- Գլխավոր
- Նորություններ
- ՆԵՂՈՍԻ ՀԱՏԱԿՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ՀԵՐՈԴՈՏՈՍԻ ՆԿԱՐԱԳՐԱԾ ՀԻՆ ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻ ՆԱՎԸ
Մարտ 20, 2019 | 17:49
Հասարակություն
ՆԵՂՈՍԻ ՀԱՏԱԿՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ՀԵՐՈԴՈՏՈՍԻ ՆԿԱՐԱԳՐԱԾ ՀԻՆ ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻ ՆԱՎԸ
Աբու Քիր նեղուցում՝ Նեղոսի բերանի մոտ, առաջին անգամ հայտնաբերվել է եգիպտական հնագույն առևտրական նավ, որի գոյությունը դարեր շարունակ կասկածի տակ էր:
Նավի շինարարության մասին առաջին հիշատակությունները հայտնաբերվել են հույն պատմիչ Հերոդոտոսի «Պատմության» աշխատության մեջ, որը Եգիպտոս էր այցելել մ.թ.ա. 5-րդ դարում:
Տեղացիներն, ի դեպ,առևտրական նավն անվանել են «Բարիս»:
Իր աշխատության մեջ պատմաբանը մանրամասն նկարագրել է զարմանալի նավի կառուցվածքը, բայց մինչև վերջերս նրա խոսքերի իսկությունը վկայող փաստեր չէին հայտնաբերվել:
Հերոդոտոսի վկայության ճշմարտացիությունն ապացուցել է ազգությամբ ռուս եգիպտագետ Ալեքսանդր Բելովինը:
Վերջինս պարզել է, որ այն հինավուրց նավը, որը հայտնաբերել են հնագետները, լեգենդար «Բարիս» նավն է:
Եգիպտական առևտրական նավը մոտ 2500 տարեկան է:
Փայտե աղյուսներ
Տոնիս քաղաքը, որը հույներին հայտնի է նաև Հերակլիոն անվամբ, հիմնադրվել է մոտ 2700 տարի առաջ և դարեր շարունակ եղել Հին Եգիպտոսի խոշորագույն նավահանգիստն ու առևտրական կենտրոնը:
Սակայն ժամանակի ընթացքում ծովն աստիճանաբար ընդարձակվել, և արդեն 8-րդ դարի վերջում քաղաքն ամբողջությամբ անցել է ծովի տակ:
Այժմ Տոնիս քաղաքը գտնվում է Աբու Քիր ծովածոցի հատակում և ծածկված է 10 մետր խորություն ունեցող ջրով:
Ծովի հատակն անցած քաղաքի ավերակները հայտնաբերվել են միայն 20-րդ դարի վերջում և այդ ավերակների մեծ մասը մինչ այժմ ուսումնասիրված չէ:
Հայտնի է, որ Հերակլիոն քաղաքն իր զարգացման և ծաղկման գագաթնակետին հասել է մ.թ.ա. 450 թ.:
Հենց այդ ժամանակ Հերակլիոն է այցելել հույն պատմիչ Հերոդոտոսը, որն էլ քաղաքն ամենայն մանրամասնությամբ նկարագրել է իր գրքում:
Պատմության հայրը գրքում նկարագրել է նաև «Բարիս» կոչվող առևտրական նավը՝ պապիրուսե առագաստներով, փայտե «աղյուսներով», որոնք միմյանց էին ամրացված պղնձե մեխերով:
Արժանահավատ աղբյուր
Հաշվի առնելով այն, որ նավը կառուցվել է մ.թ.ա 664-ից 332-ի միջև ընկած ժամանակահատվածում, այն շատ լավ է պահպանվել՝ ընդհանուր կառուցվածքի գրեթե 70% -ը:
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է ավելի քան 60 նավերի մնացորդներ, սակայն ՌԴ գիտությունների ակադեմիայի եգիպտական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ալեքսանդր Բելովի ուշադրությունը գրավել է հենց «Նավ-17»-ը՝ փայտե աղյուսներից ստեղծված կառուցվածքով:
Հարկ է նշել, որ Ալեքսանդր Բելովը բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է Հերակլիոն քաղաքի պատմությունը և, մանրամասն ուսումնասիրելով նավի գտածոները, հայտնաբերել, որ «Նավ-17»-ը Հերոդոտոսի նկարագրած «Բարիս»-ն է, միայն ավելի երկար, քան պատմիչն էր նկարագրել՝ մոտ 28 մետր:
Երբ նավի բեկորները համադրեցին այն նկարագրող պատմական տեքստի հետ, համընկնումը գրեթե հարյուրտոկոսանոց էր:
Սա ոչ միայն նշանակում է, որ գտնվել է կորած «Բարիս» եգիպտական առևտրական նավը, այլև թույլ է տալիս պնդելու, որ հույն պատմիչ Հերոդոտոսը ճշգրտորեն նկարագրել է այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով: