- Գլխավոր
- Նորություններ
- Հայկական մշակույթը Դունարեա դե Ջոս համալսարանում. գիտելիք ու նոր ընկերներ ձեռք բերելուն զուգահեռ ԵՊՀ ուսանողը ներկայացրել է նաև հայկական ավանդականը
Փետրվար 24, 2025 | 16:26
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Հայկական մշակույթը Դունարեա դե Ջոս համալսարանում. գիտելիք ու նոր ընկերներ ձեռք բերելուն զուգահեռ ԵՊՀ ուսանողը ներկայացրել է նաև հայկական ավանդականը
Հարուստ գիտելիքներ՝ համեմված մշակութային միջոցառումներով. ԵՊՀ ուսանող Լիանա Ալեքսանյանը տպավորված է վերադարձել հայրենիք Ռումինիայի Գալաց քաղաքի Դունարեա դե Ջոս համալսարանում մեկ կիսամյակ ուսումնառելուց հետո: Նա Ռումինիա էր մեկնել «Էրազմուս+» ծրագրի շրջանակում: Բազմամշակութային միջավայրում կրթություն ստանալուց զատ՝ ԵՊՀ ուսանողը ներկայացրել է նաև Հայաստանի պատմությունն ու մշակութային ժառանգությունը:

Լիանան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է. նա Դունարեա դե Ջոս համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում ուսումնասիրել է «Միջազգային ինստիտուտներ և կազմակերպություններ», «Աշխարհաքաղաքականություն», «Անգլերենը հասարակական ոլորտում», «Ֆրանսերենը հասարակական ոլորտում», «Փոքրամասնությունները Արևելյան Եվրոպայում», «Միջազգային հարաբերությունների պատմություն» առարկաները։
ԵՊՀ ուսանողը տպավորված է Դունարեա դե Ջոս համալսարանի մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարանով, որը ոչ միայն ռումիներենով է, այլև անգլերենով, ռուսերենով և ֆրանսերենով, ինչը հնարավորություն է տալիս օտարերկրյա ուսանողներին օգտվելու գրադարանի հարուստ գրապահոցից:
Տեխնիկապես հագեցած լսարաններում թեմաներն ուսումնասիրելուց ու գործնական աշխատանքներ կատարելուց զատ՝ Լիանան մասնակցել է ինչպես թանգարաններում կազմակերպված արտալսարանային դասընթացներին, այնպես էլ համալսարանի Ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառումներին:

«Դունարեա դե Ջոս համալսարանի ՈւԽ-ն կազմակերպել էր միջմշակութային մրցույթ՝ նվիրված տարբեր երկրներից ժամանած ուսանողների ազգային խոհանոցին: Միջոցառմանը, որին ներկա էին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես ներկայացրել եմ նաև հայկական ավանդական դոլման: Համտեսի ժամանակ ռումինացիներն ասացին, որ իրենք ևս ունեն նմանատիպ ուտեստ, որը կոչվում է սարմալե: Շատերը ծանոթ չէին հայկական մշակույթին. սահիկաշարով Հայաստանը ներկայացնելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետություն՝ ցուցադրել եմ նաև մեր այբուբենը, տեսարժան վայրերն ու մշակութային հարուստ ժառանգությունը»,- պատմում է Լիանան: Միջոցառմանը մասնակցել են համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմը, համալսարանի վարչական աշխատակազմը, օտարերկրյա ուսանողներ:
«Բազմամշակութային այդ միջավայրում կային ուսանողներ ինչպես Ռումինիայի տարբեր քաղաքներից, այնպես էլ Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Չինաստանից, Մոլդովայից, Թունիսից, Պաղեստինից: Շփման ընթացքում պատկերացում կազմեցի նրանց մտածելակերպի, մշակութային տարբերությունների և նմանությունների մասին՝ իհարկե հպարտորեն ներկայացնելով նաև իմ երկրի մշակույթը: Արտերկրում ուսանելու ամենամեծ առավելություններից մեկը, ինչ խոսք, տարբեր մշակույթ և կրոն ունեցող մարդկանց հետ շփումն է։ Ես ձեռք եմ բերել հոյակապ ընկերներ, որոնց հետ կապը միշտ պահպանելու եմ: Իսկ ինչ վերաբերում է արտասահմանում ստացած գիտելիքներիս, ապա միանշանակ դրանք ծառայացնելու եմ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման»,- ասում է Լիանան։
Ուսանողը նշում է, որ Դունարեա դե Ջոս համալսարանում դասախոսները ցուցաբերել են շատ ջերմ և սիրալիր մոտեցում. «Նրանց ջերմ վերաբերմունքի շնորհիվ ուսումնառության ողջ ընթացքում ինձ օտար կամ մեկուսացված չեմ զգացել: Կարող եմ ասել՝ օտարազգի դասախոսները ուսանողներին վերաբերվում էին ճիշտ այնպես, ինչպես ԵՊՀ ամբողջ դասախոսական կազմն իր ուսանողներին»:
Լիանան անկեղծացավ՝ ԵՊՀ-ում միայն մեկ բան կցանկանա փոխել, այն է՝ դասաժամերին կազմակերպվեն շատ գործնական աշխատանքներ. «Ցանկալի է, որ դասերին տեսությանը զուգահեռ հնարավորինս շատ փոխանցվեն նաև գործնական գիտելիքներ»:
ԵՊՀ ուսանողի հետաքրքրությունների տիրույթը բավական լայն է. որպես ավարտական աշխատանք ուսումնասիրելով ներկայիս աշխարհքաղաքական իրադրությունում շատ արդիական «Թիրախային պատժամիջոցների դերը ժամանակակից դիվանագիտության մեջ» թեման՝ ուսանողը վստահեցնում է, որ նրանում լայնորեն կկիրառի արտասահմանում ստացած իր գիտելիքները: