- Գլխավոր
- Նորություններ
- Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով
Մարտ 10, 2025 | 16:56
Կրթություն
Հասարակություն
Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով
Հասարակական բեղուն գործունեության, համալսարանի հետ արդյունավետ համագործակցության, բարեգործական ներդրումների, մեծ աջակցության և անմնացորդ նվիրումի համար ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով։

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Տերունական աղոթքով սկսեց հանդիպումը ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ, որոնց շարքում էին նաև արցախցի ուսանողներ։ Հայոց արևմտյան թեմը տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ զգալի օգնություն է ցուցաբերել արցախցի ուսանողներին՝ նպաստելով նրանց կրթության շարունակականությանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ Լեռնայի Ղարաբաղի բռնի հայաթափման հետևանքով արցախցի բազմաթիվ ուսանողներ իրենց ուսումը շարունակելու նպատակով դիմեցին ԵՊՀ։

«ՀՀ Կառավարությունը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով միջինացված կրթաթոշակի չափով աջակցեց արցախցի մեր հայրենակիցներին, ինչից հետո ունեցանք ուսման վարձավճարի մնացյալ մասի հետ կապված խնդիրներ։ Այդ խնդրի լուծման նպատակով դիմեցինք մեր ընկերներին, հարազատներին, բարերարներին, և նրանցից առաջինը տեր Հովնանն էր՝ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդը, որը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցույց տալու և շատ արագ կազմակերպեց 400 ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցումը, և արցախցի որևէ ուսանող չզգաց իր վրա այդ «բեռը»։ Այսօր պատիվ ունենք նրան հյուրընկալելու ԵՊՀ-ում»,- ասաց նա։
Խոսելով մեկ այլ կարևոր համագործակցության՝ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ստեղծման և ապագա գործունեության մասին՝ ԵՊՀ ռեկտորը շեշտեց, որ հիմնադրամի նպատակն է շարունակական աջակցություն ցուցաբերել ԵՊՀ ուսանողներին, ստեղծել նոր հնարավորություններ կրթության և գիտության զարգացման համար, ինչպես նաև ամրապնդել համալսարանի կապերը մեր երկրի ու աշխարհի տարբեր հատվածներում գործող բարերարների և գործընկերների հետ։
Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նաև «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի խորհրդի անդամ է․ նա իր մասնակցությամբ ու ակտիվ գործունեությամբ մեծապես աջակցում է հիմնադրամի առաքելությանը՝ նպաստելով համալսարանի հետ կապերի ամրապնդմանը և շարունակական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրագործմանը։

«Մենք գիտենք, թե ինչ ճանապարհ է անցել մեր ժողովուրդը՝ սկսած 20-րդ դարի սկզբից՝ Հայոց ցեղասպանությունից։ Մեր ժողովրդի՝ մինչ օրս գոյություն ունենալու գլխավոր պատճառն այն է, որ մեր մեջ երբեք հույսը չի մարել։ Այդ հույսով մենք խոստացել ենք շարունակել մեր պայքարը, պատասխանել ժամանակի բոլոր մարտահրավերներին «գործնական աղոթքով», քանի որ առանց գործի աղոթելու դեպքում կբովանդակազրկվի այդ աղոթքը։ Այդ քայլերից մեկը եղավ այն, որ մեր առջև խնդիր դրվեց՝ ինչպես կարող ենք զորակցություն ցույց տալ այն ուսանողներին, որոնք տեղափոխվել են և իրենց ուսումնառությունը շարունակելու են այստեղ՝ ԵՊՀ-ում»,- ասաց տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ հավելելով, որ գիտությունը և ուսումը չափազանց կարևոր են յուրաքանչյուր մարդու համար։
Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը մշտապես եղել է ԵՊՀ-ի, հատկապես ուսանողների կողքին՝ սատարելով ոչ միայն հոգևոր, այլև գործնական ոլորտներում։ Նրա շարունակական աջակցությունը համալսարանին առանցքային է եղել ուսանողական կյանքի զարգացման, երիտասարդների կրթության ու բարոյական արժեքների ձևավորման հարցում։
Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալը երախտագիտության և գնահատանքի վկայությունն է տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից իրականացվող գործունեությանը, որը չի սահմանափակվում միայն հոգևոր ոլորտով, այլև ընդգրկում է հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներ՝ բարեգործական ծրագրեր, կրթական նախաձեռնություններ և այլն։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ հարցուպատասխան, որի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան անդրադառնալու տարբեր թեմաների, քննարկելու կրթության, գիտության և հայրենասիրության կարևորությունը։
Հանդիպումից հետո ԵՊՀ ռեկտորը և տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկեցին նաև գործակցային կապերի ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր։
Նշենք, որ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ։