- Գլխավոր
- Նորություններ
- Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրները՝ հանրապետական գիտաժողովի քննարկման տիրույթում
Ապրիլ 29, 2025 | 12:11
Գիտություն
Կոնֆերանսներ
Հետազոտություն
Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրները՝ հանրապետական գիտաժողովի քննարկման տիրույթում
ԵՊՀ-ում անցկացվում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և «YSU-Krisp AI Lab»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ-2025» խորագրով եռօրյա գիտաժողովը։ Այս գիտական միջոցառման նպատակն է համախմբել համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում աշխատող գիտնականներին, ինչպես նաև ստեղծել հարթակ գիտական նոր արդյունքները ներկայացնելու, մտքեր փոխանակելու և գործակցային կապեր հաստատելու համար:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանն ընդգծեց, որ հանրապետական գիտաժողովին մասնակցում են Երևանի պետական, Հայ-ռուսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատողներն ու «YerevanNN» հետազոտական կենտրոնի աշխատակիցները։
«Եռօրյա գիտաժողովի շրջանակում կներկայացվեն շուրջ 40 զեկուցումներ, որոնք ընդգրկում են համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի հիմնական ժամանակակից բոլոր ուղղությունները: Զեկուցողների թվում են տարբեր ոլորտներում աշխատող երիտասարդ գիտաշխատողներ, ասպիրանտներ, մագիստրոսներ»,- ասաց դեկանն ու հավելեց, որ գիտաժողովին ներկայացվող հիմնական թեմաներն են մաթեմատիկական մոդելավորումը, դիֆերենցիալ հավասարումները, մոտարկումների տեսությունը, ալգորիթմների տեսությունը, կրիպտոգրաֆիան, կոդավորման տեսությունը, պատկերների ճանաչումը, արհեստական բանականությունը, ազդանշանների մշակումը և այլն:
Յուրի Հակոբյանը մատնանշեց, որ նպատակ ունեն գիտաժողովը դարձնելու շարունակական՝ ներգրավելով նաև արտերկրի գիտաշխատողների:
Նշենք, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօրինակ գիտաժողով էր կազմակերպվել նաև 2022 թ.: