- Գլխավոր
- Նորություններ
- Մարդու ոսկորը՝ անհերքելի տեղեկություն կրող. բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումների ֆենոմենը կուսումնասիրվի նոր մեթոդով
Հունվար 15, 2025 | 16:40
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մրցույթներ
Մարդու ոսկորը՝ անհերքելի տեղեկություն կրող. բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումների ֆենոմենը կուսումնասիրվի նոր մեթոդով
Մարդկային ոսկորի մնացորդների կենսահնագիտական ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է վերակազմել հին հանրության կենսակերպը: Այդ ուսումնասիրությունը ենթադրում է ժամանակակից մեթոդներով պեղումներ, մարդաբանական գտածոյի փաստագրում, ճիշտ ախտորոշում: ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Ռուզան Մկրտչյանը ոսկորի ուսումնասիրությունից կարող է պարզել տվյալ ժամանակաշրջանի մարդաբանական տիպը, վերականգնել մարդկանց արտաքին տեսքը և բնութագրել, թե որ հարևան ցեղախմբերի հետ են նրանք ժառանգական կապ ունեցել: ԵՊՀ դոցենտն իր հետազոտություններում եկել է այն եզրահանգման, որ Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի բնակիչները տեղացի են եղել: Նա ներկայում իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումները:
Ռուզան Մկրտչյանի «Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» վերտառությամբ գիտական նախագիծն արժանացել է ֆինանսավորման ԿԳՄՍՆ հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում:
- Տիկի՛ն Մկրտչյան, կենսահնագիտական հետազոտության մեթոդով ի՞նչ փաստեր են հնարավոր արձանագրել:
- Կենսահնագիտությունն ունի 70-ամյա պատմություն: Այդ մեթոդով ուսումնասիրում են ոչ թե մշակութային արժեքները, այլ կենսաբանական փաստերը՝ կենդանական ու մարդկային ոսկորների, բույսերի, օրինակ, հացահատիկի մնացորդները:
Ոսկորը պարունակում է բավականին ստույգ ինֆորմացիա, և ի տարբերություն արտեփաստի (մշակութային գտածոյի)՝ կենսափաստը չի խաբում, որովհետև մարդկային երևակայության, տաղանդի, ճաշակի հետ որևէ կապ չունի, այն բնության ստեղծած արդյունքն է: Կենսահնագիտական տվյալների միջոցով կարող ենք որոշել, թե ինչից է մահացել մարդը, քանի տարեկան էր, ինչ սեռ ուներ, իսկ ատամնաախտաբանական հետազոտությամբ պարզում ենք, թե արդյոք կրել է սով, կերել է հացահատիկ, ինֆեկցիոն հիվանդություններ ունեցել է, թե ոչ: Ուսումնասիրելով տարբեր մարդկանց ոսկորներն ու համադրելով արդյունքները՝ կարող ենք վերականգնել տվյալ հանրության կենսակերպը, կյանքի որակը, այդ ժամանակահատվածում տարածված հիվանդությունները, կյանքի տևողությունը, սեռատարիքային առանձնահատկությունները, մարդաբանական տիպը, մահացության ցուցանիշները, թաղման ծեսը:
- Նախկինում կենսահնագիտական հետազոտություններ չե՞ն իրականացվել՝ բրոնզ-երկաթեդարյան հանրության կենսակերպը վերականգնելու համար:
- Իրականացվել են, սակայն փոքրաթիվ նյութերի վրա են կատարվել ուսումնասիրությունները: Ես այս անգամ իմ թեմայի շրջանակում ուսումնասիրելու եմ միայն խմբային թաղումները: Իմ գիտական խմբի հետ փորձելու ենք խմբային թաղված մարդկանց միջև եղած ժառանգաբանական կապը բացահայտել, թե ինչու են բոլորին միանգամից փոսն իջեցրել, սպանե՞լ են, թե՞ ոչ: Ժամանակին ես և հնագետ Աշոտ Փիլիպոսյանը մեր համատեղ կատարած հետազոտություններում շատ հետաքրքիր եզրահանգումներ ենք կատարել, ըստ որի՝ խմբային թաղումների երևույթը տարեց տղամարդու կամ բարձր կարգավիճակ ունեցող տղամարդու թաղում է։ Այդ մարդու մահանալուց հետո նրա մտերիմները, ամբողջ անձնակազմը բռնի սպանության են ենթարկվել և նրա հետ միասին թաղվել: Նրանք իրար բավականին մոտ ժառանգաբանական կապ են ունեցել: Այս փաստը ապացուցվել է նաև հնաԴՆԹ հետազոտությամբ: Բայց կան նաև խմբային թաղումներ, որոնց դեպքում մարդիկ տարբեր ժամանակահատվածներում են մահացել, պարզապես դամբարանը տարբեր ժամանակներում բացվել է, և նրանց մարմինները նույն դամբարանում են թաղվել:
«Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» գիտական նախագծի շրջանակում համագործակցում ենք Կա Ֆոսկարիի (Իտալիա) համալսարանի հնամարդաբանների հետ, որոնք ապահովում են հնաԴՆԹ և ռենտգեն ուսումնասիրությունների կատարումը:
- Ըստ նախագծի՝ հետազոտությունները կատարելու եք Սևանի ավազանի Մռթբի ձոր, Հացառատ, Նորատուս, Քանագեղ, Ներքին Գետաշեն, Արտանիշ բնակավայրերում: Նշված վայրերից արդեն պեղվա՞ծ են Ձեզ անհրաժեշտ գտածոները:
- Այդ բնակավայրերից ոսկորներն սկսել են հանվել դեռևս 19-րդ դարի սկզբին: Սևանի ավազանում նյութը շատ լավ է պահպանվում և այնքան առատ է, որ ԽՍՀՄ ամենալուրջ հավաքածուն այդ տարածքի պեղումներից է հավաքագրվել: Ես Սևանի ավազանից հայտնաբերված կմախքների ուսումնասիրությամբ զբաղվում եմ դեռևս 80-ականներից, այդ ժամանակվանից տիրապետում եմ հնամարդաբանության բոլոր մեթոդներին։ Սևանի ավազանից հավաքել եմ ավելի քան 1000 հնամարդաբանական նմուշ/անհատների ոսկորներ, որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում: Իմ ուսանողները ևս պեղումներ են կատարում:
- Գիտական նախագծի շրջանակում ուսումնասիրության առարկա են հանդիսանում Ձեր ուսանողների հայտնաբերած գտածոնե՞րը, թե՞ տասնամյակներ առաջ պեղված գտածոները:
- Ե՛վ 1988 թ. իմ հավաքած նմուշներն ենք ուսումնասիրում, և՛ վերջին տարիների գտածոները: Մեզ համար մեծ նշանակություն ունեն անցած տարվա գտածոները, ինչպես նաև այն գտածոները, որոնք դեռ պետք է պեղենք: Ներկայում իմ ուսանողները դամբարանները պեղում են եվրոպական մեթոդներով, որպեսզի տեղեկատվությունն ավելի հարմար լինի կենսահնագիտական մեթոդներով ուսումնասիրելու համար: Պեղելուց հետո փաստագրում ենք, թե ոսկորը դամբարանի որ հատվածից է հայտնաբերվել, չափագրում ենք: Կենսահնագիտության մեթոդին տիրապետելով՝ պեղելու պարագայում մեր ուզած հարցերի պատասխանները հեշտությամբ կարող ենք գտնել: Այդ հարցերից են նաև, թե ոսկորը ինչու է կտրտված կամ բզկտված, բնության հետևանքով է, թե թաղման ծեսի արդյունքում մարդիկ խախտել են ոսկորն իր անատոմիական վիճակից: Իսկ ռենտգենի միջոցով պարզում ենք՝ սպանվե՞լ է մարդը, հարվածե՞լ են նրան, թե՞ ոչ, հարվածելուց հետո մահացե՞լ է, թե՞ ոչ:
- Գիտական նախագծի աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի և կտևեն մինչև 2027 թ. ապրիլ ամիսը: Ո՞ր փուլում են Ձեր ուսումնասիրությունները:
- Նախատեսել ենք հրապարակել չորս գիտական հոդվածներ, որոնցից երկուսն արդեն պատրաստ են «Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրապարակելու համար: Գիտական հոդվածներից մեկում անդրադարձել ենք Սևանի ավազանի բնակչության ատամնաախտաբանութանը: Ուսումնասիրելով ատամները՝ ներկայացնում ենք կրած սովը, հիվանդությունները, իսկ մյուս հոդվածում ներկայացնում ենք ակնակապիճների ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզել ենք մարդու արյան մեջ հեմոգլոբինի քանակը՝ արդյոք տվյալ անձը անեմիայով տառապե՞լ է, թե՞ ոչ:
- Նմանօրինակ նախորդ հետազոտություններում ի՞նչ բացահայտումներ եք արել:
- Բրոնզի դարում ապրած տղամարդկանց կյանքի միջին տևողությունը համարվում է 33 տարին, սակայն իմ, ԵՊՀ դասախոս Հասմիկ Սիմոնյանի և հնագետ Աշոտ Փիլիպոսյանի աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ բրոնզի դարում Սևանի ավազանում տղամարդիկ միջինում ապրել են 45 տարի, իսկ կանայք՝ 37: Կարողացել ենք ապացուցել նաև, որ Սևանի ավազանում բնակչությունը բավականին բարեկեցիկ կյանքով է ապրել, որովհետև տնտեսության շատ ճյուղեր առկա են եղել, այդ թվում՝ անասնապահությունը, երկրագործությունը, ձկնորսությունը:
Նշենք, որ «Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» վերտառությամբ գիտական նախագիծն իրականացնող խմբում ընդգրկված են նաև պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Հասմիկ Սիմոնյանը և նույն ամբիոնի մագիստրատուրայի ուսանող Աստղիկ Արզումանյանը։