- Գլխավոր
- Նորություններ
- Նոր մշակույթ, լեզու, հմտություններ և ծանոթություններ․ ԵՊՀ ուսանողը պատմում է Լեհաստանում ստացած կրթության մասին
Փետրվար 18, 2025 | 15:04
Կրթություն
Ուսանողական
Նոր մշակույթ, լեզու, հմտություններ և ծանոթություններ․ ԵՊՀ ուսանողը պատմում է Լեհաստանում ստացած կրթության մասին
Արտասահմանում ուսանելը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Շուշան Արևշատյանի համար դարձավ կարևոր փորձառություն։ 2024/2025 ուստարվա առաջին կիսամյակում նա ուսումնառել է Պոմերանիայի համալսարանում (Լեհաստան)՝ հնարավորություն ունենալով ձեռք բերելու մասնագիտական նոր հմտություններ, դառնալու ինքնուրույն և բացահայտելու ինքն իրեն։

Շուշանն աչքի է ընկնում իր բազմազան հետաքրքրություններով՝ թատրոն, երաժշտություն, գրականություն, սպորտ: Այս նախասիրությունները օգնում են նրան լիարժեքորեն ընկալելու աշխարհը։ Ուսանողն առանձնահատուկ հետաքրքրություն ունի գերմանական գրականության նկատմամբ, որը, ըստ նրա, լի է խորքային գաղափարներով ու փիլիսոփայական շերտերով:
- Շուշա՛ն, Դուք «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել եք Պոմերանիայի համալսարանում (Սլուպսկ, Լեհաստան)․ ի՞նչ նոր գիտելիքներ և հմտություններ եք ձեռք բերել, դասընթացներն ու պրակտիկան որքանո՞վ են նպաստել Ձեր մասնագիտական աճին:

- Լեհաստանում ուսումնառելը նշանակալի ազդեցություն ունեցավ իմ մասնագիտական զարգացման վրա։ Այդ ընթացքում ես զգալիորեն բարելավեցի իմ՝ գերմաներենի և անգլերենի գիտելիքները, ինչը հնարավորություն տվեց առավել ազատ հաղորդակցվելու միջազգային միջավայրում։ Բացի դրանից՝ «Critical Analysis of Media Discourse» դասընթացի շնորհիվ զարգացրի իմ գիտելիքները մեդիայի մասին՝ դառնալով ավելի մեդիագրագետ։ Այս դասընթացի շրջանակում ստացած գիտելիքներն ու հմտությունները կապված էին ոչ միայն մեդիա նյութերի քննադատական վերլուծության, այլև համաշխարհային լրատվության ու հաղորդակցության նոր ուղղությունների հետ, որոնք կիրառելի են և կարող են օգտակար լինել ցանկացած մասնագիտության մեջ։
- Ի՞նչ մարտահրավերների և խոչընդոտների եք հանդիպել արտերկում ուսանելիս, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:
- Հիմնական խոչընդոտը լեհերենին չտիրապետելն էր։ Լեզվի իմացությունը հատկապես պետք էր գալիս առօրյայում։ Սակայն չկարողացա շատ ժամանակ տրամադրել լեհերենին, սովորեցի միայն ամենատարածված և անհրաժեշտ արտահայտությունները։
Անշուշտ, որոշակի դժվարությունների ևս բախվել եմ, ինչը բնական է։ Սակայն ծրագրի բուն նպատակը, կարծում եմ, հենց դա է․ հանդիպել որոշակի դժվարությունների, խնդիրների, փնտրել ու գտնել դրանց լուծումները։
Մյուս մարտահրավերը նոր մշակութային միջավայրին հարմարվելու գործընթացն էր։ Ուսուցման տարբերությունները, դասընթացի կառուցվածքը, նոր միջավայրը սկզբում փոքր-ինչ անսովոր էին։ Սակայն ժամանակի ընթացքում ավելի ակտիվ ներգրավվելով համալսարանական կյանքում և շփվելով տարբեր երկրների ուսանողների հետ՝ կարողացա հարմարվել։
Վերջին խոչընդոտը ապրելակերպի փոփոխությունն էր՝ նոր երկիր, նոր կենցաղ, նոր պատասխանատվություն․ դա պահանջում էր ինքնուրույնություն և կազմակերպվածություն։ Կարևոր էր նաև ժամանակի ճիշտ կառավարումը։

- Ինչպիսի՞ն էին դասախոսների և ուսանողների հարաբերությունները Լեհաստանում, ի՞նչ տարբերություններ եք նկատել ԵՊՀ-ում և Պոմերանիայի համալսարանում կիրառվող մոտեցումների միջև։
- Այն առարկաները, որոնք ընտրել էի, գործնական բնույթ ունեին, և դա է պատճառը, որ ակադեմիական դասախոսություններն ավելի քիչ էին։ Յուրաքանչյուր դասախոս դասընթացի և ուսանողների հանդեպ ուներ իր անհատական վերաբերմունքը։ Սակայն ուսանողների և դասախոսների միջև հարաբերությունները հիմնականում ավելի ընկերական էին և բաց։ Դասախոսները միշտ պատրաստ էին աջակցելու, հատկապես այն ժամանակ, երբ ուսանողի մոտ որևէ հարց էր առաջանում։ Դասախոսները ուսանողներին տալիս էին ավելի շատ անկախություն և ազատություն ուսման մեջ, կիրառում էին ավելի գործնական, ինտերակտիվ և ուսանողակենտրոն մոտեցում։ Ուսանողները խրախուսվում էին՝ մասնակցելու քննարկումներին, արտահայտելու իրենց կարծիքը և վերլուծելու տարբեր թեմաներ ինքնուրույն ուսումնասիրության և քննադատական մտածողության միջոցով, ինչպես նաև առաջարկում էին տարբեր խնդիրների լուծումներ։
Ես գնահատում և արժևորում եմ երկու կրթական համակարգերի առավելությունները․ ԵՊՀ-ն տալիս է հիմնավոր տեսական գիտելիքներ, քննադատական մտածողություն, իսկ արտասահմանյան մոտեցումը խրախուսում է ինքնուրույն ուսումնառությունը։
- Կպատմե՞ք ուսուցման կազմակերպման գործընթացի մասին։ Ինչպե՞ս էր կազմակերպվում քննական գործընթացն այնտեղ։
- Դասերի տևողությունը տարբեր էր՝ կախված դրանց կրեդիտներից։ Օրինակ՝ գերմաներենը, որը ինձ համար առաջնային առարկա էր, ուներ ամենաբարձր կրեդիտը և տևում էր 2 ժամ, մյուս դասերը՝ 1․5 ժամ կամ 1 ժամ։ Ուսանողները բավականին ակտիվ էին, միշտ պատրաստ դասերին, իսկ բացթողումների դեպքում դասախոսները հնարավորություն էին տալիս դրանք լրացնելու։ Տնային հանձնարարություն, որպես այդպիսին, քիչ էր տրվում․ աշխատանքի մեծ մասը կատարվում էր լսարանում։
Ինձ շատ զարմացրեց և դուր եկավ քննական գործընթացը, քանի որ այն բավականին հեշտ էր և ոչ սթրեսային։ Կիսամյակի ընթացքում յուրաքանչյուր դասընթացից մենք կատարում էինք տարբեր հանձնարարություններ՝ գրավոր, բանավոր կրկնություններ, տարբեր թեմաների ուսումնասիրություններ, գործնական աշխատանքներ, որոնց արդյունքները գումարելով՝ ստանում էինք մեր գնահատականը։ Այսինքն՝ ֆիքսված քննաշրջան չկար, և յուրաքանչյուր դասախոս ինքն էր որոշում՝ ինչպես անցկացնել քննությունը, ինչ առաջադրանքներ տալ։ Սա իսկապես ինձ համար զարմանալի էր։
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն ուսանողներին, որոնք հետաքրքրված են արտերկրում կրթություն ստանալու գաղափարով, սակայն դեռ չեն կողմնորոշվում:

- Միանշանակ խորհուրդ կտամ դիմել արտերկրում սովորելու հնարավորություն տվող ծրագրերին՝ առանց երկմտելու։ Սա եզակի հնարավորություն է ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական աճ ապահովելու, այլև նոր մշակույթի ծանոթանալու տեսանկյունից։ Իհարկե, սկզբում կլինեն դժվարություններ, սակայն անհրաժեշտ է դրական տրամադրվել և աշխատել դրանք հաղթահարելու ուղղությամբ։
- Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր կրթությունը և ակադեմիական միջավայրում ձեռք բերած փորձառությունը Ձեր անձնական զարգացման վրա։
- Կրթությունը և համալսարանական փորձառությունը ոչ միայն ձևավորում են մեր մասնագիտական ուղին, այլև մեծ ազդեցություն ունենում մեր անձնական զարգացման վրա։ ԵՊՀ-ում ստացած գիտելիքներս մեծ դերակատարում ունեն այս գործընթացում։ Այստեղ ես սովորեցի չվախենալ նոր մարտահրավերներից, բաց լինել նոր գաղափարների համար։ Կրթությունս ինձ օգնում է չկանգնել տեղում, միշտ առաջ գնալ և նոր հնարավորություններ փնտրել։ «Էրազմուս+» ծրագրին մասնակցելու փորձառությունը մեծ ազդեցություն ունեցավ իմ աշխարհայացքի ձևավորման վրա, և այժմ ավելի շահագրգռված եմ շարունակելու ուսումս ու զարգացնելու մասնագիտական հմտություններս։
- Որո՞նք են Ձեզ համար ուսման ամենահետաքրքիր «դրվագները», ի՞նչը կառանձնացնեք։
- Ինձ համար ուսման ամենահետաքրքիր «դրվագներն» այն պահերն են, երբ կարողանում եմ լիովին կենտրոնանալ իմ ուսումնասիրության թեմայի վրա։ Այդ պահին ես մոռանում եմ ժամանակի մասին, և ուսումը դառնում է մի մեծ փորձառություն, որտեղ ոչ միայն ձեռք եմ բերում նոր գիտելիքներ, այլև հաճույք եմ ստանում այս գործընթացից։ Երբ թեման ինձ համար հետաքրքիր է, ամեն բան ավելի է հեշտանում։