- Գլխավոր
- Նորություններ
- «ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԵՆՍԱԲԱՆ ՆԵԼԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Մայիս 18, 2018 | 16:12
Գիտություն
«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԵՆՍԱԲԱՆ ՆԵԼԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով ժամանակին հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Հայաստանի տարածքում գարու մշակությունը սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։
Այսօր ցորենի ու գարու տեսակների պահպանման և վերականգման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է պատմում ԵՊՀ կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը:
- Տիկի՛ն Հովհաննիսյան, հայտնի է, որ Արենի-1 քարանձավում հայտնաբերվել են նաև ցորենի ու գարու բավականին լավ պահպանված սերմերի մնացորդներ: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում ԵՊՀ կենսաբանության գերազանցության կենտրոնի կողմից:
- Առավել հայտնի «Թռչունների քարանձավ» անվամբ Արենի-1 քարայրում մի քանի տարի առաջ գինեգործության 5.000 - 5.500 տարի վաղեմություն ունեցող գինու հնձանի հետ հայտնաբերվել է նաև բույսերի հարուստ կենսաբազմազանություն, այդ թվում՝ ցորենի ու գարու բավականին լավ պահպանված սերմեր, որոնք պատկանում են էնեոլիտի և միջնադարի ժամանակաշրջանին: Մենք ուսումնասիրում ենք դրանց հյուսվածքային բջիջները, իսկ Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի հետ համագործակցության շրջանակում անջատում ենք նմուշների ԴՆԹ-ները: Երկու կարևոր խնդիր ունենք. նախ պետք է հասկանանք, թե ցորենը և գարին գենետիկական ինչ կապեր ունեն համաշխարհային տարածում ունեցող ձևերի հետ, դրանց տնայնացման և ընտելացման գործընթացում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, իսկ 2-րդը՝ պրակտիկ նշանակության հետազոտություններ ենք իրականացնում, որոնք միտված են գարեջրի արտադրության ոլորտում խմորման համար պատասխանատու գեների հայտնաբերմանը: Ենթադրություններ ունենք, որ այդ քարանձավում գարեջրի խմորման որոշակի փուլեր են ընթացել: Քաննեքտիկուտի համալսարանի հետ նաև ուսումնասիրում ենք այդ սերմերի մորֆոլոգիական առանձնահատկությունները, դրանց հյուսվածքային ճարտարագիտության մեջ կիրառելու հնարավորությունները: Պետք է ասել, որ արդեն իսկ որոշակի հաջողություններ ենք գրանցել և հետաքրքիր արդյունքներ ունենք: Փորձում ենք վերականգնել հին աշխարհի ներկայացուցիչներին (ժպտում է):
- Ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս են Հայաստանում պահվում հացահատիկների սերմերը, ի՞նչ խնդիրներ կան տվյալ բնագավառում:
- Հայաստանի տարածքը բավականին հետաքրքիր է հացազգիների վայրի ցեղակիցների աճման տեսանկյունից: Այսինքն՝ մեզ հայտնի ընտելացված սորտերը, որոնք գենոմային բարդ կառուցվածք ունեն և սելեկցիայի արդյունքում են ստացվել, ցորենի ու գարու վարի ցեղակիցներից են առաջացել: Աշխարհում ցորենի ու գարու վայրի 4 հայտնի տեսակներից 3-ն աճում են Էրեբունու արգելոցի տարածքում: Գենետիկական բանկերի ստեղծման և կենսաբազմազանության պահպանության գործում մեծ ներդրում ունեցող հայտնի ռուս բուսաբան, ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովի շնորհիվ Սանկտ Պետերբուրգում գործում է աշխարհի սերմերի խոշորագույն գենետիկական բանկը, որտեղ նույնպես պահպանվում են ցորենի ու գարու հայկական սորտերը: Ցորենը և գարին նաև մշակութային մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի համար և աճեցվել են հիմնականում հյուսիսային բարձրադիր շրջաններում: Բացի ժամանակակից բարձր արդյունավետությամբ օժտված սորտերից, որոնք ներկրվում են արտասահմանից, Հայաստանում ժամանակին եղել է տեղական սորտերի հարուստ բազմազանություն: Այդ մասին հետաքրքիր տեղեկություններ կան ազգագրական նյութերում, ինչպես նաև դեռևս 60-ական թվականներին արված տարբեր ատենախոսություններում: Օրինակ՝ «գալգալոս» անվամբ մի սորտ, որը Հայաստանում չի կիրառվում, սակայն սերմերը որոշ բանկերում պահպանվում են, որոնք Նիկոլայ 2-րդի ժամանակ ուղարկվել է ԱՄՆ, որտեղ էլ այսօր տարածված է այլ անվամբ և լայնորեն կիրառվում է բարելավված սորտերի ձևով:
Հայաստանում սերմերի մի քանի բանկեր կան, որոնցից ամենագործունն ու կենսունակը Գյումրու սելեկցիոն կայանն է: Սակայն սերմերի հայկական բանկերը լուրջ խնդիր ունեն սերմերի վերականգման ուղղությամբ տարվող աշխատանքների առումով: Այսինքն՝ բանկում պահվող սերմը, որպեսզի չկորցնի իր հատկանիշները և պահպանի իր կենսունակությունն ու ծլունակությունը, պարբերաբար պետք է ցանել, ստանալ նոր սերմ և սառնարանային պայմաններում կրկին պահել: Հայաստանը, ցավոք, չունի այդ ենթակառուցվածքը, որն էլ կկարողանա արդյունավետ իրականացնել նշված գործընթացը: Շատ հաճախ հետազոտությունների համար տվյալ բանկերը չեն կարողանում սերմեր տրամադրել: Ներկայումս ANSEF-ի միջոցով մի նախագիծ ենք իրականացնում, որի շրջանակում իրականացվելիք հետազոտությունների համար Հայաստանին բնորոշ ցորենի ու գարու 40-50-ական թվականներից հավաքված ու պահպանված տեղական սորտեր ենք պատվիրել Մեքսիկայի, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ պետությունների սերմերի բանկերից: Ներկայումս ֆակուլտետի ջերմոցներում պատրաստվում ենք պահպանել նրանց կենսունակությունը և ուսումնասիրել դրանց գենետիկական, սորտային բազմազանությունը և կիրառական նշանակությունները:
Հայաստանը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության զարգացման պայմանագրի, ինչպես նաև Կենսաբազմազանության պահպանության կոնվենցիայի անդամ պետություն է, ուստի միջազգային պայմանագրերի շրջանակում իրականացում է գենետիկական նյութի փոխանակում և դրանց կրկնօրինակների պահպանում սերմերի այլ բանկերում: Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ Հայաստանի սերմերի բանկերն իրենց նմուշների հավաքածուներ ուղարկել են Նորվեգիայի Սվալբարդի գենետիկական բանկը, որը հավերժական սառույցների մեջ կառուցված համաշխարհային ամենամեծ քարանձավային համալիրն է, որտեղ էլ պահվում են աշխարհի բոլոր անկյուններից հավաքված կենսաբազմազանության նմուշները:
Պետք է նշեմ նաև, որ գյուղատնտեսության ոլորտում համաշխարհային ամենահայտնի ու լավագույն հրատարակությունը համարվող հատորյակներում ուտեստներին, ցորենին կամ գարուն վերաբերող հատվածում ոչ մի խոսք չկա Հայաստանի մասին, իսկ լավաշն էլ ներկայացված է որպես թուրքական հաց: Սա լուրջ խնդիր է, որի պատճառը համապատասխան լեզվով գրականության բացակայությունն է: Այս ուղղությամբ մենք նույնպես աշխատանքներ ենք իրականացնում:
Վարդուհի Զաքարյան