- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն տոնում է Գիրք նվիրելու օրը. գրքեր, քննարկումներ, ստեղծագործական ակտիվ մթնոլորտ
Փետրվար 19, 2025 | 18:31
Գիտություն
Կրթություն
Մշակույթ
ԵՊՀ-ն տոնում է Գիրք նվիրելու օրը. գրքեր, քննարկումներ, ստեղծագործական ակտիվ մթնոլորտ
ԵՊՀ-ում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների շարք: Համախմբելով ուսանողների, դասախոսների և գրականության սիրահարների՝ օրվա խորհրդով համալսարանում անցկացվեցին գրքի նվիրատվություններ, գրական քննարկումներ, աշխատարաններ, ինչպես նաև հնատիպ ու հազվագյուտ տպագրությունների ցուցադրություն։ Այն ևս մեկ առիթ էր ընդգծելու գրքի և ընթերցանության դերը կրթամշակութային միջավայրում:

Գրադարանի դերն ու նշանակությունը

ԵՊՀ գրադարանը, հյուրընկալելով ուսանողներին և հյուրերին, ներկայացրեց իր գործունեությունը, ընթերցասրահները, ցուցադրեց գրքային ֆոնդը, մատուցվող ծառայություններն ու ընձեռած հնարավորությունները։
Միջոցառումների շրջանակում տոնական օրվա ընթացքում տեղի ունեցավ նաև գրքերի նվիրատվություն, որի ընթացքում գրադարանը խրախուսեց իր ակտիվ ընթերցողներին: Զուգահեռ անցկացվեց հազվագյուտ և հնատիպ գրքերի ցուցադրության բացումը. ներկայացվեցին բացառիկ հրատարակություններ, գիտական ու գեղարվեստական արժեք ունեցող գործեր։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորեց համալսարանական ողջ համայնքին, գրադարանի աշխատակիցներին և ընդգծեց նրանց մեծ դերակատարությունը գիտելիքի պահպանման ու տարածման շնորհակալ գործում։
«Գիրքը եղել և մնում է մեր հասարակության մտավոր զարգացման հիմնաքարը։ ԵՊՀ-ն՝ իբրև գիտության և կրթության առաջատար կենտրոն, մշտապես խրախուսում է ընթերցասիրությունը և աջակցում գրքասեր հասարակության ձևավորմանը։ Մեր գրադարանն այդ գործընթացի առանցքային մասն է, որը ոչ միայն պահպանման վայր է, այլև գիտելիքի փոխանակման հարթակ։ Վերջերս մենք պայմանագիր ենք ստորագրել Իզմիրլյանների հիմնադրամի հետ. այն աջակցում է գրադարանի առաջին հարկի վերազինման աշխատանքներին՝ այդպիսով ապահովելով նոր հնարավորություններ մեր ուսանողների և դասախոսների համար»,- նշեց նա։
ԵՊՀ գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը նույնպես ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ ընթերցանության մշակույթի խթանման նպատակով շարունակվում է գրադարան-ուսանող ակտիվ համագործակցությունը:

«Գիրք նվիրելու օրը հիանալի առիթ է ոչ միայն ընթերցանության հանդեպ սերն ամրապնդելու, այլև գրադարանի զարգացման նոր ուղիներ փնտրելու և գտնելու համար։ Մենք միշտ պատրաստակամ ենք աջակցելու մեր ուսանողներին՝ ընձեռելով որակյալ գրականություն և ժամանակակից ուսումնառության հնարավորություններ»,- ընդգծեց նա։
Գրականության և հետազոտության հանդիպումը
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն, գրող Լուսինե Խառատյանի «Հետազոտողը՝ գրող (և հակառակը)» խորագրով աշխատարանը օրվա միջոցառումներից մեկն էր: Բանախոսն անդրադարձավ փոխազդեցության, հետազոտական էթիկայի, ինչպես նաև գրական ստեղծագործության մեջ իրականության և հորինվածքի սահմաններին առնչվող հարցերի։
Աշխատարանի ավարտին ակտիվ մասնակիցները ստացան Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գիրքը։

Թարգմանական գրականության քննարկում
Համալսարանում տեղի ունեցավ «Անհատը և հանրայինը. տեքստեր փոխհարաբերության մասին» թարգմանական ժողովածուի քննարկումը, որին մասնակցեցին սոցիոլոգ Հարություն Վերմիշյանը (ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ), հոգեբան Սոնա Մանուսյանը (ԵՊՀ «Անձ և սոցիալական միջավայր» լաբորատորիայի ներկայացուցիչ) և սոցիոլոգ Մարիամ Խալաթյանը («Սոցիոսկոպ» ՀԿ ներկայացուցիչ): Նրանք ներկայացրին ժողովածուի կարևորությունը անհատի և հասարակության միջև կապի ընկալման համատեքստում։
Գրական ստեղծագործության արվեստը
Ժամանակակից գրող Գրիգն անցկացրեց «Ինչպես կերտել կերպար և տնօրինել ճակատագրեր» աշխատարանը: Անդրադառնալով կերպարների ստեղծման տեխնիկաներին, սյուժեի կառուցման սկզբունքներին և գրողի պատասխանատվությանը՝ աշխատարանի ընթացքում Գրիգը մասնավորեցրեց կերպարների հոգեբանական խորության ապահովման տեխնիկաները, սյուժեի կառուցման տարբեր մեթոդները և այս համատեքստում գրողի պատասխանատվությունն ընթերցողի առջև։ Նա ընդգծեց, որ հաջողված գրական կերպարը բազմաշերտ է, զարգացող, գործողությունները՝ տրամաբանորեն հիմնավորված։

Ակտիվ մասնակիցները ստացան Գրիգի «Հիսուսի կատուն» և «FRIEDENSDORF» գրքերը։
Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» գրքի քննարկումը
Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» գրքի հիմնական գաղափարները ներկայացնելիս քննարկման բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե ինչպես են մտածողության «արագ» և «դանդաղ» մոդելներն ազդում որոշումների կայացման վրա, ինչ հետևանքներ են ունենում, և ինչպես են դրանք դրսևորվում առօրյա կյանքում հոգեբանական կողմնակալությունների (biases) դերում:

Քանեմանն առաջինն էր, ով կարողացավ հոգեբանի տեսանկյունից նայել այն երևույթներին, որոնք տարիներ ի վեր բացատրվել են տնտեսագիտության մեջ։ Նրա գիրքը, առաջին անգամ համակարգելով մտածողության սխալները, ցույց է տալիս, թե ինչպես է հոգեբանական մոտեցումը ազդում մեր որոշումների վրա, ինչ փուլերով են անցնում մեր որոշումները:
Մատնանշելով մտավոր գործընթացների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը՝ զեկուցողները շեշտեցին գրքի գործնական կիրառության նշանակությունը կյանքի տարբեր ոլորտներում՝ կրթություն, կառավարման բազմազան համակարգեր և ոչ միայն։
Քննարկման բանախոսներն էին Լևոն Բաբաջանյանը (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ), Դավիթ Հայրապետյանը (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ) և Լիլիթ Հայրապետյանը (գրքի թարգմանիչ)։