- Գլխավոր
- Նորություններ
- ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՓՈՐՁ. ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Հունիս 22, 2018 | 17:16
Գիտություն
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՓՈՐՁ. ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը, որի հիմնական նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություները մասնագիտական վերլուծությունների շնորհիվ ակադեմիական դաշտ բերել, ինչպես նաև փորձել գիտական լեզվով բացատրել այն հանրային իրողությունները, որոնք ունենք հիմա:
Գիտաժողովը կազմակերպվել է երեք համալսարանների՝ Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Բեյրութի հայկազյան, ինչպես նաև «Հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, «Բուն TV» առցանց ալիքի, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հետ համագործակցությամբ և «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամի աջակցությամբ։
Գիտաժողովին հրավիրվել են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի մասնագետներ՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու նաև միջազգային փորձը:
ԵՊՀ դոցենտ, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Աշոտ Ոսկանյանը գիտաժողովին բացման խոսքով ողջունեց ներկաներին՝ ուրախությամբ հայտելով, որ «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» խորագիրը կրող գիտաժողովում ելույթ ունեցողները մեծամասամբ հայեր են, քանի որ Հայաստանում տեղի ունեցած իրողությունները պետք է քննարկել այն մարդկանց հետ, ովքեր այդ ամենին ականատես են եղել:
«Վերջերս շատ էին անդրադառնում Հայաստանին,- ասաց Աշոտ Ոսկանյանը,- բայց կար մի ներքին անհանգստություն, որ այն ինչ պաշտոնապես ներկայացվում էր, միշտ չէր, որ արտացոլում էր այն, ինչ իրականում կար: Երկրում հիմնականում ծավալվում էր երկու տեսակի դիսկուրս՝ ազգային և արևմտյան: Կարծես՝ իրականությունը հոսում էր մատների արանքից: Եվ մենք մտածեցինք՝ արդյոք հնարավոր է մի այնպիսի հանդիպում կազմակերպել, որը բացարձակապես գիտական մակարդակով կներկայացնի Հայաստանն այնպես, ինչպես այն կա»,- հավելեց Ա. Ոսկանյանը:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ով անդրադարձավ ինչպես Հայաստանում տեղի ունեցած ներկա իրադարձություներին, այնպես էլ նախկինում վերլուծական դաշտում թույլ տրված սխալներին: «Իմ կարծիքով՝ մեր անցած երեսուն տարիների ընթացքում մեր իրականությունն ունեցել է երկու հիմնական թերություններ, որոնք զգալի խոչընդոտել են մեր առաջընթացին: Առաջինն այն է, որ մենք մեր ներքին խնդիրների լուծման հետաձգումը պայմանավորել ենք արտաքին խնդիրների առկայությամբ: Երկրորդ դիտարկումը, որը նույնպես զգալիորեն խոչընդոտել է երկրի ու հասարակության զարգացմանը, այն երևույթն է, որ հասարակական, քաղաքական, սոցիալական, մի խոսքով, հասարակագիտական վերլուծություններում գերիշխել են սև ու սպիտակ գույները, լավը կամ վատը: Սրանցից զատ՝ այլ բնորոշում դժվար է գտնել: Մինչդեռ այս և մյուս բոլոր խնդիրների լուծման համար կարևոր է կատարել բալանսավորված անդրադարձ, որտեղ լավի կողքին կլինի վատը, իսկ թերության կողքին կնշվի նաև առավելությունը:
Իր խոսքի վերջում Գեղամ Գևորգյանն առաջարկեց մասնակիցներին կես կատակ և կես լուրջ կանխատեսումների ծրար գրել «Հայաստան. 2020» վերնագրով: Մասնակիցները նշեցին, որ դա բավականին բարդ առաջադրանք է, որովհետև ընդամենն ամիսներ առաջ ոչ ոք, անգամ ամենահամարձակ երևակայություն ունեցող մարդը չէր կարող Հայաստանում իրադարձությունների նմանատիպ ընթացք կանխատեսել:
Հետաքրքրական է նաև այն, որ երբ գիտաժողովի կազմակերպման աշխատանքներն են սկսվել, Հայաստանում բոլորովին այլ քաղաքական միջավայր է եղել, և գիտաժողովի նպատակն է եղել ակադեմիական միջավայրում սահմանել Հայաստանի քաղաքական ներկան, իսկ հիմա արդեն առաջադրանքը փոխվել է: Գիտաժողովի կարևոր նպատակներից մեկը փողոցում ձևավորված քաղաքական պայքարն ակադեմիական դաշտ բերելն ու քննարկումներ հարթակ ձևավորելն է : Այս խնդրի կարևորության մասին խոսեց նաև «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, ով մտահոգիչ համարեց այն փաստը, որ հեղափոխությունից հետո է, երբ պետք է սկսվեին քաղաքական բանավեճերի ծավալումը, ստեղծված իրավիճակի հեռուստատեսային և հասարակական քննարկումները, մինչդեռ նշվածներից ոչ մեկը տեղի չի ունենում, փոխարենը մարդիկ սպասում են ԱԱԾ-ի հերթական բացահայտմանը:
«Ապագայի մասին կանխատեսումները այնքան էլ անիրական կամ անհավատալի չեն լինի, եթե մենք կարողանանք հասկանալ ու վերլուծել մեր ներկան: Պետք է հասկանալ՝ ինչպիսի հասարակությունում ենք մենք ուզում ապրել, ինչ ենք մենք կառուցում և որն է ապագայի մեր տեսլականը»,- իր խոսքում ասաց Ստեփան Դանիելյանը:
Այսօր և վաղը գիտաժողովի մասնակիցները զեկույցներ և քննարկումներ են ունենալու հայաստանյան հասարակության տնտեսական, քաղաքական և հանրային իրողությունների մասին՝ փորձելով դրանց զարգացման համար հնարավոր մոդելներ մշակել:
Անի Պողոսյան