- Գլխավոր
- Նորություններ
- ԻՆՉՊԵ՞Ս ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՀՈԴՎԱԾ «SCOPUS» ԱՄՍԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 19, 2019 | 16:20
Գիտություն
ԻՆՉՊԵ՞Ս ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՀՈԴՎԱԾ «SCOPUS» ԱՄՍԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Scopus» գիտական ամսագրերի համակարգում հոդված հրատարակելու վերաբերյալ դասախոսություն, որը վարել է Պաղեստինի Բիրզեյթի համալսարանի պրոֆեսոր Նիդալ Սաբրին։
Դասախոսությանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մագիստրանտներ և ասպիրանտներ, նպատակն էր հանդիպման ներկաներին բացատրել «Scopus» ամսագրերի համակարգում հոդվածներ հրատարակելու կարգն ու պահանջները։
Մեզ հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արամ Առաքելյանն ասաց, որ այս համակարգի որևէ ամսագրում հոդված տպելը չափազանց դժվար գործընթաց է, որի համար բարձր մակարդակի գիտելիքներ են հարկավոր։ Նա նաև նշեց, որ իրենց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի որոշ ներկայացուցիչների՝ Հայկ Սարգսյանի, Ռուբեն Գևորգյանի, Սամսոն Դալոյանի հոդվածները տպագրվել են նշված ամսագրերում:
Մինչ դասախոսությունը սկսելը Պաղեստինի Բիրզեյթի համալսարանի պրոֆեսոր Նիդալ Սաբրին ողջունեց բոլորին ու ասաց, որ ուրախ է ԵՊՀ-ում գտնվելու համար.«Այս դասախոսությունն ակադեմիական ամսագրերում հրատարակության ոլորտում իմ կենսափորձի արտացոլումն է»։
Ն․ Սաբրին հանդիպման ընթացքում հանդես եկավ «Նոր միտումներն ակադեմիական հրատարակչության մեջ» խորագրով դասախոսությամբ. «Այսօր ես խոսելու եմ այն երևույթների մասին, որոնք յուրաքանչյուր ժամ փոխվում են»։
Բիրզեյթի համալսարանի պրոֆեսորն անդրադարձավ ամենակարևոր հարցադրումներին՝ ամսագրի և հոդվածի վերնագրի ընտրությանն ու փաստաթղթերի ճիշտ ներկայացմանը։ Նա շեշտեց, որ տպագրության հավակնող յուրաքանչյուր աշխատանք պետք է ունենա հետազոտական մաս, իսկ հոդվածագիրը պետք է ճիշտ ընտրի ամսագիրը, որտեղ հոդվածը կարող է հրատարակվել։ Ն․Սաբրին խոսեց այն փաստաթղթերի մասին, որոնք անհրաժեշտ է ներկայացնել հոդվածի հետ, պատմեց, թե ինչպես է պետք հղումներ կատարել ու թվայնացնել աշխատանքը։
Բանախոսը ներկայացրեց նաև հետազոտության ակադեմիական գնահատման համակարգը՝ նշելով, որ այն կախված է ոչ միայն աշխատանքի որակից, այլև ներկայացման ձևից։
Դասախոսության վերջում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու պրոֆեսորին։
Մարինա Առաքելյան