծություն, բնակիչների հետ հարցազրույցներ։
Արմինե Ղալամդարյանի գիտական ղեկավարը Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանն է: Հետազոտությունների արդյունքները կհանրայնացվեն գիտական հոդվածների տեսքով:
Հավելենք, որ Արմինե Ղալամդարյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի (բացվել է 2024 թ. «ԲԿԳԿ հեռավար լաբորատորիաների հիմնադրում» ծրագրի շրջանակում) գիտական խմբի անդամ է։ Լաբորատորիայի ներկայիս ուսումնասիրության թիրախում ևս Հայաստանի հետարդյունաբերական փոքր քաղաքներն են, ուստի ասպիրանտական հետազոտությունը կատարվում է նաև այս շրջանակում։