- Գլխավոր
- Նորություններ
- ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՆՇՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԻԶԲԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Սեպտեմբեր 02, 2019 | 15:16
Հասարակություն
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՆՇՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԻԶԲԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Մեր բոլորիս պատանեկության հուշերում ուրույն տեղ ունի Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, որը նշանավորում էր ուսումնական տարվա սկիզբը:
Սպիտակ վերնաշապիկներով և մուգ տաբատ-կիսաշրջազգեստներով դպրոցականները խմբվում էին դպրոցի բակում՝ լսելով գիտելիքին ու դպրոցին նվիրված բանաստեղծություններ, երգեր, իսկ տնօրենի ողջույնի խոսքով ազդարարվում էր նոր ուսումնական տարվա սկիզբը: Առաջին դասարան գնացող երեխաներից մեկը նստում էր այդ տարվա շրջանավարտի ուսին՝ հնչեցնելով դասերի սկիզբը խորհրդանշող զանգը:
Դպրոցներում կրթական եռաստիճան համակարգի ներդրումից հետո որոշ ավանդույթներ նահանջում են: Այժմ հայաստանյան դպրոցների բակում միջոցառումներ են՝ տնօրենների ելույթներով, դպրոցականների երգով, պարով, ասմունքով:
Գիտելիքի օրը սեպտեմբերի 1-ին նշելը սկսվել է 1984 թվականից ԽՍՀՄ գերագույն խորհրդի հրամանով: Այն հայտարարվել է համազգային տոն:
Հետխորհրդային երկրներից շատերը շարունակում են ուսումնական տարվա սկիզբը նշել Գիտելիքի օրը՝ պահպանելով խորհրդային ավանդույթը:
Իսկ մինչ այդ Ցարական Ռուսաստանում Պետրոս 1-ինի օրոք դպրոցներում դասերը մեկնարկում էին օգոստոսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին՝ կախված տվյալ տարուց, իսկ գյուղերում՝ դեկտեմբերին:
Մինչև 1930-ականներն ուսումնական տարվա սկիզբը հստակ օր չի ունեցել, Ժողկոմիսարների խորհրդի որոշումն ուղղակի սահմանում էր, որ 8-10 տարեկան բոլոր երեխաներն աշնանը պետք է դպրոց ընդունվեն:
Առաջին աշխարհամարտից հետո երիտասարդ սոցիալիստները 1932 թվականից ի վեր սեպտեմբերի 1-ին անցկացնում էին հակապատերազմյան և խաղաղասիրական դասեր: 1935 թվականից սեպտեմբերի 1-ը հռչակվում է նաև ուսումնական տարվա մեկնարկի օր:
Ըստ ընդունված ավանդույթի՝ դպրոցականները դասղեկներին և ուսուցիչներին ծաղիկներ են նվիրում, պետական պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ են հղում:
Ժամանակակից Ռուսաստանում դպրոցներից մեկը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ «Երեխաներ՝ ծաղիկների փոխարեն», որը հորդորում էր ծաղկեփնջերի փոխարեն հնարավորությունների չափով գումար տրամադրել ծանր հիվանդություններ ունեցող և ծնողազուրկ երեխաների համար: Բարեգործական այդ նախաձեռնությանը տարեցտարի ավելի շատ դպրոցներ են միանում:
2004 թվականին սեպտեմբերի 1-ին Բեսլանում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունից հետո այդ օրը համարվում է նաև զոհերի հիշատակի օր:
Ծագող արևի երկրում՝ Ճապոնիայում, ուսումնական տարին սկսվում է ապրիլին, երբ ծաղկում է երկրի խորհրդանիշ ծառը՝ սակուրան: Համարվում է, որ գարունը նոր կյանքի սկիզբ է, և սովորելու ամենաճիշտ ժամանակն է:
Իսրայելում ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 1-ին: Տոնական մասը տեղի է ունենում նույն օրը՝ երկրորդ դասաժամին, երբ երեխաներն իրենց երազանքներն են գրում փուչիկների վրա և օդ բաց թողնում:
Կանադայում դասերը սկսվում են սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը՝ Աշխատանքի օրը («Labor Daу») նշելուց հետո, իսկ ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգ ինքն է սահմանում դասերի մեկնարկի սկիզբը: Դասերի առաջին օրվանից մի քանի շաբաթ անց ծնողները կազմակերպում են երեկույթ, որին գալիս են ընտանիքներով և լավ ժամանակ անցկացնում:
Մեր հարևան Վրաստանում վերջին տարիներին նկատելի են կրթական ոլորտի փոփոխությունները: Նախ՝ դասերը մեկնարկում են սեպտեմբերի կեսից, բացի դրանից՝ վրաստանյան դպրոցականները ստանում են ֆինանսական կրթություն, իսկ գնահատականներ չկան մինչև 5-րդ դասարանը:
Սեպտեմբերի կեսին է նաև մեկնարկում ուսումնական տարին Ադրբեջանում:
Թուրքիայում ևս ակտիվ փուլում են կրթական փոփոխությունները, և այս ուսումնական տարի դասերը սկսվելու են սեպտեմբերի 9-ին:
Հայաստանի հարավային հարևան Իրանում դասերը մեկնարկում են սեպտեմբերի 23-ին, իսկ գնահատման համակարգը նման է մեր համալսարանականին՝ 20 բալանոց:
Եվրոպական երկրներից գեղեցիկ ավանդույթով աչքի է ընկնում Գերմանիան. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սկսվող դասերին ընդառաջ առաջինդասարանցիները ծնողների հետ պատրաստում են «Schultüte»՝ կոնաձև պայուսակ: 19-րդ դարի սկզբից եկող այս ավանդույթը սիրելի է ինչպես դպրոցականներին, այնպես էլ նրանց ծնողներին: Կոնաձև պայուսակը հնում լցվում էր քաղցրավենիքով, իսկ այժմ, հանուն առողջության, այն լի է գրենական պարագաներով, գրքերով:
Նմանատիպ կոնաձև պայուսակ են ունենում նաև Ավստրիայի դպրոցականները:
Նիդերլանդներում, երբ լրանում է երեխայի 4 տարեկանը, հենց հաջորդ օրը նա գնում է դպրոց՝ էքսկուրսիայի: Եթե ծննդյան օրը համընկնում է արձակուրդի հետ, էքսկուրսիայից հետո երեխան վերադառնում է տուն և սկսում ուսումնառությունն արձակուրդից հետո:
Սկանդինավյան երկրներում դասերը սկսվում են օգոստոսին՝ Շվեդիայում օգոստոսի 3-րդ շաբաթից, Ֆինլանդիայում՝ օգոստոսի կեսից:
Ընդհանուր առմամբ՝ բուն սեպտեմբերի 1-ը պահպանվել է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ հետխորհրդային երկրներում: Աշխարհի այլ երկրներում ուսումնական տարվա մեկնարկը սահմանվում է օրենսդրությամբ՝ կախված ինչպես դասաժամերի քանակից, այնպես էլ բնակլիմայական պայմաններից:
Մարի Ռաֆյան