ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
![A-three-day-program-at-Tsaghkadzor](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/JP66RTsknX5kF0WWLQV0bbP33Q.jpg?h=bccd1fa5&itok=XIfcCWqS)
Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդ մարդկանց (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:
Երիտասարդական ոլորտի փորձագետ Թամարա Թորոսյանի խոսքով, ծրագրի բոլոր բաղադրիչները խիստ կարևոր են երիտասարդների կարիերայի աջակցման և աշխատաշուկայում ինտեգրման հարցում. «Այս 3 հագեցած օրերի ընթացքում արցախցի երիտասարդները կծանոթանան երիտասարդական մասնակցությանը,երիտասարդական աշխատանքին, որոնք հանդիսանում են երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններ տեղեկան և միջազգային մակարդակներում: Հաջորդ 2 փուլերը կամրացնեն մասնակիցների տեսական և գործնական գիտելիքները, որը լավ հիմք կհանդիսանա հետագա կարիերայի աջակցման գործում»։
Ծաղկաձորում մեկնարկած ներածական եռօրյա սեմինարի շրջանակում մասնակիցները հատուկ մշակված դասախոսություններով ծանոթանալու են «Ինչ է առաջնորդությունը», «Երիտասարդական մասնակցություն. հայեցակարգ և մարտահրավերներ», «Երիտասարդական աշխատանք և ներգրավվածություն», ինչպես նաև այլ հետաքրքիր թեմաներին։