- Գլխավոր
- Նորություններ
- Գրիգոր Լուսավորչի պատկերները հայ-ռումինական սրբանկարչության մեջ. ԵՊՀ հետազոտողի հոդվածը` միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում
Փետրվար 20, 2025 | 12:00
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Գրիգոր Լուսավորչի պատկերները հայ-ռումինական սրբանկարչության մեջ. ԵՊՀ հետազոտողի հոդվածը` միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում
Ռումինահայ գաղթօջախներում առկա է հարուստ գեղարվեստական ժառանգություն։ Հատկապես մեծ արժեք են ներկայացնում ռումինահայ վարպետների ստեղծած սրբապատկերները թե՛ իրենց ոճով, թե՛ պատկերագրությամբ: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Սեյրանուշ Մանուկյանն ու իր ասպիրանտ Շողակաթ Դևրիկյանն ուսումնասիրել են Գրիգոր Լուսավորչի պատկերները հայ-ռումինական սրբանկարչության մեջ, որոնք ստեղծվել են 16-19-րդ դարերում: Այս թեմայի վերաբերյալ նրանց հեղինակած հոդվածը հրապարակվել է միջազգային բարձր վարկանիշ ունեցող «Вестник Санкт-Петербургского университета» հանդեսում։

Ռումինիայի հայկական եկեղեցիներից ու թանգարաններից հավաքված եկեղեցական արվեստի գործերը, մասնավորապես սրբանկարչությունը մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել Սեյրանուշ Մանուկյանի համար։ Ըստ նրա՝ միջնադարյան Հայաստանում սրբապատկերների արվեստը զարգացած չի եղել. «Միջնադարյան Հայաստանում սրբապատկերների արվեստը զարգացած չի եղել, որովհետև հայ եկեղեցին փայտի վրա սրբերին պատկերելը դիտարկել է որպես նյութի պաշտամունք, սակայն մանրանկարչության ու որմնանկարչության մեջ սրբապատկերներ ունեցել ենք»։
Ավելի քան տասը տարի սրբապատկերների ուսումնասիրությամբ զբաղվող Սեյրանուշ Մանուկյանը պատմել է Գրիգոր Լուսավորչի պատկերներին նվիրված իր հետազոտության մասին:
Գրիգոր Լուսավորչի առաջին սրբապատկերը
Գրիգոր Լուսավորչի պատկերագրությունն սկսվում է 9-րդ դարի վերջից: Նա եղել է ոչ միայն հայոց առաջին Հայրապետը, այլև Տիեզերական ընդհանրական եկեղեցու միակ հայ սուրբը մինչև Քաղկեդոնի ժողովը և եկեղեցիների պառակտումը:

Գրիգոր Լուսավորչի առաջին սրբապատկերը ներկայացվել է բյուզանդական արվեստում։ Այդ սրբապատկերը փակցված էր Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի երկրորդ հարկի հարավային պատին մյուս համաքրիստոնեական սրբերի պատկերների հետ: Սակայն, երբ 1453 թ. թուրքական բանակը գրավում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, Սուրբ Սոֆիայի տաճարը թուրքերը դարձնում են մզկիթ և սրբապատկերները ծածկում են սվաղով: Միայն 19-րդ դարում է մասնագետներին թույլատրվում բացել սրբապատկերները, պատճենել դրանք: Ցավոք, բացելուց հետո Գրիգոր Լուսավորչի և մի շարք սրբերի պատկերներ քայքայվում են: Հիմա Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը, որը 20-րդ դարում երկար տարիներ գործում էր որպես թանգարան, կրկին վերածվել է մզկիթի:
Գրիգոր Լուսավորչի պատկերը հայկական արվեստում
Միջնադարում, մասնավորապես 15-րդ դարից Գրիգոր Լուսավորչի պատկերաստեղծումը զարգանում է նաև հայկական արվեստում` նախ մանրանկարներում: Սբ. Գրիգորի պատկերումը գտնում ենք հիմնականում հայկական ծիսական ժողովածուների՝ առավելապես Հայսմավուրքների մանրանկարներում, որտեղ նա պատկերվում է միայնակ, պայմանական ձևերով, լուսանցքում՝ որպես հեղինակային դիմանկար, տեքստին կից: Իսկ ավելի ուշ՝ 17-19-րդ դարերում, Լուսավորչի դիմանկարը տարածվում է նաև սրբանկարներում:
Մեզ մոտ սրբապատկերների արվեստն ուշ է զարգացել։ Սրբապատկերներ հայ նկարիչները սկսում են ստեղծել հիմնականում 17-րդ դարից հայկական գաղթօջախներում՝ Երուսաղեմում, Կոստանդնուպոլսում, Ռեչ Պոսպոլիտայի տարածքում, մասնավորապես՝ Լվովում և Ռումինիայում, բացի դրանից՝ նաև Էջմիածնում։ Մեր սրբապատկերներն ավելի ճիշտ է անվանել սրբանկար: Դրանք արվել են հիմնականում յուղաներկով, կտավի վրա և տարբերվում են ուղղափառ եկեղեցիների դասական տեխնիկայով արված սրբապատկերներից:
Ռումինահայության շրջանում սրբապատկերների արվեստն սկսում է 16-րդ դարից և մեծ ճանաչում ու տարածում է ունենում 17-19-րդ դարերում: Դրանք հիմնականում կատարված են դասական բյուզանդական, ռուսական և ռումինական սրբապատկերների տեխնիկայով՝ փայտի վրա, լևկասե հիմնաշերտով և տեմպերայով։ Նորագույն շրջանում այստեղ ևս սկսում են նկարել յուղաներկով։ Ռումինահայ սրբապատկերները պահվում են Ռումինիայի հայկական մեծաթիվ եկեղեցիներում, ինչպես նաև թանգարաններում` զարդարելով թե՛ եկեղեցիների խորանները, թե՛ պատերը վերից վար:
Նշեմ, որ ռումինահայ գաղութն ունի դարավոր պատմություն․ ռումինահայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1350 թվականին։
Գրիգոր Լուսավորչի չորս պատկերագրական սխեմաները ռումինահայ արվեստում
Միջնադարում ռումինահայ արվեստագետների կողմից պատրաստված սրբապատկերները, որոնցում ներկայացված է Գրիգոր Լուսավորիչը, ունեն չորս պատկերագրական սխեմաներ. առաջինը` Գրիգոր Լուսավորիչը ներկայացված է միայնակ, ամբողջ հասակով։ Երկրորդը, որն ամենատարածվածն է, Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ Գ Մեծ թագավորին (և նրա ընտանիքին), որի օրոք քրիստոնեությունն ընդունվեց որպես Հայաստանի պետական կրոն: Այդ սրբապատկերներում ներկայացված են Տրդատ թագավորը, նրա կինը` Աշխենը, քույրը` Խոսրովիդուխտը:

Տրդատ Գ-ի մկրտությունը պատկերող որոշ նկարներում երևում են նաև պալատականներ և զինվորներ: Երրորդ պատկերագրական սխեման Գրիգոր Լուսավորիչն է իր վարքի տեսարաններով, այսինքն` նկարում պատկերված է հայ սուրբը իր կյանքի դրվագներով, թե ինչ չարչարանքներ է կրել և սրբացվել: Սրբապատկերի կենտրոնում Գրիգոր Լուսավորիչն է, իսկ նրա շուրջը ուղղանկյունաձև շրջանակների մեջ ներկայացվել են նրա վարքի տեսարանները: Չորրորդը` Տիրամոր պատկերն է երկու սրբերի հետ, և այդ երկու սրբերից մեկը Գրիգոր Լուսավորիչն է:
Սրբապատկերներն արվել են տարբեր գեղարվեստական ոճերով՝ բարոկկո, կլասիցիզմ, ռեալիզմ՝ տվյալ ժամանակաշրջանի և միջավայրի արվեստին համապատասխան: Թեպետ դրանք ոճերով տարբեր են, բայց միավորվում են պատկերագրությամբ ու թեմայով:
Նույն պատկերագրությամբ Լուսավորչի սրբապատկերներն արվել են նաև հայկական այլ գաղթօջախներում, ինչպես նաև Էջմիածնում, բայց տարբեր ոճերով:
Տարբեր երկրներում, օրինակ, Իտալիայում հանդիպում են Գրիգոր Լուսավորչի նաև այլ պատկերագրությամբ սրբապատկերներ:
Գրիգոր Լուսավորչի առաջին սրբապատկերը` նախատիպ
Միջնադարյան պատկերագրության մեջ ներկայացված Գրիգոր Լուսավորչի հանդերձանքը, ատրիբուտները վերցված են Սուրբ Սոֆիայի տաճարի օրինակից: Սուրբ Սոֆիայի տաճարի պատին փակցված սրբապատկերում Գրիգոր Լուսավորիչը պատկերված էր միայնակ:
Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են նաև ռումինահայ որոշ արվեստագետների անուններ, որոնք զբաղվել են սրբապատկերների արվեստով: Միջնադարյան ռումինահայ նկարիչներից էր Հակոբ դպիր Երուսաղեմցին, որը պատկերել է Տիրամորը երկու սրբերի՝ Լուսավորչի և Հովհաննես Մկրտչի հետ: Այդ սրբապատկերը հարդարում է Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցու հյուսիսային պատը։ Բացահայտվել են նաև սրբապատկերների հայ պատվիրատուների անունները, այն եկեղեցիների անվանումները, որոնց նվիրաբերվել են պատկերները: Հայտնի են դարձել և այնպիսի սրբապատկերներ, որոնք ստեղծվել են հայկական եկեղեցիների համար հույն և ռումինացի արվեստագետների կողմից վերը նշված հայկական պատկերագրական տարբերակներով: Գրիգոր Լուսավորչի պատկերը եղել է գաղթօջախների հայկական եկեղեցիներում գտնվող պարտադիր սրբապատկերներից։