- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն ամփոփել է անցած տարվա արդյունքները
Հունվար 07, 2025 | 14:31
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-ն ամփոփել է անցած տարվա արդյունքները
Երևանի պետական համալսարանի համար 2023-2024 ուստարին եղել է բավականին արդյունավետ: Չնայած արտաքին բազմաթիվ մարտահրավերներին, որոնց ազդեցությունը հասարակության և համալսարանի վրա չափազանց մեծ էր, ԵՊՀ-ն ամբողջ տարվա ընթացքում հետևել է պլանավորված գործողությունների ռազմավարությանը՝ բարելավելով կրթական ծրագրերը, խթանելով գիտական հետազոտությունները և ամրապնդելով միջազգային համագործակցությունը։ Շարունակվել են կրթական միջավայրի արդիականացման աշխատանքները՝ համալսարանում ստեղծելով ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան պայմաններ։

2023-2024 ուստարվա արդյունավետության մասին են վկայում ինչպես տարբեր ոլորտներում արձանագրած հաջողությունները, այնպես էլ կատարված աշխատանքների ծավալը։

Նախորդ ուստարում համալսարանը մշակել է նոր՝ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիր։ Հատկանշական է, որ նախորդ ռազմավարությունը նախատեսված էր մինչև 2026 թ․ ավարտը, սակայն համալսարանի զարգացման արագ տեմպերի շնորհիվ այն իրագործվել է մեկ տարի շուտ։ Բացի դրանից՝ այս ընթացքում կատարված գործողություններն ու իրականացված ծրագրերը, հաճախ լինելով տարբեր մարտահրավերների ու բարեփոխումների արդյունքում ի հայտ եկած նոր իրավիճակին արձագանք, դուրս էին գործող ռազմավարությամբ սահմանված թիրախների ու առաջնահերթությունների շրջանակից և առաջացնում էին հաշվետվողականության լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն։

Երևանի պետական համալսարանը հայաստանյան առաջին բուհն է, որը նախորդ ուստարում կարողացել է ապահովել միջազգային հավատարմագրում ունեցող 4 կրթական ծրագիր, ինչը վկայում է դրանց բարձր որակի, միջազգային չափանիշներին համապատասխանելու և մրցունակ լինելու մասին: Ներկայում համալսարանը պատրաստվում է միջազգային հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերի թիվը հասցնել 10-ի, ապա՝ փուլային կերպով ապահովել բոլոր կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը։
ԵՊՀ-ն շարունակել է իր համագործակցությունը աշխարհի առաջատար համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ՝ խթանելով լավագույն փորձի փոխանակումն ու համալսարանի դիրքի ամրապնդումը համաշխարհային մակարդակում։

ԵՊՀ-ն շարունակել է կատարելագործել «Registrar» համակարգը՝ ավելացնելով նոր գործիքներ: Այս համակարգի ամբողջական գործարկումը հնարավորություն է տալու ուսանողներին իրենց հետաքրքրությունների շրջանակում կրթությունը կազմակերպելու ճկուն և անհատական ծրագրերով:
Նախորդ ուստարին ԵՊՀ-ի համար նշանավորվել է ևս մեկ կարևոր իրադարձությամբ․ համալսարանում իր գործունեությունն է սկսել ՍԹԵՄ ավագ դպրոցը։ 2023-2024 ուսումնական տարում դպրոց է ընդունվել 36 դիմորդ։ ԵՊՀ ավագ դպրոցն այս տարի առաջին անգամ 10-րդ դասարանի աշակերտների համար հայտարարել է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն՝ հասարակագիտական ուղղությամբ։

Գիտության ոլորտի զարգացմանն ուղղված պետության ֆինանսավորման զգալի աճի և ԵՊՀ ներդրած միջոցների արդյունքում արձանագրվել են էական բարեփոխումներ։ Նշյալ ժամանակահատվածում տպագրվել է 30 մենագրություն, 245 գիտաժողովի նյութ և 1161 հոդված։ «Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական աշխատանքների թվով ԵՊՀ-ն սահմանել է ռեկորդային նոր ցուցանիշ։
Միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակված ԵՊՀ գիտական աշխատանքների թիվը 2024 թ․ դեկտեմբերի 15-ի դրությամբ հասել է 528-ի: Աշխատանքներից 433-ը գիտական հոդվածներ են, որոնցից ավելի քան 200-ը տպագրվել է առաջին քառորդում ընդգրկված ազդեցության գործակից ունեցող ամսագրերում։ Ակնկալվում է, որ հրապարակումների թիվն ավելանալու է։

Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում Երևանի պետական համալսարանի առաջնահերթ նպատակներից է: Այդ նպատակն իրագործելու համար համալսարանում պարբերաբար կատարվում են լսարանների և լաբորատորիաների վերանորոգման ու նորագույն սարքավորումներով համալրման աշխատանքներ, ստեղծվում նոր ենթակառուցվածքներ։ Մասնավորապես, նախագծվել, վերանորոգվել և կոմունիկացիաներով է հագեցվել նոր սերվերային սենյակ, որը կահավորվել է 2 գերհզոր՝ «Nvidia DGX A100» և «Nvidia DGX H100» սերվերային համակարգիչներով։ Հաշվողական համակարգերը օգտագործվում են ԵՊՀ մեքենայական ուսուցման խմբի կողմից արհեստական բանականության նոր գործիքների մշակման համար:
Այսպիսով, ԵՊՀ-ն 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում իր գործունեության բոլոր ուղղություններով կարողացել է հասնել նշանակալի հաջողությունների և արձանագրել տեսանելի արդյունքներ, որոնց վերլուծությունը հնարավորություն է տալիս շարունակելու ընթանալ վերափոխման և համակարգային բարեփոխումների ճանապարհով։
Առավել մանրամասն՝ այստեղ։